Մաս 5
«Առանց քեզ ապրելուց շատ եմ վախենում, ու այդ վախը անպատմելի քաղցի ուժ է ստանում իմ մեջ… Աստված գիտի, որ ես ուզում եմ' դու երջանիկ լինես, և ես երդվում եմ' ոչ մեկը երբևիցե չի արժանանա իմ կապվածությանը, քանի որ դա իմ կյանքում եղած սրբություններից մեկն է: Երբեմն ինձ թվում է' դու ինչ-որ վայրկյան իմն ես եղել: Թեկուզ դա միայն ակնթարթ է, բայց ես այդ ակնթարթով եմ երջանիկ այսօր: Մինչ ես սիրո լեզուն սովորեմ, դու գուցե էլ իմը չլինես: Ոչինչ չի փոխվել և չի կարող փոխվել: Ես ասես լռության հետ եմ խոսում: Սա իմ միակ հնարավորությունն է քեզ իմ ձայնն ու սիրտը հասցնելու, բայց ափսոսում եմ, որ քո ականջներն ի զորու չեն լսելու իմ լռության ձայնը…
Ես ամեն օր քեզ սիրում եմ ավելի ուժեղ, ավելի մեծ սիրով: Թեկուզ և այս շրջապտույտը երբեք չավարտվի, ես ուզում եմ գտնել լույսը իմ սիրո: Հոգիս ուրախ է, երբ հնարավորություն ունեմ քո նամակներին պատասխանելու, բայց նաև ուզում եմ մեռնել այս դատարկությունից, որ ստիպում է ինձ զգալ իմ ճգնաժամային կյանքը: Ամեն օր արթնանում եմ քեզնով, ու գիտե°ս, դու գուցե սեր էլ չես, այլ սովորություն…Այնքան հեռու ես, որ նույնիսկ քեզ դիպչել չեմ կարող: Դու ամեն գիշեր տեսիլք ու երազ դարձած ինձ հյուր ես գալիս, իսկ ես ամեն անգամ համոզվում եմ, որ երազ չես բնավ: Դու ընդմիշտ կապրես իմ հոգում ու հավատա' սպասումի ոչ մի արցունք չի կարող մարել իմ մեջ այն հավերժական կրակը, որով ես ապրում եմ»:
Հարթֆորդ, 17 նոյեմբերի
***
Եկեղեցու զանգերը ղողանջում են երկարու թախծալի: Ներկաները լուռ են, հուզված: Մեկ օրվա մեջ ապրվում է մի ամբողջ հավերժություն: Հոգևորը պատերի ամեն ճեղքի մեջ է, ամեն անկյունում: Ժամերգություն է:Ընթերցվում են մարդիկ' ձուլվելով խնկաբույր օդին: Բոլորը դառնում են մեկ, ընդհանուր: Պահը հավերժանում է հոգու մեջ, հնից ջոկվում է նորը, Աստված հաղորդ է դառնում ամենին, որ ներկա է այստեղ: Ալեքսանդրային մի սպիտակ թափանցիկ քող է բաժանում Հյուբիից: Միասին են լինելու հիմա և այսուհետ: Հավանաբար այստեղից է սկսվում երջանկությունը:
«Աստված միացրեց ձեզ և թող Աստված էլ բաժանի»: Քահանայի վերջին նախադասությունը հիշում է Ալեքսանդրան հիմա, երբ հյուրերը հրաժեշտից առաջ կրկին բարձրացնում են բաժակները' սեր և երջանկություն մաղթելով ամուսիններին:
«Գուցե կյանքն ինձ ևս մեկ հնարավորություն է տալիս»,- մտածում է Ալեքսանդրան արդեն հաջորդ առավոտ: Երկրորդ ամուսնությունը ապաստարան էր նրա համար:
Երկու ժամվա ճանապարհ է Թրենթոնից մինչև Հարթֆորդի կալվածք: Քարե այդ հոյակապ շինությունը Հյուբին ձեռք է բերել ամուսնությունից ամիսներ առաջ: Ալեքսանդրան իրենց համատեղ կյանքը այդպես էլ չպատկերացրեց արտաքին աշխարհից կտրված այդ գողտրիկ անկյունում: Նա նախընտրեց Թրենթոնի երկհարկանի ընդարձակ, լուսավոր առանձնատունը: Իսկ Հարթֆորդը առժամանակ մնաց չբնակեցված: Տարիների հետ հասունացող օտարացումը ընտանեկան կյանքից ցույց տվեց Ալեքսանդրային, որ Հարթֆորդում է իր իրական հանգստությունը, իր երազած խաղաղությունը, և, որ ամենակարևորն է, այստեղ նա մոտ է մեկին, ով իր կյանք է լցվել, ինչպես աստվածային լույս ու ջերմություն:
Միհարկանի առանձնատունը հատկապես առանձնանում է իր յուրօրինակ ճարտարապետական ոճով: Զարդաքանդակ պատերը վկայում են կառուցողի' գեղագիտական ճաշակի ճիշտ ընկալման մասին: Պատուհանները բաղհյուսված են փաթաթվող տերևներով, իսկ գարնանը ուռիները ստվերում են բաց պատշգամբը: Ճարտարապետական նույն համաչափ կառուցվածքն է նաև տան ներսում: Գունային պայծառ երանգներով իտալական կահույքը զարդարում է հյուրասենյակն ու նախասրահը: Նույն պատկերն է նաև ննջասենյակում, որն այդպես էլ չծառայեց ամուսիներին: Հինգ տարիների ամուսնական կյանքի ընթացքում բացառապես մեկ անգամ միասին եղան կալվածքում, այն էլ մի քանի ժամով: Հետո Ալեքսանդրայի միայնակ հաճախումները Հարթֆորդ դարձան խիստ անհրաժեշտ:
Անձրևից թաց արահետը' երկու կողմից բարձրացող արմավենիներով, ձգվում էր հատուկենտ հանդիպող տների երկայնքով: Մայիսյան առաջին առավոտը Ալեքսանդրայի համար բացվեց Հարթֆորդում: Երկու ժամից գնացքը մեկնում էր Թրենթոն: Ալեքսանդրան վերջին պտույտն էր անում տեղանքում: Սիրում էր այս արահետը, որը տանում էր նրան դեպի անտառ: Բայց ամեն անգամ Ալեքսանդրան այդպես էլ անտառ չէր հասնում, որովհետև կես ճանապարհին կանգնում էր մի փոքրիկ շինության առաջ, որը բնակելի չէր հավանաբար. երբևէ շարժ չէր նկատել ներսում: Դարպասները միշտ կողպված էին և միակ հետաքրքիր փաստը երբեմն-երբեմն կիսաբաց պատուհանն էր, որը ներսում շնչավոր էակի գտնվելու հույս էր ներշնչում:
***

«Երևի ինձնից ջնջեմ քեզ ու մաքրություն պատարագենք երկուսով' ես ու դու, մենք: Ասես իրար կապված մտքեր լինենք, որ հետևում են մեկը մյուսին: Գիտեմ'մտքերս քեզ հասնում են, ինչպես քոնը' ինձ: Ինչու ես ինձ մենակ թողել' կարոտի մեջ թաթախված: Ես սկսել եմ պատերազմել ինքս իմ դեմ. ցավից տառապող սիրտս այլևս չի հնազանդվում: Ներիր ինձ իմ սիրո, ցավի ու կարոտի համար… Ներիր քոնը լինելու համար, իսկ ես ներում եմ ինձ' քեզ ունենալու և չունենալու համար»:
Հարթֆորդ, 22 նոյեմբերի

ԼԻԼԻ ՅԱՆ

Շարունակելի...