Մաս 12

Օրերով կուտակված մտքերի, անհանգստության հոսքը խեղդեց հրապարակի փոքրիկ սրճարանի սեղաններից մեկի առաջ, կես բաժակ կոնյակի մեջ: Արթուն գիշերների հետքը աչքերին, գլուխը հակած սեղանին'փորձում էր չմտածել' խելագարվելու վախից: Կնոջ հղիության լուրն առնելու առաջին իսկ վայրկյանից մոռացել էր իրողությունը դիտարկել հակառակ կողմից:

Հանձնվելով այդ հոսանքին' Հյուբին դատարկում էր երկրորդ բաժակը: Իսկ եթե հանկարծակի ծագած այս երջանկությունը պայթի, երբ ինքը պատահմամբ կամ թերևս դիտմամբ դիպչի դրան:

Այն գիշերը Հարթֆորդում, երբ գրկեց Ալեքսանդրային, երեխան, ինքը: Ու հանկարծ երեքի միջև գերանի պես ցցված նամակը, Ալեքսանդրայի տագնապը աչքերում, որ մինչ օրս չի մոռանում:

Մատուցողը, որ ժամեր առաջ էր նկատել անհանգիստ այցելուին, մոտեցավ:

-Էլի խմիչք կցանկանա°ք:

Հյուբին հոգնած աչքերը բարձրացրեց ու նայեց երիտասարդին:

-Քանի° ժամ է, որ այստեղ եմ:

-Երկուսուկես ժամ կլինի:

-Լսիր, երիտասարդ, դեմ չե°ս լինի, եթե մի քիչ խոսենք:

-Ես աշխատանքի մեջ եմ:

-Ես պատրաստ եմ վճարել որքան հարկավոր է, պարզապես ինձ անհրաժեշտ է ինչ-որ մեկի հետ խոսել, հասկանու°մ ես:

Մատուցողը տեղավորվեց Հյուբիի կողքին: Առաջին անգամ չէ, որ ստիպված էր լսել հարբած այցելուների անվերջ պատմությունները իրենց դառը կյանքի մասին:

-Կարծում ես' սիրելը մեղավոր սրբությու°ն է: Ասա, ես ինչպե°ս մեղքս քավեմ այդ սրբության առաջ:

-Միայն սիրելով,- պատասխանեց երիտասարդը:

-Սիրելո°վ, դու, ինչ է, չե°ս հասկանում, որ հենց դա է ինձ կործանում ու դարձնում անդեմ ոչնչություն: Ինձ սպանում է նրա անխոս հայացքը, ապակու պես անհաղորդ աչքերը: Բայց ոչ, երբ արևը հասնում է ապակուն, այն ջերմություն է արձակում, իսկ ես նույնիսկ մի շող ստեղծելու անճարակ եմ:

-Հենց այդ անբացատրելին է ապրելու ու արարելու նախապայմանը: Այն,որ դուք տխուր եք, դա ես նկատեցի ձեր'սրճարան մտնելու առաջին իսկ պահից: Դուք փորձում եք ձեր վիշտը խեղդել կոնյակի մեջ, բայց չեք նկատել, որ սերը ձեզ իր մեջ է առել իր գոյության նույն ակնթարթից: Սերը այդպիսին է' եսասեր ու չհանդուրժող, գետնին տապալող ու երկրից վեր բարձրացնող: Իսկ մեզ մնում է ենթարկվել այդ կույր հեղեղին:

-Որտեղի°ց գիտես այդ ամենը:

-Ես հասցրել եմ ավելին սովորել իմ աշխատանքի շնորհիվ, քան կարող էի սեփական փորձից հասկանալ: Կյանքը ստիպում է մեզ լինել հենց այն մեկի կողքին, ով ամենից մեծ ցավն է պատճառում, ով ամենախորն է խոցում: Իսկ մարդը անես է դառնում, որովհետև նա ամեն ինչի ակունքը հենց այդ մեկի մեջ է տեսնում: Կան ճակատագրով տրված հոգիներ, որոնք ժամանակի ստվերը դարձած հետևում են մեզ, լցվում են մեր արյան ամեն կաթիլի մեջ:

Հյուբին լսում էր այն, ինչը հանդարտում էր նրա վերջին օրերի տագնապի ալիքը: Թեթև գլխապտույտ զգաց, երբ փորձեց բարձրանալ աթոռից: Սովորականից ավելի թեյավճար թողնելով սեղանին' երերուն քայլերով մոտեցավ դռան:

Հարթֆորդում օրերն անցնում էին խաղաղ, միանման: Ալեքսանդրան շարունակում էր ապրել նախկինի պես' չնկատելով Հյուբիի ներկայությունը: Իսկ Հյուբին ինքնաբերաբար ժամեր էր անցկացնում նրա կողքին: << Մենք միասին ենք մի ուրիշ աշխարհում: Այս աշխարհում թող որ լինեմ ստվերը քո: Սա էլ բավական է ինձ: Ես այստեղ եմ մինչև հանգչի լուսը վերջին քո պատուհանի, մինչև լռեն անհանգիստ ոտնաձայները քո, ու սիրտդ ինձ փակի իր պատերի մեջ>>:

***

«Ես արդեն զգում եմ գարունը, իսկ դա նշանակում է' երկար եմ ապրելու: Այսօր հասկացա, որ պետք է երանի տամ այն կավին, որին դիպչում են քո մատները, այն քեզ ավելի մոտ է, քան ես: Այդ միտքը ինձ զայրույթ է պատճառում, խանդից ու քեզ չտեսնելու վիրավորանքից սիրտս ցավում է: Քեզ ուզում եմ պատմել իմ անկյանք առավոտների մասին, որոնք ինձ չեն խոստանում քեզ հանդիպելու հույս: Ինձ փրկում են թռչունները, օդը պարտեզի, որտեղ ես զգում եմ քեզ, առնում բույրը քո: Ատում եմ տիեզերքը այսքան մեծ լինելու համար, որ մեզ նետել է իրարից հեռու: Նորից ու նորից խնդրում եմ քեզ, մի խուսափիր ինձանից: Ամեն անգամ, երբ որոշում եմ հանդիպել քեզ, միշտ ուշանում եմ: Հեռանում ես' ինձ թողնելով փակ դռների առաջ: Ես կխելագարվեմ քո կորստից: Անհնար է ապրելը այսպես, ես փրկություն եմ խնդրում, ես ազատության եմ ձգտում, ինչպես ջուրը ուղի է փնտրում:

Ուզում եմ ազատվել իմ մաշկից, որ կրում է քեզ իր մեջ, ուզում եմ ազատվել քեզնից, ինձանից, այս կյանքից, որ խեղդում է ինձ իր մեջ: Ուզում եմ ատել քեզ ինձ կործանելու համար: Էլ ոչինչ, ոչինչ պետք չէ ինձ քեզնից, նույնիսկ նա, ով մեծանում է իմ մեջ»: Հարթֆորդ, 10 մարտիծ

ԼԻԼԻ ՅԱՆ

Շարունակելի...