Մաս 10

«Ես անցկացրի իմ կյանքի ամենաերկար գիշերը, ինչի համար քեզ չեմ մեղադրի: Դու այնքան անփույթ գտնվեցիր, որ թույլ տվեցիր' Հյուբին գտնի քո ուղարկած նամակը: Ինչպե°ս կարող էիր այսպես շրջել իմ ողջ աշխարհը, որի կառուցողն ու քանդողն ես դու: Ես ինչպե°ս պատմեմ Հյուբիին քո գոյության մասին, ինչպե°ս թաքցնեմ քեզ նրանից: Այսպե°ս ես փոխհատույց լինում իմ նվիրվածության ու սիրո համար: Ուզում ես վերջնականորեն սպանել ինձ, գիտեմ: Երեկ ուզում էի տեսնել քեզ, չկայիր: Խուսափում ես ինձանից: Խնդրում եմ, մի տանջիր ինձ քո

լռությամբ: Պետք է լուծում տալ այս խնդրին: Ես այլևս չեմ կարող ներել քեզ քո բացակայությունը: Միայն մի անգամ ներեցի, որովհետև գիտեի, որ վաղն ևեթ գալու ես:

Ես կշարունակեմ գրել քեզ: Այլևս խենթություն չանես, ես կփորձեմ հարթել տանը ստեղծված իրավիճակը»:

Հարթֆորդ, 14 փետրվարի

***

-Ուզու°մ ես խոսենք:

Ալեքսանդրան լուռ էր:

-Քեզնից պահանջվող հարգանքը իմ հանդեպ գրեթե անարժեք է դարձել: Ինձ ու քեզ կապող տարրական բացատրությունը բացակայում է գրեթե: Դու նույնիսկ քեզ պարտավորված չես զգում իրավիճակը վերլուծելու: Թերևս ինքս կփորձեմ հասկանալ դրությունը:

-Կյանքում ամեն միտք չէ, որ հնարավոր է արտահայտել առանց մեկին վնասելու:

-Գիտե°ս, քո լռությունն ու անտարբերությունը ինձ վախեցնում է: Ես հարգում եմ ոչինչ չբացատրելու քո որոշումը: Անիմաստ նամակի հետ կապված քո պոռթկումը ինձ ավելին ասաց, քան դու կարող էիր բացատրել:

-Հերիք է անիմաստ դատողություններ անես:

-Քեզ կասկածելու փորձ չեմ անի, այլապես պետք է ատեմ, իսկ ես չեմ կարող ատել քեզ մի պարզ պատճառով, որ սիրում եմ:

-Մի տանջիր ինձ, Հյուբի, մի ասա այն, ինչ ես չեմ ուզում լսել: Ազատիր ինձ քո հավերժ կապվածությունից: Չե°ս հասկանում, ես չեմ ուզում ցավ պատճառել քեզ: Դու արժանի չես դրան:

- Իմացիր, որ ոչինչ չի փոխի այսուհետ իմ ու քո կյանքը: Բավ է և այն, ինչ մենք ունենք այսօր:

- Իսկ ո°րն է մեր ունեցածը:

-Կաթկթող տանիքը մեր հարաբերությունների, որ վաղ թե ուշ ենթակա է փլուզման: Ես պատրաստ եմ լսել այն, ինչը քո կարծիքով վնասում է մեկին: Այդ մեկը ես եմ, գիտեմ: Վնասվելուց չեմ վախենում, դու վաղուց արդեն սպանել ես ինձ:

Հյուբին հետևից փակեց ննջասենյակի դուռը: Կյանքում առաջին անգամ զգում էր սեփական նվաստացած սրտի ցավը, թվում է' անխնա տրորել են իրեն: Ալեքսանդրան ոչ հերքում, ոչ հաստատում է իր կասկածները: Բայց հաստատ է այն, որ կոտրված ոչ մի բան այս կյանքում չի կպչում այնպես, ինչպես եղել է բնական վիճակում: Չէր ուզում հավատալ, որ բախվել է սովորական մի դավաճանության կամ չգիտեր' ինչպես են դրսևորում իրենց դավաճանված տղամարդիկ: Չպետք է թույլ տալ, որ կասկածի, խանդի որդերը խժռեն բանականությունը, միտքը դարձնեն հիվանդ, թունավորված:« Չեմ ուզում ու չեմ կարող դիպչել քո կերպարին, Ալեքսանդրա: Խաղաղություն, ներդաշնակություն, սրանք են կարևոր ամուսնության մեջ: Եվ սերը, որի մասին միտքը իմ գլխում ականի պայթյունի հետք է թողնում: Ներիր ինձ, որ չեղա այն, ինչ դու գուցե փնտրում ես սպասված տողերում այն նամակի»:

Դժվարությամբ Հյուբին համաձայնեց ընդունել Ալեքսանդրայի' Հարթֆորդ տեղափոխվելու առաջարկը: Թվում է' պետք է ուրախ լիներ կնոջ անսպասելի որոշման համար: Հարթֆորդը

միշտ էլ փրկություն էր թվացել իրեն: Սակայն այս անգամ նա դժկամությամբ տեղի տվեց կնոջ խնդրանք հիշեցնող առաջարկին: Գուցե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, եթե հենց սկզբից ինքը հետևողական լիներ կնոջ գործողություններին: Հարթֆորդում գտնվելու օրերին և ոչ մի անգամ Հյուբին չխոսեց նամակի առիթով իրենց ընդհարման մասին: Շաբաթներ անց Ալեքսանդրայի ինքնազգացողությունը անսպասելի վատացավ: Գունատ, դալուկ դեմքը տանջում էր Հյուբիին: Գուցե կինը հիվանդ է, ինչ-որ ուժ ներսից քայքայում էր նրան: Բժշկին լսելուց հետո կանգ առավ Հյուբիի մտքի աշխատանքը: Րոպեներ գամված մնալով աթոռին' նա չհասցրեց գլխի ընկնել' ինչպես սիրտը սկսեց աշխատել խելագար արագությամբ: Սրտի պատերն ասես կծկվելով դարձան ափաչափ:

Դողացող ձեռքերով նա խաչակնքեց.աղոթքը միախառնվել էր լացին ու ծիծաղին: Ի°նչը կարող է մարդուն հանկարծակի կտրել գետնից ու երկինք հասցնել, եթե ոչ ցանկալի լուրը, որ գալիս է մաքրելու անցյալի դառը հետքերը: Այնքան լույս ու կյանք է տեսնում հիմա վաղվա մեջ: Չէր էլ հիշում' ինչպես հայտնվեց ննջասենյակում: Ծնկի գալով կնոջ անկողնու առաջ'ձեռքերն առավ ափերի մեջ ու կարոտով համբուրեց: Ցավով զգաց, որ եթե այս առիթն էլ չլիներ, երևի երբեք էլ հնարավորություն չունենար այդքան մոտ լինելու կնոջը: Ալեքսանդրան չընդդիմացավ:

-Շնորհակալ եմ ինձ երջանկություն պարգևելու համար: Շնորհակալ եմ քո գոյության համար: Դու փրկեցիր ինձ, փրկեցիր մեզ:

Ալեքսանդրան անգիտակից էր իրեն շրջապատող իրականության հանդեպ: Նորից մայր, նոր մի Մարիետտ կլինի իր կյանքում, նորից կխլեն իրենից իր կյանքը… Չէր ուզում, այլևս չէր ուզում մեռնել ու վերածնվել:

ԼԻԼԻ ՅԱՆ

Շարունակելի...