Մաս 11

«Քո երեխան է, հարազատս, քո երեխան է նա, ով կլցնի իմ ու քո հեռավորությունը: Ճշմարտությունը կոծկել չեմ կարող, հետո ավելի դժվար կլինի, բայց քեզնից ինչպե°ս խլեմ քո իրավունքը երազանքդ իրականացնելու: Ներիր ինձ, որ այս լուրը քեզ նամակով պետք է հասնի, քեզ տեսնել չեմ կարողանա, բայց իրավիճակը ինձ համար դարձել է դժոխային: Ես Հյուբիին չեմ ուզում զրկել իր թվացյալ երջանկությունից: Ես այնքան փոքր եմ նրա էության առաջ, այնքան չնչին, իսկ երբ մեր ապագան եմ պատկերացնում, նախընտրում եմ մեռնել: Ճշմարտությունը նրանից կգողանա ներկան ու սպասելիքները կյանքից: Բայց ես քոնն եմ ու այդպիսին եմ զգացել ինձ միշտ: Նախքան քեզ հանդիպելն ու հետո էլ ես հավատացել եմ քո ներկայությանը: Հիմա, քեզնից հեռու ես ի°նչ որոշում կայացնեմ, հրաժարվե°մ իմ Մարիետտից, թե° սպասումի օրերս լցնեմ հառաչանքներով: Արի, խնդրում եմ, որովհետև իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից: Օգնիր ինձ, առանց քեզ ես կմեռնեմ: Այսօր դու արդեն պատասխանատու ես ոչ միայն իմ սիրո առաջ: Մենք երեքն ենք, մենք միասին ենք լինելու: Դու պետք է ինձ սովորականից ավելի հաճախ գրես: Դա անհրաժեշտ է ինձ»:

Հարթֆորդ, 27 փետրվարի

«Զարմանում եմ' ինչպես չմեռա քո կարոտից, որ երկար ձգվում է դարի պես: Գարունը ինձ համար հույսի դուռ է բացել: Կարծես ամեն ինչ ամբողջական ու կատարյալ պետք է լինի: Բայց ես էլի նույն օղակում եմ. խեղդում են ինձ իմ աներազանք օրերը: Հիշում եմ առաջին տողը, որ գրեցի քո մասին: Այն օրը գիտեի, որ ոչ ոք ինձնից բացի չի կարդա: Բայց ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ հասկացա, որ քեզ իմ կյանքում ունենալու միակ միջոցը այս նամակներն են, որ ինձ հասցնում են քեզ ու քեզնից ինձ են ուղարկում մի չնչին մասնիկ: Հոգուս ամեն մի մասնիկը լցված է քեզանով, մտքիս ու սրտիս ամեն անկյունը դաջված է քո սիրով: Իսկ այդ ամենին ի պատասխան ես ստանում եմ քո մի քանի խղճուկ տողերը, որ ամեն անգամ մի-մի կաթիլ են ավելացնում համբերությանս: Ես չեմ տրտնջա, որովհետև սերը չի սպասում հատուցում, չի ընկրկում: Այն տալիս է, որ հետո նորից ու նորից լցվի: Երկար ժամանակ է, ինչ ես երեք մոմ եմ վառում. աղոթքիս մեջ էլ կաս դու: Աստված քեզ թող շատ սիրի, այդ սերը ես էլ եմ զգում հեռվից: Իրականում մեզ բաժանում են ժամեր, որոնք մղձավանջի են նմանվում: Ես պետք է հասցնեմ ամեն ինչ ասել քեզ, որ հետո չզղջամ, ոչ մի խոսք չփակվի իմ ներսում: Դու պարտավոր ես ներել ինձ այսչափ սիրուս համար. սա միակ պարտականությունն է, որ դու կարող ես ունենալ իմ հանդեպ: Դու ամեն ինչ կարող էիր փոխել իմ կյանքում, եթե գայիր զբաղեցնելու այն տեղը, որ իրավամբ քոնն է ու միշտ քոնն է եղել: Ինչու° եմ այսքան հոռետես դարձել, ձմեռն անցավ: Իսկ իմ եղանակը դու ես: Խաղաղ ապրիր, մեր մասին մի անհանգստացիր: Նա մեծանում է: Ուզում եմ քեզ նման լինի, քո աչուկներն ունենա: Քեզ կորցնելով 'նրան կգտնեմ, նա հավերժ կկապի ինձ քեզ հետ, մոռացնել կտա քո չգոյությունն ու սառնությունը: Մի խնդրիր ինձ, որ մոռանամ քեզ, ախր սիրտդ ինձ հետ ես թողել մեր վերջին հանդիպման ժամանակ: Այս նամակը ես ուղարկում եմ որպես հավելում մյուսների: Թվում է' այն ոչնչով չպիտի տարբերվի նախորդներից, բայց այսպես ես լրացնում եմ ինձ չուղարկվածների բացը: Արդեն մարում են իմ ուժերը…»

Հարթֆորդ, 2 մարտի

ԼԻԼԻ ՅԱՆ

Շարունակելի...