Մաս 16 (վերջին)
«Նամակ Ալեքսանդրային
Նամակս սկսում եմ ներման մեծ ակնկալիքով: Ապաշխարում եմ իմ լռության, սիրո չասված հավաստիացումների համար, հավատ դարձած զգացումիս խոստովանանքով: Ծնկաչոք ներում եմ աղերսում հոգուդ ցավ, աչքերիդ արցունք դառնալու մեղավորության համար: Աղոթում եմ, որ դու մեծահոգի գտնվես իմ ուշացած նամակների համար:
Այս դադարը լռեցրել էր սիրտս, ինձ անհրաժեշտ էր հասկանալ, որ քեզ իմ կյանք ուղարկելով, Աստված օրհնել է ինձ ընդմիշտ և հավիտյան: Երջանիկ եմ ու շնորհակալ քո անձնազոհ սիրո համար, իսկ ես նույնիսկ եթե ինձ զոհեմ քո սիրո առաջ, դարձյալ քիչ է: Այս բովանդակ աշխարհում ես ինչո°վ եմ արժանի դարձել քեզ, ի°նչ եմ կորցրել, որ փոխարենը քեզ եմ գտել: Ընդունիր այս նամակը որպես իմ սխալների ընդունման և ուղղման ապացույց: Դու կներես ինձ, որովհետև հրեշտակները ատել չեն սովորել, իսկ դու ամենաքնքնուշ հրեշտակն ես, որ ես երբևիցե հանդիպել եմ երկրի վրա ու կհանդիպեմ երկնքում մի օր:
Պետք է արագ առողջանաս, որ միասին լինենք'ես, դու ու մեր փոքրիկը: Ես արդեն սիրում եմ նրան ու սպասում. այս աշխարհում ես նրան կպարուրեմ անվախճան տաքուկ սիրով: Ներիր, որ գեթ մի վայրկյան ստիպված ես եղել կասկածել իմ սիրո գոյությանը, տխրել ես, տառապել ու օրեր սպասել իմ խղճուկ տողերին, որոնք ունակ էին քեզ ապրեցնելու: Ներիր քո դատարկ առավոտների համար: Ես այնպես թշվառ եմ, անզոր քո անսահման նվիրվածության դիմաց:
Աստված դատապարտել է իմ ողորմելի գոյությունը' քո անբիծ էության հետ միաձուլված գոյատևելու:
Չես հավատա, բայց հիմա ես քո սենյակում եմ, քո գրասեղանի առաջ, զգում եմ քեզ այս սենյակի ամեն անկյունից, օդի ամենաանտեսանելի տարրում: Առանց քեզ այս տունը գերեզմանոցի է նման: Վախենում եմ քո բացակայության անվերջությունից: Քեզ փնտրում եմ ամենուր' սենյակներում, խոհանոցում, ուր վերջին անգամ, տնից հեռանալուց առաջ քո սիրելի բաժակով սուրճ էիր պատրաստել և հասցրել կեսն ըմպել: Հիմա քո առաջ և Աստծուն խոստանում եմ մինչև մահ սիրել, պաշտել, փայփայել քեզ: Անհամբեր սպասում եմ քո վերադարձին, իսկ մինչ այդ քո միայնությունը կսփոփեն իմ սիրով լի տասնյակ նամակները, որոնք դու կստանաս այսուհետ ամեն օր: Դրանք քեզ կհիշեցնեն, որ դու կաս ու ամենաթանկ էակն ես, որ լցնում է իմ կյանքը: Իմ սրտի կանոնավոր ու անկանոն զարկն ես, իմ հպարտությունն ու վեհությունը: Ամեն գիշեր իմ աղոթքներում խնդրում եմ, որ կյանքիս բոլոր արևածագերին ու մայրամուտներին միայն քո շունչը ջերմացնի ցուրտ հոգիս: Անգամ ժամանակը ի զորու չէ կտրել ինձ ու քեզ կապող սիրո թելերը: Ապրիր հավերժ, քանզի քեզնից հեռու ու առանց քեզ ոչինչը ավելի բովանդակ է, քան ես…»:
Հարթֆորդ, Փարք սթրիթ
-Հայրիկ, քամին ի°նչ է:
-Իմ փոքրիկ գժուկ, նա քեզ պես գժուկ է:
-Նա հիմա տեսնու°մ է մեզ:
-Այո:
-Հիմա տեսնում է'ինչպես այս ծաղիկը պոկեցի, որ մայրիկի°ն նվիրեմ:
-Տեսնում է, իհարկե:
-Հայրիկ, սա ի°նչ ծաղիկ է:
-Շուշան:
-Մայրիկը սիրում է շուշան, չէ°:
-Մայրիկը քեզ է սիրում:
-Հյուբի, Հյուբի, ուտելու ժամն է,- Ալեքսանդրան կամացուկ մոտեցավ ու գրկեց երեխային:
Երեկոն ցրտում էր: Հյուբին մենակ մնաց: Վերնաշապիկի օձիքը բարձրացրեց. քամին ներս խուժելու փորձ էր անում: Վերջին շրջանում միակ րոպեներն էին սրանք, որ ուզեց կտրվել ստից ու երազից: Զգում էր միայն ինքն իրեն: Շուտով դա էլ կկորցնի: Ի վերջո, կա երջանիկ հնարավորություն ամեն ինչ շտկելու, բայց այն կյանքում երկրորդ անգամ չի տրվում: Ու կան մարդիկ, որ երկրորդ անգամ չեն վերադառնում:
«Արդեն գիշեր է, փոքրիկ Հյուբիի քնելու ժամն է, իսկ ես դեռ պետք է հասցնեմ առավոտյան ստացած նամակին պատասխանել' շարադրելով սիրով լցված նոր տողեր…»:
ԼԻԼԻ ՅԱՆ