Մտածիր, որ իմ կյանքում դու միակն ես, ես ամեն ինչ մերժեցի, ամեն ինչ մատնեցի կասկածի, բացի քեզնից...(Ալֆրեդ Դը Մյուսե)
Մաս 1
«Արդեն խոր աշուն է: Ես հին տանն եմ, ինչպես խոստացել էի քեզ վերջին նամակում: Երեկ վերադասավորեցի տան կահույքը, մաքրեցի բակի փոքրիկ այգին, չորացած տերևներով լցված լողավազանը: Անհամբեր սպասում եմ գարնանը, որ նորից ամեն ինչ կյանք վերադառնա: Այստեղ եմ մնալու: Չեմ հեռանա, չեմ կարող և ոչ էլ ուզում եմ քեզնից հեռու լինել: Դու գիտես, որ այստեղ բոլորից ու ինձնից հեռու ես հանգիստ կլինեմ, որովհետև բոլորի մեջ ու ամբոխի կողքին ես ինձ կորցնում եմ: Իսկ եթե ինձ կորցնեմ, չեմ գտնի քեզ, քեզ կկորցնեմ, ինչն ինձ համար հավերժություն է, որը չի ավարտվում: Հիշու°մես , երբ առաջին անգամ տեսա քեզ, և այժմ դու, ում էլ սպասելիս լինես, ինձ ես պատկանում, եթե նույնիսկ քեզ այլևս չտեսնեմ:Ասում են աշունը թախիծ է շնչում: Սուտ է, որովհետև աշնան լույսը, որը ես տեսնում եմ , ինձ քո լուսաշող հայացքն է հիշեցնում, որին ես առաջին անգամ հենց աշնանը հանդիպեցի:
Վերջին պատասխան նամակումդ գրել էիր, որ ուզում ես քեզ մոտ լինեմ, քո կողքին:Ես կատարեցի քո խնդրանքը, թեև խոստովանում եմ' դժվար էր: Հյուբին ինձ բաց չէր թողնում, մերթ խնդրում , մերթ սպառնում էր: Մինչև հիմա էլ կարծում է, թե ամուսնական կյանքի ճգնաժամն է ստիպում մեզ առժամանակ առանձին ապրել: Գիտես, ես խղճում եմ նրան, որ միշտ ազնիվ ու հավատարիմ է եղել իմ հանդեպ, բայց և արհամարհված իմ կողմից: Այս ամիսների ընթացքում ես նույնիսկ սկսել էի ատել Հյուբիին իմ հանդեպ ցուցաբերած անհանգստության և չափազանցված ուշադրության համար: Նա միշտ աչքի է ընկել իր մեղմ բնավորությամբ: Չգիտեմ' ինչպես եմ այսքան տարիներ ապրել նրա կողքին: Ասես չեմ ապրել' նա դանդաղ սպանել է ինձ իր լռությամբ: Ես ատում եմ նրան մեր համատեղ կյանքի ընթացքում ինձ այդպես էլ չմեղադրելու համար, որ իրեն երեխա չպարգևեցի: Նա լուռ կրում էր այդ ցավը իր սրտում, ես դա զգում էի, տեսնում էի նրա գունատ ու հաճախակի անքնությունից ուռած աչքերում: Այդ շրջանում երբ մեր միջև լուռ պայքար էր ընթանում, ես ինձ անջատված էի զգում ամեն ինչից և առաջինը հենց Հյուբիից: Աղերսող հայացքով նա ամեն պահի ինձնից բացատրություն էր խնդրում , բայց ես անդրդվելի էի: Ես չէի կարող ևս մեկ անգամ ինձ այդ փորձությանը ենթարկել: Մարիետտի մահից հետո ես կորցրեցի իմաստավոր ամեն բան այս աշխարհում, գույները զրկվեցին գույներից, բույրերը' բույրերից: Հյուբին ասում էր, որ ամեն վերջ նորի սկիզբն է, որ ես պետք է ուժեղ լինեմ, մոռանամ իմ վիշտը:Վստահ էի, որ Հյուբին անսահման սիրով ու գորովանքով կպատեր Մարիետտին, թեև նրա հայրը չէր:
Ես ճնշված էի, մենակ ու անօգնական: Ի վերջո որոշեցի հեռանալ: Այդ միտքը օրեցօր հասունանում էր իմ մեջ, իսկ քո վերջին նամակը ինձ ուժ ներշնչեց: Սիրտս քեզ հետ էր, քեզ մոտ ու քեզնից չէր բաժանվելու: Հիմա ես Հարթֆորդում եմ: Այսպես քեզ ավելի մոտ եմ և կկարողանամ պատասխանել նամակներիդ»:
Հարթֆորդ, 10 նոյեմբերի
Շարունակելի...