Մաս 7
Ծանր մշուշ է իջել Թրենթոնի վրա:Մինչև մերկ ոսկորներն է հասնում: Այգին ամայի է արդեն: Ծառերի մերկ, խղճուկ տեսարանը հիմա այնպես համահունչ է իր հոգեվիճակին: Հյուբին կանգնած է դեմքով դեպի պատուհանը: Ժամացույցի սլաքների աշխատանքը հիվանդագին ազդեցություն է գործում նրա վրա: Ամբողջ մարմնով անհանգստություն է շնչում: Նյանդային թրթռում է սիրտը, ասես սպասում է խիստ կարևոր լուրի, որից կախված է իր կյանքը: Հյուբին ապրում է մի շրջան, որ գծված է նրա շուրջը: Նա սպասում է, և հենց այդ սպասումն է տանջում նրան, անջատում իրականությունից: Երբեմն թվում է' ինքը կորցրել է մի բան, առանց որի մարդը շնչահեղձ կարող է լինել: Բայց պետք է մի վերջին փորձ անել' փրկելու ու փրկվելու:Ներս մտավ բժիշկը, ու պատասխանին էլ արդեն մեկ ժամ սպասում էր Հյուբին:
-Ինչպե°ս է,- անհանգիստ աչքերը բժշկից աղերսում էին հույս:
-Ջերմում է: Նշանակված դեղահաբերը ընդունելուց հետո փոփոխություն կլինի:
-Բայց բժիշկ, ի°նչը կարող էր նրան այդ վիճակին հասցնել:
-Կարծում եմ'մրսել է: Նա հաճա°խ է ճանապարհորդում:
-Ոչ, բժիշկ, մենք վերջին անգամ ճանապարհորդության էինք մեկնել հինգ տարի առաջ: Բայց նա հաճախ է լինում Հարթֆորդի մեր կալվածքում:
-Հաճախակի ճանապարհներին լինելը, օդի փոփոխությունները նպաստել են հիվանդության զարգացմանը: Բայց ինձ այլ հարց է անհանգստացնում: Ձեր կնոջ վարքում փոփոխություն չե°ք նկատել վերջին ժամանակներս:
Հյուբիին ասես մի անհայտ ուժ հրեց բազմոցից ու նետեց պատուհանի մոտ, որտեղ նա կարող էր օտար աչքերից թաքցնել իր հուզմունքը: Դե, իհարկե: Ալեքսանդրան տանջվում էր, տառապում' մեծամասամբ իր պատճառով:
-Ես չեմ ուզում այդ մասին խոսել, բժիշկ:
Կիսախավարի մեջ Ալեքսանդրայի դեմքին տաք լուսավորություն էր իջել: Քրտինքի մի քանի կաթիլ խառնվել էին ճակատին թափված մազափնջին: Հյուծվել էր, ձեռքերն անփույթ ընկած
էին սպիտակ սավանին: Զարկերակը թույլ բաբախում էր: Այսպես նա նման էր լույսի մեջ թաթախված ճեմակ, անկենդան մոմի, որ դանդաղ վառվում է մինչ հանգչելը:
Սենյակի անկյունից Հյուբին նայում էր քնած Ալեքսանդրային, իսկ մեղքը նախատինքի պես փակվել էր կոկորդում: Կասկած չկա, ինքն է պատճառը այս օրհասի: Եթե չհամառի, չտանջի իր հանդիմանական հայացքներով, կինը խաղաղ կապրի: <<Միայն քո ներկայությունը արդեն բավարար է ինձ երջանիկ զգալու համար: Դու լուռ ապրիր իմ կողքին, միայն ինձ հետ մնա: Իմ ու քո ճամփաները հեռացել են հավետ, ես դա զգում եմ, բայց թեկուզ այդպես ես համաձայն եմ քո կողքին քայլել, քեզ հեռվից նայել, ինչպես հիմա եմ անում' չհամարձակվելով խանգարել քո քունը: Քեզ չեմ արթնացնի. մնա խախաղ նիրհիդ մեջ, որ պատկերդ հալվի իմ արթուն վայրկյաններում: Դու իմ ողջ աշխարհն ես շրջել, դու այնպես ես լցվել իմ կյանք, որ ես պատրաստ եմ միշտ խոնարհվել քո հպարտության առաջ>>:
Երկար մտքերից Հյուբիին կտրեց թարմ օդ շնչելու անզուսպ ցանկությունը: Ննջասենյակից հեռանալուց առաջ նա մի վերջին անգամ նայեց կնոջ գունատ դեմքին և այնպես զղջաց, որ թեկուզ քնած ժամանակ չի համարձակվի մոտենալ ու համբուրել նրա դալուկ մատները: Հեռավորություն կար, որ ոչնչով կարճել հնարավոր չէր:
Փետրվարյան ցուրտ օրերը Ալեքսանդրան անցկացնում էր բժշկի հսկողության տակ,ընտանեկան հանգիստ մթնոլորտում: Օր-օրի ապաքինումը նկատելի էր: Հյուբին շրջապատել էր կնոջը սիրով, ջերմությամբ: Միայն երախտագիտությունից դրդված' Ալեքսանդրան գնահատում էր կնոջը գոհացնելու ամուսնու ամեն մի ջանքը: Մեղքի զգացումը տանջում էր, բայց կար մի պարզ ճշմարտություն, որ երկու հոգու միջև արտահայտելը դարձնում էր առավել դժվարին: Ապաքինման ընթացքում մի քանի անգամ Ալեքսանդրան ցանկություն հայտնեց մեկնել Հարթֆորդ: Բշկի հորդորներին, որ ճանապարհը առայժմ հակացուցված է իրեն, Ալեքսանդրան մնում էր անդրդվելի: Զգում էր, որ եթե մեկ օր էլ ուշանա, կկատարվի անդառնալին:Տեղի տալով կնոջ թախանձանքներին'Հյուբին ի վերջո նրա հետ մեկնեց Հարթֆորդ: Զգում էր, որ այնտեղ կինը գտնում էր այն, ինչը չկար աշխարհի և ոչ մի անկյունում: Երկու օր նրանք անցկացրին Հարթֆորդի կալվածքում: Թեև իրարից անջատ էին գրեթե, մեկուսացած յուրաքանչյուրն իր մեջ' Ալեքսանդրան սենյակում, իսկ Հյուբին արվեստանոցում:
ԼԻԼԻ ՅԱՆ
Շարունակելի...