Մաս 13
Ալեքսանդրային տեղափոխեցին Թրենթոնի հիվանդանոց: Այդ օրերին այնքան վիշտ կար Հյուբիի աչքերում: Միտքը, որ կարող է կորցնել Ալեքսանդրային կամ սպասված փոքրիկին, խելագարության էր հասցնում նրան: Բժիշկն ամեն կերպ խուսափում էր կնոջ առողջական վիճակի վերաբերյալ մեկնաբանություններից: Այնինչ ինքն արդեն գեղեցիկ ապագա էր փայփայում իրենց երեքի համար: Երբեք չի կասկածել, որ գուցե այս ամուսնության մեջ Ալեքսանդրան փնտրել է հոգեկան խաղաղություն, փախուստ մղձավանջային մտքերից: Իսկ ինքը սիրում է մի կնոջ, որի էությունը բացահայտել իրեն չի հաջողվել, ու եթե իրենց վիճակված է ապրել մի կյանք միասին, դարձյալ չեն լուսավորվի խավար կողմերը իրենց համատեղ կյանքի: «Որտե°ղ եմ թերացել ես, ե°րբ եմ արձակել քեզ, որ այլևս հետ չես գա: Ալեքսանդրա, դու ինձ սպանել ես իմ մեջ ու այս ամբողջ ստերի համար այլևս ժամանակ չկա»: Բժշկի մտահոգ հայացքը, խուսափողական պատասխանները, սենյակը, դեղերի հոտը ճնշում էին Հյուբիին' խեղդելու աստիճան:
-Կինս լուրջ խնդիրնե°ր ունի, երեխայի կյանքը վտանգվա°ծ է:
-Երեխայի հետ ամեն ինչ կարգին է: Խնդիրն այլ է:
-Ալեքսանդրա°ն,- Հյուբիի անհանգիստ շարժումները դառնում էին անկառավարելի:
-Ասացեք, դուք երբևէ տարօրինակ երևույթներ նկատե°լ եք ձեր կնոջ վարքում:
Հյուբին զարմանքից չէր կարողանում ուշքի գալ:
-Հասկանու°մ եք, որպես բժիշկ ինձ վիճակված է բազմիցս հանդիպել այնպիսի դեպքերի, երբ կինը հղիության ընթացքում վախից և նյարդային ցնցումներից ձեռք է բերում հոգեկան շեղումներ: Բայց ձեր կնոջ դեպքն այլ է: Այդ շեղումները նրա մոտ ի հայտ են եկել շատ ավելի
վաղ, իսկ ծննդաբերությունից հետո կարող են ավելի սրվել: Մենք կհասցնենք փրկել նրան, եթե գտնենք հիվանդության աղբյուրը:
Հյուբին այլևս ունակ չէր իրավիճակը վերլուծելու: Միտքը անորոշ ժամանակով կանգ էր առել: Չգիտեր'լաց լինել, ծիծաղել, գոռալ այս սպիտակ խալաթ հագած պարոնի վրա, որն իրեն բժիշկ է երևակայում և համարձակվում է իր Ալեքսանդրային խելագար անվանել:
Դատելով Հյուբիի դեմքին իջած տառապագին արտահայտությունից' բժիշկը հասկացավ, որ նա փորձ է անում ըմբռնելու այդքան տհաճ լուրը:
-Իմ կինը ամենաառողջ բանականություն ունեցող կինն է, որ ես երբևէ հանդիպել եմ, բժիշկ: Իսկ թե ինչպես է իրեն պահում և ինչ է անում, ես կարող եմ վստահեցնել, որ անում է գիտակցաբար: Նա չի կարող խելագար լինել, ինչպես դուք եք հավատացնում ինձ: Ճիշտ է, մենք ընտանեկան ճգնաժամ ապրել ենք, բայց դա չի կարող համարվել հոգեկան շեղման պատճառ:
-Խնդիրն ավելի լուրջ է, քան ձեզ թվում է: Արտաքնապես ձեր կինը կարող է ամեն ինչ քողարկել, բայց ներսից նա դադարեցնում է իր շփումը արտաքին աշխարհի հետ: Եվ հետո դուք մոռանում եք, որ հետևանքները ծանր կլինեն ոչ միայն ձեր կնոջ համար:
Հյուբին այդպես էլ չէր հիշում' ինչպես էր դուրս եկել հիվանդանոցից: Մառախուղի միջից նա նայում էր իր համար արդեն սարսափազդու շինությանը: Այդտեղ է հիմա Ալեքսանդրան, ի°նչ է անում, ի°նչ է մտածում, ինչպիսի°ն է աշխարհը նրա երևակայության մեջ, ի°նչ է զգում այդ պատերի ներսում:
Եկեղեցու զանգերը հնչում էին միալար. սրտի անհամաչափ աշխատանքը լսելի էր միալար ղողանջի մեջ:Մի վերջին միտք էր սա, որից պետք է կառչել, գուցե ելքը շուտով երևա: Զույգ մոմեր շտապում էին վայրկյան առաջ հալվել'իրենց հետ տանելով ամենահավանական աղոթքները: Հյուբին ուզում էր հավատալ, որ այս պատերի ներսում աղոթքի պես հնչած բոլոր մտքերը դառնում են իրական:
Ուշ էր. մի հավատ էր մնացել եկեղեցում, լռությունը կլանել էր Հյուբիի մարմինն ու բանականությունը: Հանկարծ լույս լցվեց սիրտն ու հոգին, այն, ինչ ժամեր շարունակ լուռ աղերսում էր: «Նամակը, դե, իհարկե, նամակը»,- միտքը ներխուժեց գլուխը: Իսկ եթե հենց այդ կետից պետք է փնտրել կորցրածը:
Ժամեր անց Հյուբին Հարթֆորդում էր: Ալեքսանդրայի ննջասենյակը մնացել էր այնպես, ինչպես վերջին անգամ թողել էր Թրենթոն վերադառնալուց առաջ: Անկողինը բաց էր, երևում է' չէր հասցրել պառկել: Զգեստապահարանը բաց էր: Հատակին էր ընկած ճերմակ մետաքսե զգեստը, որով կինը երդում տվեց Աստծո առաջ' հավետ միասին լինելու: Հյուբին բարձրացրեց այն հատակից: Բույրը, այդ բույրը, որ միայն Ալեքսանդրայինն է, աշխարհի բոլոր բույրերի մեջ շփոթել անհնար է: Առաջին և միակ անգամ զգեստը Ալեքսանդրայի հագին տեսել էր իրենց ամուսնության օրը: Ի°նչ է մտածել կինը, երբ նայել է դրան, ի°նչ զգացումներ են փոթորկել նրա հոգին: Իսկ հիմա նա գտնվում է այն անիծյալ պատերի ներսում:«Ես պետք է փրկեմ քեզ, որովհետև ուրիշ ոչ-ոք քեզ չունի իր կյանքում»:
Գրասեղանի կիսաբաց դարակը երևան էր հանում սպիտակ թուղթ: Տառապագին հետաքրքրություն համակեց նրան: Էջը կիսով չափ գրված էր:
«Ամեն անգամ, երբ նոր էջից եմ սկսում, միշտ մտածում եմ, որ հեշտ կլինի քեզ հերթական անգամ իմ սերը պատմելը: Իսկ դու գլխի չես ընկնում,որ ամեն բառից ու տողից հետո մի կյանք եմ տեղավորում ես: Դատարկ ճանապարհին ընկած քարի պես, աննպատակ ու անղեկ, սպասում եմ,ով ինձ ցույց կտա քեզ մոտ հասնելու ուղին, քեզ, որ գցել ես ինձ աներազանք հեռուներ: Հիմա կորստի է մատնված իմ ներկան, դառնություն է շնչում իմ ամեն միտքը, խոսքը: Աղաչանքներս վերադառնում են' թափվելով սիրտս, որի զարկերը օրեցօր ավելի ու ավելի թույլ եմ զգում: Ես գնում եմ այնտեղ, ուր քեզ հետ…»:
Այստեղ նամակն ավարտվում է կամ գուցե Ալեքսանդրան թողել է դարակում, որ ավելի ուշ շարունակի: Սիրելի վեպից արտագրված տողե°ր էին, թե° դժոխային իրականություն: Ախր, այս ամենը չափազանց ցավոտ է ճշմարիտ լինելու համար:
Քանդեց գրասեղանի բոլոր դարակները, պահարանները, ու դժոխքը այդ պահին ներկայացավ իր իրական դեմքով: Տասնյակ նամակներ ծրագրված ու հասցեագրված էին«Հարթֆորդ, Փարք սթրիթ»: Հետադարձ հասցե չկար: Ում էլ ուղղված լինեին դրանք, ակնհայտ էր, որ չէին ուղարկվել: Անսպասելի վրա հասած հարվածից ուշքի գալու համար Հյուբին նստեց ու փորձ արեց մատների դողը զսպելով' ծխախոտ վառել: Երկար տարիներ ծխում էր, բայց չէր մտաբերում մի օր, երբ այսքան ցանկալի էր ծխախոտը: Ավելի ուշ նկատեց, որ մտքով կանգ է առել այնպիսի մանրուքների վրա, որոնք միայն հիմարը կարող է մտածել օրհասական այս իրավիճակում:
Բացել բոլոր նամակներն ու կարդալ, նշանակում է տրորել սեփական խիղճն ու անարգել Ալեքսանդրային: Մի°թե կինը կարող է ապրել իր կողքին ու սիրել ուրիշի: Մի°թե հենց այս էր Հարթֆորդ մեկնումների պատճառը: Հատագայում ճշմարտությունը բացահայտելուց իր վարքը հիշելիս, Հյուբին պիտի վստահ լիներ, որ միտքը այդ պահին աշխատել է անսխալ, ու ինքը համոզված է եղել, որ հասել է վերջնագծին:
Ուժերը հավաքելով' նստեց գրասեղանի առաջ, Ալեքսանդրայի աթոռին: Հետո ամեն ինչ մթնեց աչքերի առաջ ու գլխում: Հանձնվեց խանդի ու սարսափի, հուսահատության տարերքին ու թողեց, որ հոսանքն իրեն տանի, որովհետև ուզում էր կործանվել, մեռնել վերջին թշվառի նման: Մտքերն իրար չէին զիջում: Սենյակի բոլոր անկյուններից գլուխն էին լցվում իր համար անիմաստ տողեր, տողեր, տողեր…
«Ես քո բացակայությունից մեռնում եմ», «Դու պետք է ինձ հաճախակի գրես ցավս մեղմելու համար», «Վերջին պատասխան նամակդ խլեց ինձնից իմ վերջին սպասելիքներն ու քեզ ունենալու հավատը»: Ինչքան էլ փնտրեց Հյուբին, չգտավ պատասխան ոչ մի նամակ: Սա կրկնապատկեց վախը սրտում, կայծակի պես շանթեց ուղեղը բժշկի խոսքը.« Մենք կհասցնենք փրկել նրան, եթե գտնենք աղբյուրը հիվանդության»:
Հյուբիի կատաղի լացը լսվում էր առանձնատան բոլոր անկյուններից: Խոցված գազանի ոռնոց էր հիշեցնում զգացմունքների այդչափ ժայթքումը: «Ամեն առավոտ դու արթնացրու ինձ, կարոտած համբուրիր ու թող մի վայրկյան զգամ քո ներկայությունը իմ առավոտի, իմ օրվա մեջ, երջանիկ մեռնեմ հետո»: «Կավը քեզ ավելի մոտ է…»: Կավը, որ սխալ է իր համար, կյանք Ալեքսանդրայի համար: Եթե միայն ավելի շուտ նկատեր, կռահեր, թույլ չէր տա' թյուրիմացությունը աղետ դառնար:
Ժամանակը անողոքաբար կանգ էր առել սենյակում, զմռսել ընկալելու բոլոր ճանապարհները:«Ես կորցրել եմ քեզ 2009-ի սեպտեմբերի մեկին, երբ դու գրել ես քո առաջին նամակը… Ախ, Ալեքսանդրա, այդ ամենը խաբկանք է: Ես ինչպե°ս կործանեմ քո ստեղծած աշխարհը, որին այդքան հավատում ես, որից քեզ դուրս քաշելը մեկ քայլ էլ կմոտեցնի անդունդին: Այդ ես եմ սպանել քեզ, ես եմ նետել քեզ երևակայությանը ճիրանները: Ներիր, ներիր ինձ…»:
Անաստղ գիշերն ավարտվում էր անաղմուկ: Լուսաբացը ողբերգական էր:
-Նա ստեղծել է իր աշխարհը, որից նրան կտրել կնշանակի տանել անդարձ կործանում: Հնարավոր էր ժամանակին կանխել վտանգը, եթե դուք ավելի շուտ նկատեիք նրա մեջ կատարվող փոփոխությունները և դիմեիք մասնագետի:
-Մի°թե փրկություն չկա, բժիշկ,- հուսահատությունից Հյուբիի մարմինը սկսում էր սառչել:
-Միակ տարբերակը հոգեբանի օգնությամբ համապատասխան բուժում ստանալն է:
-Դա նշանակում է ասել ճշմարտությունը, որ ինքը հոգեկան շեղումներ ունի: Դուք հասկանու°մ եք, բժիշկ, ես չեմ կարող խորտակել նրա երազները: Դա վերջնականապես կսպանի Ալեքսանդրային:
-Վիճակը կարող է ավելի սրվել և դառնալ անկառավարելի: Ձեր կինը ողջ օրը միայն գրում ու գրում է: Նա նույնիսկ չի հասկանում, որ շուտով փոքրիկ է ծնվելու, այնինչ պետք է անհամբեր սպասեր երեխայի լույս աշխարհ գալուն: Ցավում եմ, որ Դուք ստիպված կլինեք որոշում կայացնել նրա փոխարեն, որովհետև հիմա նա ի վիճակի չէ դատել:
ԼԻԼԻ ՅԱՆ
Շարունակելի...