Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում միջպետական երկու ճանապարհի վրա կա երկու մեծ սուպերմարկետ՝ Գնթունիք ու Ծովագյուղ:

Երկու սուպերմարկետների մոտ էլ երթեւեկությունը մեղմ ասած խայտառակ վիճակում է:

Կրկնեմ, խոսքը միջպետական երկու ճանապարհի մասին է:

Հիմա, այդ հարցերը ունե՞ն կարգավորման կարիք: Իմ համեստ խելքով կարծում եմ, որ ունեն: Դրա կարգավորման համար Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա եւ մտնի ՆԱՏՕ՞, թե՞ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գա ու մտնի ԵՄ:

Իմ համեստ խելքով կարծում եմ, որ երկու միջպետական ճաապարհների վրա տարիներ շարունակ գոյություն ունեցող այդ երթեւեկության վակխանալիան կարգավորելու հարցում Հայաստանից աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն, Ուկրաինայում Ռուսաստանի պարտություն կամ հաղթանակ, Իրան-ԱՄՆ հարաբերության կարգավորում չէ, որ պահանջվում է:

Պահանջվում է ընդամենը կամք եւ իմացություն, այն պետական կառավարման եւ համայնքային կառույցներից, այսպես ասած ինստիտուտներից, որոնք պատասխանատու են հարցը լուծելու համար:

Այլ կերպ ասած, պահանջվում է այն, ինչով օրինակ նույն Արեւմուտքը դարձել է Արեւմուտք ու միջազգային առաջատար բեվեռ՝ պրոֆեսիոնալիզմ, հարցեր լուծելու գիտակցում, կոմպետենտություն, հետեւողականություն:

Ընդ որում, արեւմտյան առաջատար բեվեռն է այդ հատկանիշների արդյունք, այլ ոչ թե այդ հատկանիշներն են դառնում Արեւմուտքի արդյունք»: