Մաս 4
«Եթե հիմա կողքիս լինեիր, կբռնեի ձեռքդ, որ զգայի' մենակ չեմ: Այնքան ուժեղ ու
անդառնալի կարոտում եմ քեզ: Միշտ, միշտ սպասելու եմ, որովհետև եթե այդ սպասումն էլ չլինի ես հավերժ կկորցնեմ իմ երազանքները, իմ հիշողությունները: Դու այստեղ ես, սրտիս մեջ ու այդպես էլ կմնաս, որովհետև քեզ բաց չեմ թողնի…
Թող ոչ-ոք մոտ չգա քեզ, չուրանա քեզ իմ սիրտը, քեզ բաց չթողնի իմ միտքը… Մի օր էլ անցավ ու նույնն է ամեն ինչ: Ես կորցնում եմ քեզ հասնելու, քեզ ունենալու գիտակցությունը: Դեռ ինչքա°ն պետք է թաքնվենք այս նամակների ստվերի տակ: Ես ուզում եմ մոտ լինել քեզ, այլևս չեմ դիմանում այս ճնշմանը:
Հյուբին սկսել է խոսել, ես անզոր եմ դառնում նորից: Զգում եմ, որ իմ բացակայություններն ու լռությունը տանջում են նրան: Ինչպե°ս ասեմ, որ այլևս չեմ սիրում: Թեև չգիտեմ էլ արդյոք երբևէ սիրել եմ: Քեզ ճանաչելուց հետո ինձ համար ամեն ինչ այլևս կասկած է, անիրական:
Տխրում եմ այն մտքից, որ չենք կարող հանդիպել, գոնե մինչ Հյուբիի անհանգստությունն անցնի: Ես պետք է վստահեմ ժամանակին, այն երբեմն տհաճ իրավիճակի հաճելի լուծում է բերում: Ես պետք է հանդարտվեմ: Միասին ենք լինելու, դա պետք է ինձ, որովհետև քո կողքին ես չեմ կորցնի զգալու ունակությունս: Խնդրում եմ, ինձ հաճախակի գրիր, միայն այդպես ես կարող եմ մեղմել այն կարոտը, որ սպանում է ինձ ներսից»:
Հարթֆորդ, 14 նոյեմբերի
***
Նավահանգստում աղջկանից բաժանվելուց հետո Ալեքսանդրան հասկացավ, որ Մարիետտը մեծացել է արդեն ու իրեն այլևս չի պատկանում:
Սեմից հետո իր ողջ սերն ու ուշադրությունն Ալեքսանդրան կենտրոնացրել էր Մարիետտի մեջ: Նրանում էր տեսնում Սեմի ներկայությունը: Տասը տարեկան էր Մարիետտը, երբ կորցրեց հորը դժբախտ պատահարի պատճառով: Հիմա, երբ կարող է ինքնուրույն կարգավորել սեփական կյանքը, մայրը և հպարտ էր, և հուսալքված: Շոգենավ բարձրացող աղջկան հայացքով ուղեկցելով' մայրը մտածում էր.« Ափսոս, որ հայրդ երբեք չի տեսնի' ինչ գեղեցկուհի ես դու»:
Առավոտյան սովորականից անհանգիստ էր Ալեքսանդրան: Սրտմաշուկ զգացում ուներ, գլխապտույտ: Բաց պատշգամբում էր, երբ սպասուհին դողացող ձեռքով նրան մեկնեց լրագիրը.« Հանկարծակի սկսված փոթորկի պատճառով նավաբեկության ենթարկված «ՄՍպիտակ կարապ» շոգենավի բեկորները հայտնաբերվել են Ատլանտյան օվկիանոսի ափին: Ենթադրվում է, որ նավաբեկյալներից ոչ-ոք չի փրկվել: Այնուամենայնիվ, որոնողական աշխատանքները շարունակվում են: «Նյու Դեյսի» խմբագրակազմը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների հարազատներին ու բարեկամներին»:
Թրենթոնից Հարթֆորդ մեկնող գնացքը մեկ ժամ ուշացումով ժամանում է կայարան: Ուղևորների հոսքը չի դադարում: Աղմուկը կայարանի սպասասրահից տեղափոխվում է վագոններ, ուր մարդիկ շտապում են րոպե առաջ զբաղեցնել իրենց տեղը: Հաջողությամբ կնքած առևտրային գործարքը երեսունհինգամյա Հյուբիին ստիպել է այսօր իրեն մի փոքր լիցքաթափվելու հնարավորություն տալ: Առօրյա ծանր աշխատանքային մտքերին փոխարինելու են գալիս հաճելի թարմ զգացումները, որ ակամա ներշնչում են Հարթֆորդի անապակ օդը, շղարշե թափանցիկ բնությունը: Գնացքի փակ վագոնում Հյուբին մտածում է գողտրիկ այդ անկյունում սեփական կալվածք ձեռք բերելու մասին: Նախ տեղանքը կուսումնասիրի գործընկերոջ խորհրդով, գուցե գրասենյակներից մեկը այնտեղ տեղափոխի կամ էլ կալվածքը կծառայի հրաշալի ապաստարան' կենցաղից փախչելու: Լիաթոք շնչելով վագոնի բաց պատուհանից ներխուժած գարնանային զով օդը' Հյուբին իրեն զգում է ինչպես կարևոր որոշում ընդունած մեկը, ում կյանքն այսուհետ հիմնավորապես փոխվելու է:
-Տիկին, սխալմունք է եղել, փակ վագոնները վաղօրոք զբաղեցված են, ուստի դուք ստիպված պիտի լինեք ճամփորդել բաց վագոնում,- ծառայողի հուզված ձայնը կտրում է Հյուբիին իր խորհրդածություններից:
-Իսկ ո°վ է պատասխանատու իմ հանգստի համար: Ես հիմա այնքան լարված հոգեվիճակում եմ , որ չեմ հանդուրժի նմանօրինակ թյուրիմացությունները: Չէ° որ տոմս եմ գնել փակ վագոնում ճամփորդելու համար:
-Ես կարող եմ զիջել իմ տեղը, տիկին: Դուք կկարողանաք հանգստանալ առանձին:
Տիկնոջ աչքերը բարձրացան դեպի Հյուբին, ով պատրաստակամ հայացքով նայում էր տիկնոջ հուզախառն դեմքին, հուզմունքից թրթռացող կոպերին, որոնք կրում էին հավանաբար մի քանի գիշեր արթուն մնալու կարմրությունը: Գունատ դեմքը ամենևին չէր համապատասխանում նրա արտաքին գեղեցկությանը, ձայնի կախարդիչ հմայքին: Հյուբին ձեռքը մեկնեց ծանոթության համար:
-Ալեքսանդրա,- թույլ հնչեց կնոջ ձայնը:
Հյուբին զգաց, որ այսօրվանից ինքը հավերժ կապված է այդ ձայնին ու կանացի էությանը:

ԼԻԼԻ ՅԱՆ

Շարունակելի...