Մաս 8
«Երկու ամսից էլ ավելի ժամանակ է անցել այն օրից, ինչ ես վերջին անգամ գրել եմ քեզ: Այս ընթացքում ես հասցրել եմ ատել քեզ… Ներիր, սիրելիս: Ներիր բարկության իմ այս պոռթկման համար: Դու ինձ չես գրել, չես փնտրել իմ բացակայությունը, չես տխրել ինձ համար: Այնինչ ես, նույնիսկ հիվանդության ճանկերում, զգում էի քո ներկայությունը:
Այնպես եմ ցավում կորցրած ժամանակիս համար, որ զրկվել եմ քեզ գրելու հնարավորությունից: Հիմա ինձ զգում եմ քեզ մոտիկ, ու դա հանգստացնում է լարված նյարդերս: Ես շնորհակալ պետք է լինեմ Հյուբիին ինձ չմերժելու և Հարթֆորդ բերելու համար:
Մենք դարձյալ հեռու ենք իրարից, որովհետև ես այդպես եմ ուզում, ես իրավունք չունեմ քեզ ցավ պատճառելու: Ես արդեն ապաքինվում եմ. Հյուբին հոգ է տանում իմ մասին: Թեկուզ այդպես, իմացիր, որ քեզ չի սպառնում ինձ կորցնելու վտանգը, ես միշտ քեզ հետ կլինեմ:
Սա կկոչվեր խաբկանք, եթե քո անունը չունենար: Քո անունը, որ քեզնից ինձ համար եմ որդեգրել…Ես դալկացա ու կորա շնչիդ ստվերներում: Չդրված վերջակետի պես որպես հավերժ սխալ մեխվեցրի իմ տողերում, ու քարացան սրտիս զարկերը քեզ չունենալու կորստից: Քո աչքերը, քո ժպիտը, որ ես հավաքել եմ մատնոցի մեջ… Սիրում եմ քեզ ու մինչև վերջ կմնամ քո կողքին, թեկուզ այսքան հեռվից: Երբեմն թվում է' իմը չես եղել երբեք… Եղել է մի վերջին անգամ իմ ափը քո ափի մեջ ու այդպես քեզ զգացել եմ իմ կյանքում:Այդժամ հավատացել եմ, որ մեր ձեռքերի մահու չափ ուժեղ միացումը ուժեղ է հենց մահից: Ես ցավել եմ, որ վերջին շունչս տարել ես քո մատների հետ անվերադարձ ու նետվել եմ ես անդունդը սրտիս, որտեղից երբեք ոչինչ չի վերադառնում… Ինչպես կապվեցի քեզ ու մեռա քո սիրո դռան շեմին, մեռա անխղճի պես' չորոնելով փրկության ու հույսի ոչ մի հատիկ քեզնից քո համար: Այնպես եմ ուզում, որ հանգիստ ու անհոգ ապրես քեզ տրված ամեն օրը ու սպասես ինձ, որովհետև մենք միասին ենք լինելու: Չգիտեմ'երբ կկատարվի այդ, բայց ես գալիս եմ, որ լինեմ այնտեղ, որտեղ դու ես: Պատասխանիր նամակիս, խնդրում եմ, որովհետև ես սպասելու եմ…»:
Հարթֆորդ, 3 փետրվարի
ԼԻԼԻ ՅԱՆ
Շարունակելի...