«Ավարտեք, խնդրում եմ»,-ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որդեկորույս հայր Գեղամ Նազարյանի ելույթին միջամտեց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։

Նազարյանը ներկայացնում էր իր հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծի չընդունվելու վերաբերյալ իր դիտարկումները՝ պնդելով, որ նախագծին բացասական եզրակացություն տալուց առաջ ոչ վարչապետը, ոչ փոխվարչապետերից որևէ մեկը, ոչ պաշտպանության նախարարի տեղակալները չեն կարդացել, մինչդեռ կառավարությունը պետք է շահագրգիռ լիներ նախագծի ընդունմամբ։

«Ավարտեցի»,-առանց ասելիքն ամփոփելու Սիմոնյանին պատասխանեց ընդդիմադիր գործիչն ու հեռացավ ամբիոնից։

44-օրյա պատերազմում որդուն կորցրած Նազարյանն առաջարկվում է սահմանել ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները: Նազարյանն առաջարկում է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության երաշխիքները և արտոնությունները, որոնք տրամադրվում են տարբեր օրենքներում առկա հոդվածներով, կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առանձին որոշումներով, մեկտեղել մեկ օրենքում։

«Ես աշխատել եմ լուրջ փորձագիտական խմբի հետ, «Զինապահ» հիմնադրամի հետ։ Այս օրենքի ընդունմամբ պետք է կառավարությունը շահագրգռված լիներ»,-ասաց նա։

Նախագծի հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց՝ կառավարությունն առանց կարդալ չէր կարող հիմնավորված կարծիք հայտնել։

«Եթե շահարկումների լեզվով խոսենք, կարող է, պարոն Նազարյան, կառավարության առարկություններն էլ Դուք չեք կարդացել։ Այտեղ ասվում է, որ տարիների ընթացքում ընդունված օրենքների, ենթաօրենսդրական ակտերի միջոցով ձեր բարձրացրած հարցերը ստացել են լուծումներ, եթե ապագայում հատվածային խնդիրներ լինեն, կյանքը կստիպի գնանք լուծումների»,-ասաց նա ու կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել դրան՝ հաշվի առնելով կառավարության ու իր ղեկավարած պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տված բացասական եզրակացությունները։