Մաս 3
Մեքենան աղմուկով արգելակեց երկհարկանի տան բակում: Հյոիբին ըմպում էր մատուցված տաք թեյը, որ սպասուհին թողել էր սեղանին: Մեքենայի արգելակների աղմուկի հետ մի անսպասելի դող սկսվեց Հյուբիի մարմնում:«Գալիս է»,- արագ անցավ մտքով: Կմտնի՞ հյուրասենյակ, թե՞ սովորության համաձայն անաղմուկ կբարձրանա իր սենյակ, որտեղ առանձնացած ապրում է արդեն վեց ամիս: Թեյի ումպը կարծես քարացել էր կոկորդում: Անհամբեր աչքերը հառած դռանը' սպասում էր: Շնչառությունը պահած' մտքում հաշվում էր սանդուղքներով բարձրացող քայլերը: Դռան առաջ քայլերի ձայնը մարեց: Բռնակն իջավ: Հյուբիի դեմքին թույլ ժպիտ խաղաց. Բաժակը շտապ դրեց սեղանին' մատների դողը չմատնելու համար: Ներս մտավ Ալեքսանդրան: Դեմքը հոգնած էր, տխուր, աչքերը' կարմրած: Երեք օրվա անհասկանալի բացակայությունը և կարոտով, և զարույթով էր լցրել ամուսնու սիրտը: Կինը մոտեցավ բազմոցին ու անվրդով նստեց ամուսնուց մի քանի քայլ հեռավորության վրա: Գիտեր'Հյուբին չէր էլ հանդիմանի: Այդպես լավ է ու խաղաղ, այդպես հարմար է երկուսի համար էլ:
- Ինչու°,-հնչած անսպասելի հարցը զարմանք հարուցեց երկուսի մեջ էլ:
Կինը զարմացավ ամուսնու մեջ կատարված էական փոփոխությունից, ամուսինը' իր իսկ համարձակությունից: Պատն այլևս քանդված էր, պետք էր շարունակել և որ ամենակարևորն է' ինչ-որ բան գուցե պարզվեր այսօր:
- Հարցնում եմ' ինչու° ես արհամարհում մեր միասին ապրած կյանքը, և այն կյանքը , որը դեռ կարող ենք ապրել:
-Ես Հարթֆորդում էի,- անհոգ պատասխանեց Ալեքսանդրան:
-Հիշու՞մ ես մեր ամուսնության առաջին տարին ձմեռային արձակուրդը անցկացրինք Շվեյցարիայում: Հիշու°մ ես ձյունապատ լեռները, սառցե օդը այդ լեռների: Իսկ հիշու°մ ես, որ գաղտնի բարձրացել էիր լեռը' այդ օդը շնչելու: Այնտեղ դու տարածել ես մի պահ ձեռքերդ' սառը օդը և ազատությունը գրկելու, այո°:
Ալեքսանդրան լուռ էր:
-Այդ լեռների պես սառն ու հեռու ես դու, և դա է իրականը:
-Հյուբի…
- Չէ', մի ընդհատիր, թող խոսեմ: Թող ասեմ,որ թեկուզ երազում երանի իմը լինեիր… Այսօր նորից գլխացավով արթնացա ու հասկացա հերթական անգամ, որ երեխայի կամ ծերուկի պարզամտություն կա իմ ներկայում: Օտարացած ես ինձնից ու ինձ հետ կապված ամեն ինչից:
- Իրավիճակն այնքան բարդ չէ, ինչպես քեզ թվում է, Հյուբի:
-Դու չես հավատում մեր ներկային, իսկ ես չեմ հավատում քո մեղքին…
Խաղաղ ու տաք երանգ կար Հյուբիի ձայնում: Ալեքսանդրան դրությունը մեղմելու փորձ արեց:
- Ի°նչն է տանջում քեզ, Հյուբ:
Հյուբին ժպտաց: Այս ամիսների ընթացքում առաջին անգամն էր լսում կնոջից Հյուբ անունը, որովհետև դա իր համար ջերմության ու մտերմության ելքն էր, որ կար իրենց ամուսնության առաջին տարին:
-Անիմաստ կլինի քեզնից բացատրություն պահանջել քո հոգեվիճակի փոփոխության վերաբերյալ, քո անիմաստ մեկնումները Հարթֆորդ, ժամերով ու օրերով այնտեղ փակվելը: Չեմ ուզում, հավատա, ոչինչ չեմ ուզում քեզնից ու քեզնից բացի: Քեզնից հետո էլ ոչինչ չկա, որովհետև դա է իմ ունեցածը:
-Հյուբի, գուցե պետք է վերանայե°նք մեր հարաբերությունները:
-Սերն ավարտվե°ց, թե° նոր հայտնաբերեցիր, որ այն չի էլ եղել: Դու երբեք իմը չես եղել: Մի ժամանակ Մարիետտն էր խլել քեզ, իսկ հիմա դու ինքդ ես խլել քեզ ինձանից:
Ալեքսանդրան շառագունեց բարկությունից ու հանկարծակի արթնացած ցավի հիշողություններից:
-Մարիետտին մի խառնիր այս ամենին, թույլ չեմ տա…
Չկարողացավ հեկեկոցը զսպել: Անզուսպ լացից ցնցվում էին ուսերը:
-Եթե միայն ես այդ օրը նրա կողքին լինեի…
Հյուբին մեղավորության զգացում ապրեց: Միշտ էլ Մարիետտի անունը հիշատակելը Ալեքսանդրայի համար հոգեկան ցնցում էր եղել: Նա երբեք չէր հաշտվի աղջկա կորստի հետ: Ի հավելումն այդ մեղքի զգացումի' իր և Հյուբիի կյանքը օր-օրի դատարկվում ու տաղտկանում էր: Երբ բարձրաձայն արտասանվում էր Մարիետտի անունը, ամեն ինչ վայրկենական կանգ էր առնում, ստեղծվում էր անտեսանելի պատնեշ'Ալեքսանդրային դարձնելով անհաղորդ աշխարհի և շրջապատի հանդեպ:
Հյուբին լուռ դուրս եկավ ճաշասենյակից'պայքարելով ինքն իր սրտի և մտքի դեմ: Ամենը աղոտ ու անիրական էր:
Լիլի Յան
Շարունակելի...