Մաս 6
Արվեստանոցի կիսաբաց պատուհանից բնության թարմ հոտ էր սողոսկում ու խառնվում ներսի պատերի մեջ չարչրկվող գաղջ ու հեղձուցիչ կավե օդին: Ներշնչանք էր ապակուց այն կողմ, իսկ այս կողմում կավն էր գալարվում մարդու մատների մեջ ու ձև առնում: Մարդու մտքերը կավի հետ շարժվում էին, աննպատակ թափառում ու նորից ետ վերադառնում: Մինչ միտքը ելակետ էր փնտրում, կավը դառնում էր անկենդան, տձև մարդուկ:Այդպիսի ֆիգուրներ շատ կային արվեստանոցում' բոլորն էլ բութ, քարե հայացքներով: Ինչու° էր մարդը սարքում նրանց, թե° կավն էր թելադրում մարդուն: Ամեն անգամ, երբ մտնում էր արվեստանոց, կավի հոտը քաղցածի պես կուլ էր տալիս մի շնչով, հետո երկար ու մանրազննին նայում էր պահարանում շարված մարդուկներին: Միայն երբեմն նկատում էր, որ դրանց թիվն օր-օրի ավելանում է: Մարդը չէր հիշում' երբ գոյացավ արվեստանոցը, բայց այստեղ կյանքն էր, իր կյանքը' անջատ, թաց, կավե կյանքը: Մարդը հիշում էր, որ երբ ինքը փոքր էր, ասենք' սեղանի ոտքի բարձրության, մի ուրիշ մարդ' իրենից ավելի մեծ, տանում էր իրեն կանաչ տարածություններ, ինքը նստում էր կանաչների մեջ ու սպասում: Վերևից մի տաք ջերմություն էր դիպչում իրեն ու խուտուտ տալիս: Հիմա, երբ այն մեծ մարդն այլևս չկա, ինքը չի գնում կանաչ տարածություններ, որովհետև ճանապարհը չի գտնի մենակ: Այն օրից, երբ արդեն զգաց, որ գիտակից է ու ճանաչում է մարդկանց, իրերը, սկսեց կավից պատրաստել այն, ինչը պատկերանում էր նրան իբրև լռություն ու անտարբերություն:
***
«Սիրելիս իմ անհանգստությունը գնալով աճում է: Վերջին երկու նամակներիս չես պատասխանել: Ես տխրում եմ: Թրենթոնից դուրս գալ չեմ կարող, Հյուբին իր հանդիմանող հայացքով ինձ հանգիստ չի տալիս: Երեկ մենք բախվեցինք նախասրահում, իսկ այսօր, երբ ես, այգու նստարանին նստած, դարձյալ մտածում էի քո մասին, նկատեցի նրա գողունի հայացքը պատուհանից: Այսպես այլևս հնարավոր չէ շարունակել: Դու պետք է ինձ ճիշտ ուղին ցույց տաս, պետք է օգնես ելք գտնել: Այնինչ լուռ ես:
Ես ամեն օր ապրում եմ քո շնչով' շարունակ խեղդվելով այս անվերջությունից: Չէ, անխելք եմ ես, որ շարունակում եմ սիրել մեղավոր անմեղությունդ, ջերմ սառնությունդ ու թանձր լռությունդ: Ես քեզ զգում եմ ամեն ժամ ու ամենուր:
Դու ինձնից ուժեղ ես, որ դիմացել ես այսքան ու չես ցավել ոչ մի ժամ մեր միջև եղած հեռավորության համար: Թող լինի, ինչ լինելու է, մեկ է' քեզնից հեռու, քեզ մոտ ու քեզնից հետո, քանզի լռությունը հույս է շաղում: Եթե հարկ լինի, ես կփախչեմ, միայն թե կանչես ինձ: Դու խոստացել ես, որ որոշում կկայացնես, իսկ ես ցանկացած որոշման դեպքում քո կողքին եմ, հավատա: Ամեն օր ստուգիր փոստարկղը, խնդրում եմ, այնտեղ անպայման մի մասնիկ կգտնես ինձնից նամակի տեսքով: Մի թող, որ երկար սպասեմ նամակներիդ»:
Հարթֆորդ,25 նոյեմբերի
ԼԻԼԻ ՅԱՆ
Շարունակելի...