Մաս 2
Տաք բուխարու արձակած ջերմությունը թեթև նիրհի մեջ էր ընկողմել Հյուբիին: Այդպես էր եղել միշտ, Հյուբին ինքն իրեն հիշում էր հաստ գլանակով ու դատարկ երեկոներով:
Կյանքը այլ կերպ այլևս չէր պատկերացնում: Բայց չէր ընկրկում, բողոքում, նա հաշտվել էր այն մտքի հետ, որ վերջին վեց ամիսներից սկսած այսուհետ այսպես էր լինելու: Ալեքսանդրան իրենն էր , բայց հեռու, օտարացած: Ինքը մենակության ու վշտի է մատնված: Հյուբին զգում էր , որ Ալեքսանդրան խորշում է իրենից, որքան էլ ինքը հանդիպում էր փնտրում:Տարիներ առաջ, երբ իրենք նորապսակներ էին, Հյուբիին թվում էր, որ իր երջանկությունը հարատև է լինելու,որ այն շարունակվելու է մինչև խոր ծերություն: Գեղանի կնոջը նայելիս Հյուբին արդեն պատկերացնում էր իր մեծ ընտանիքը:
Ժամանակի հետ ամեն ինչ հանկարծակի փոխվեց: Կինը երեխա ունենալու ոչ մի ակնարկ չէր անում:Այնինչ Հյուբիի երջանկությունը միայն այդ դեպքում կատարյալ կլիներ: Նրա տառապանքը օրեցօր խորանում էր: Չկար բախում իրենց միջև, միայն լուռ պայքար էր, որ ձգվում էր արդեն երեք երկար տարիներ: Ալեքսանդրան ժամերով փակվում էր սենյակում: Հաճախակի էին դարձել նրա գաղտնի մեկնումները Հարթֆորդի կալվածք: Հյուբին ուզում էր հուսալ, որ կինը ցանկանում է Հարթֆորդ տեղափոխվել, ուր միասին նոր կյանք կսկսեն, իսկ բարենպաստ պայմաններն ու մաքուր օդը լավ կանդրադառնան կնոջ որոշումների ու մտքերի վրա:
Լուռ խորհրդածություններով տարված' Հյուբին չէր նկատել, որ գլանակը վերջացել է և միայն մատներն այրող տաքությունից սթափվեց: Մոտենալով պատուհանին' նայեց տնամերձ այգու խորքը, նստարանին , ուր սովորաբար օրվա մեծ մասը նստում էր Ալեքսանդրան: Դատարկ էր: Այսպես գոնե Հյուբին կարողանում էր թեկուզ հեռվից նայել կնոջը, մեկ հիանալ, մեկ զարմանալ. ինչու° ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Հիասթափությունը կտրատեց սիրտը. կինը իրոք լքել էր իրեն:
***
«Քեզ մոռանալ չկարողանալը միակ բանն է այս կյանքում, որից ունակ են խուսափելու թերևս միայն խելագարները: Ես ասում եմ , որ սիրում եմ քեզ, ու գուցե դա փրկի ինձ իմ ներկայի տանջանքից: Այնպես շատ եմ ընկնում ես սեփական լացից ու երազից: Երազից մեռնում են, այսօր ես գիտեմ այդ մասին: Սպանում ես ինձ քո լռությամբ: Մեղք է դառնում իմ սերը: Ես մենակ եմ: Երբ կարդամ այս տողերը հետո, նախքան քեզ ուղարկելը, իմաստ չեմ գտնի: Գիտեմ' իմ սերը ինձ կամ քեզ կկործանի: Եթե հիմա կողքիս լինեիր, ես կգրկեի ու այնպես կփարվեի կրծքիդ, որ հալչեիր իմ ջերմությունից ու իմ շարունակությունը դառնայիր: Ես կսիրեի քեզ զգույշ, վախով, ու դու չէիր գնա: Կլիներ ժպիտ, ափեափ երջանկություն, ու կլինեինք ես քեզ համար, դու'ինձ:
Ներիր նամակիդ ուշացումով պատասխանելու համար»:
Հարթֆորդ, 12 նոյեմբերի

Լիլի Յան

Շարունակելի...