Մաս 14
«Այս գիշերը, որ նորից ու միշտ հեռացնում է քեզ, այս պատերը, որ քո կարոտից ուժեղ խեղդում են ինձ: Սպառնում է ժամանակը, քիչ է մնացել, ինձնից կենդանի ոչինչ չի մնացել: Չգիտեմ' որտեղ եմ, բայց չեմ զգում ինձ, միտքս, սիրտս: Ինչու° եմ փակված, որտե°ղ եմ, ինչու° են ինձ շրջապատում սպիտակ մարդիկ: Ասում են' պետք է դեղերս խմեմ, որ առողջանամ: Նրանք չեն հասկանում, որ միայն դու կարող ես ինձ կյանք վերադարձնել: Երեկ գիշեր, երբ նայում էի սև երկնքին, տեսա' ինչպես է մահը մահանում վերևում, ուզում էի ես էլ միանալ նրան ( հոգնել եմ արդեն ), բայց հետո հիշեցի, որ այստեղ' ներքևում, ես քեզ եմ թողել: (Ներիր իմ դավաճանված մտքերի համար): Այս պատերի մեջ ցուրտ է, լուռ, ինձ երբեմն մոռանում են: Ես վախենում եմ, երբ լռում են ոտնաձայները, ու սկսում է հնչել լռության սարսափազդու սիմֆոնիան: Մի քիչ էլ համբերիր, շուտով դուրս կգամ այստեղից ու երեքով կապրենք Հարթֆորդի մեր տանը: Ես ամեն օր խոսում եմ քեզ հետ երազում…»:
Հարթֆորդ,21 մարտի
Հրդեհը բաց երախով լափում էր փայտե միհարկանի շինությունը: Ամբողջը այստեղ, որ իր ձեռքերով էր սարքել, հեռու ու հարազատ հիշողությունները, որ այստեղ էր վերհիշել ու
ապրել, հիմա հոգաչափ ցավ էր զգում, որ ստիպված պիտի լինի սեփական խիղճը տրորելով' ոչնչացնել այդ ամենը, չէ° որ դա նշանակում է ուրանալ անցյալը, մոռանալ, որ մի ժամանակ ինքը ամենաանհոգ մարդն է եղել աշխարհում: Շատ քիչ բան էր նրան ետ պահում կրակի մեջ նետվելու ու այրվելու մտքից: Ի°նչ արժեցավ այս արվեստանոցը իր համար, որտեղ երբեմն աշխատում էր, միայն տառապանք, իսկ հիմա այն հավասար է ինքնաոչնչացման:
Կրակի ամեն տարածվող ալիքի հետ այրվում էին մանկության հուշերը; «Ես քեզ մատնել եմ կորստյան ու այդ մեղքը ամենածանր մետաղից էլ ծանր է: Ես պատրաստ եմ հրաժարվել ինքս ինձնից քեզ վերադարձնելու դիմաց: Թույլ չեմ տա կուրանա լույսը քո սրտի: Ես կփրկեմ քեզ քո իսկ ստեղծած տառապանքից»:
Մոխրի միջից նայում էին կավե սևացած ֆիգուրները: Փորձելով ծխի սև ամպի մեջ նշմարել հեռու երկինքը' նա հասկանում էր, որ իր կեսն այլևս չկա:
***
«Ես խելագար չեմ, զգում եմ վտանգ բոլոր կողմերից, ու չկաս դու: Ինձ ամեն օր ներարկումներ են անում, արգելում են նամակ գրել քեզ, բայց ես չեմ ուզում հանձնվել: Տար ինձ այստեղից, աղաչում եմ… Այսօր գիշեր կամ երեկ (չեմ հիշում օրերի հերթականությունը) երազում միասին էինք: Կանաչ, ընդարձակ դաշտերում էինք, ու ոչ-ոք մեզ չէր խանգարում: Դու բռնել էիր ձեռքս ու լռության մեջ պատմում էիր քո սիրո մասին: Այնքան անուշ էր հնչում քո ձայնը, այնպես մոտ էիր դու: Մենք երկար կանգնեցինք կանաչ բարձունքին, որ դիտենք բացվող օրը, հետո քամին գրկեց մեզ ու սավառնեցիք վերև:
Արթնացա. ես չեմ գժվել, դու կաս, դու իրողություն ես, ամենահրաշալին, որ երբևէ պատահել է իմ կյանքում: Շուտով իմ կողքին կլինեն հրեշտակները, նրանք ինձ կպաշտպանեն նախքան քո գալը: Բայց ինչու° չես պատասխանում նամակներիս: Մի°թե դրանք քեզ չեն հասնում: Այստեղ մի բարի կին կա: Նա ամեն օր քեզ է հասցնում իմ նամակները, բայց դատարկ է վերադառնում: Օգնիր ինձ, Տեր, ազատիր այս կապանքներից, ներիր, որ երբևէ մեղանչել եմ քո սիրո առաջ զայրույթի պահին: Ինչու° տարար իմ Մարիետտին: Օտար եմ ես, մենակ, լքված… փրկիր, ազատիր…»:
ԼԻԼԻ ՅԱՆ
Շարունակելի...