Մաս 9

«Այն երջանկությունը, որ ես գտել եմ քո մեջ, այսօր քեզ եմ վերադարձնում: Այսօր այն օրն է, երբ գիշերը գրկում է ցերեկը, երբ ամեն ինչ դառնում է խիստ ճակատագրական ու անուղղելի: Հիմար ռոմանտիկի պես այսօր ասում եմ քեզ, որ փակ պատերի ներսում ես ուրացա ինքս ինձ քո սիրո առաջ, քո սրտի մաքրության համար: Հիշեցի հայացքդ վերջին' հալված իմ անզոր կշտամբանքի հանդեպ: Համրեցի ժամերը իմ անիմաստ օրերի, ու թե ինչպես քո մատները իմ ափի մեջ ունենալով' հորինվեց աշխարհում առաջին անգամ նոր եղանակ: Չհասկացար, որ քո սրտից բխածը գետնին չէր թափվի… Ես աղոթում եմ քեզ համար միշտ, քեզ համար ու քո հավատի շուրջը: Հոգուս պատերին ձուլվել ես այնպես, ինչպես ձյունը հալվում է հողի մեջ, որ շուտով գարունը գա: Ես սիրում եմ այս օրը, որը քեզ ինձ պարգևեց ու որն էլ մի օր կգողանա քեզ ինձանից: Արցունք կա այսօր իմ աչքերում, բայց դա ինձ չի խանգարում տեսնել այս տողերը, որոնք շուտով պիտի կարդաս ու դնես հավատարմության քո կնիքը:

Ես պատկանում եմ համբերատարների այն տեսակին, որոնք երդվել են հավերժ սպասել ու չհուսալքվել, չճեղքել լռությունն այս: Ապրիր, ներիր ու հանգստացիր: Գնա, թող որ կյանքս կարգավորեմ, ու սիրիր նրան, ում սիրո ուժին կդիմանա սիրտը քո»:

Հարթֆորդ, 7 փետրվարի

***

Փոքրիկ տունը մնացել էր ետևում: Անձրևը վարարում էր րոպե առ րոպե, բայց նա չէր շտապում:Թաց արահետը թեև խոչնդոտ էր հոգնած ոտքերի համար, բայց դանդաղ էր քայլում ոչ այդ պատճառով. ուզում էր ազատվել մի քանի ժամ կատարած աշխատանքից հետո մնացած փոշուց ու անմաքուր օդից, որ թվում է' թոքերն էր լցվել: Այն, ինչ ինքը կատարում է այստեղ, կուտակված ավելորդ նյարդերի սպառում էր, թե կորցրած իրականը գտնելու լավագույն ուղի: Միայն այսօր այդ մասին մտածելու պահանջ զգաց: Նախկինում այստեղ գալու անհրաժեշտություն գրեթե չէր զգում: Իսկ այսօր սա իր կյանքի կարևոր մասն է, ու

այսուհետ այսպես է շարունակվելու: Նայեց ժամացույցին, դեռ ժամանակ ուներ: Հիմա քանի դեռ ազատ էր ամեն ինչից ու ինքն իրենից, ,պետք է թողներ, որ անձրևը լվանար կավը ձեռքերից ու տխրությունը'ներծծված հոգու մեջ: Մտածում էր ու նորից վերադառնում նույն կետին, ու նորից չէր ուզում հավատալ, որ այս ամենը իրենն է, իր զգացումը: Ինքը մենակ է այս այրող ցավի հետ: Բացված երակի պես հոսում էր երկատված միտքը իր և իրականության միջև: Զգում էր, որ իրենք չկան իրար համար ու իրարից հետո կլինեն'հեռու ու մենակ:

Գրպանից հանեց կավե կերպարին ու թերևս առաջին անգամ մանրազննին տնտղեց իր ստեղծագործությունը: Նկատեց' ոչնչի նման չէ, ու հաստատ հոգի էլ չկա մեջը, իր հուսահատության արդյունքն է միայն: Անձրևը մաքրեց տձև կավը, նա ուզեց հավատալ, որ ինքն էլ մաքրվեց այսուհետ…

Հին բուխարու մեջ ճրթճրթում է փայտը. անտառի անուշ բույրն է մոխիր դառնում: Խոր ծերության ճոճաթոռն է ասես օրորում Հյուբիին: Փակ են կոպերը, զսպանակված ժպիտ է սառել շուրթերին: Կոնյակը տաքացնում է նրան. երանի անդորրն այս երկար շարունակվի:

Հյուրասենյակի դռան անհամարձակ թակոցը կտրեց մտքերը: Սպասուհին մեկնեց սպիտակ ծրարը:

-Սա ի°նչ է,- հարցրեց Հյուբին:

-Ես այն գտել եմ բակում' դարպասների մոտ:

Մինչ սպասուհին կհեռանար, Հյուբին արդեն բացել էր ծրարը: Դատարկ էր, առանց նույնիսկ հետադարձ հասցեի: Անհասկանալի էր Հյուբիի համար սպիտակ էջերի առկայությունը: Երբ մտավ ննջարան, Ալեքսանդրան գիրքը փակեց'հարցական նայելով Հյուբիին: Ծրարը պարզելով կնոջը' Հյուբին հարցրեց.

-Դու տեղյա°կ ես այս դատարկ նամակից:

-Դատա°րկ, ասում ես դատա°րկ,- Ալեքսանդրայի սիրտն անհանգիստ թրթռաց, գունատվեց:

-Չի կարող պատահել, սա չի կարող ինձ հետ կատարվել:

Հյուբիին համակած զարմանքը վերաճեց վախի:

-Դուրս գնա, մենակ թող ինձ,- անդադար կրկնում էր Ալեքսանդրան:

Հյուբին լուռ էր, այլևս ինչու° համառեր, եթե ամեն ինչ քիչ-քիչ սկսում է պարզվել: Մի°թե իրենց ներկան կարող է անմիջական կապ ունենալ այս անհասցե նամակի հետ: Գիշերն անցավ ինչպես մղձավանջ: Լուսաբացը նրանք դիմավորեցին արթուն, իրարից առանձին:

ԼԻԼԻ ՅԱՆ

Շարունակելի...