Հենց ես դռնից ներս մտա, Խորխեն ինձ ասաց.
- Ես քեզ համար հեքիաթ ունեմ:
- Հեքիա՞թ: Ինչո՞ւ այդպես միանգամից:
- Չգիտեմ, ինձ թվաց, որ դա քեզ չէր խանգարի:
- Լավ,- համաձայնեցի ես՝ ենթարկվելով նրա կարծիքին:
Դա շատ փոքրիկ քաղաք էր:
Այնքան փոքրիկ, որ երկրի քարտեզում չէր երևում:
Այնքան փոքր,որ ուներ միայն մեկ փոքրիկ հրապարակ, և այդ միակ հրապարակում աճում էր միակ ծառը:
Բայց մարդիկ սիրում էին այդ քաղաքը, սիրում էին իրենց հրապարակը և նրա ծառը՝ հսկայական օմբան՝ կանգնած հրապարակի մեջտեղում: Այդ փոքրիկ քաղաքի բնակիչների ամենօրյա կյանքի մի մասն էր կազմում ամեն երեկո՝ ժամը յոթին մոտ, աշխատանքից հետո, բնակիչները, լոգանք ընդունելով, հագնվելով և սանրվելով հանդիպում էին հրապարակում, որպեսզի մեկ պտույտ կատարեն օմբայի շուրջ:
Շատ տարիներ շարունակ երիտասարդ մարդիկ, իրենց ծնողները և ծնողների ծնողները ամեն օր հանդիպում էին օմբայի մոտ:
Երկար տարիներ այնտեղ գործարքներ էին կնքվում, ընդունվում էին կարևոր որոշումներ, պայմանավորվում էին հարսանիքներ անել և ճանապարհում էին հանգուցյալներին:
Մի անգամ մի անսովոր և հրաշալի բան կատարվեց՝ մի կողմնային արմատից, լրիվ ոչնչից աճեց կանաչ մի ճյուղ՝ երկու տերևներով:

 

 


Դա երիտասարդ շիվ էր: Առաջին շիվն էր օմբայի՝ իր գոյության առաջին իսկ օրվանից:
Երբ այդ առթիվ բուռն էմոցիաները անցան, ստեղծվեց կոմիսիա տոնը կազմակերպելու համար, որտեղ բոլորը կարող էին խմել այդպիսի կարևոր իրադարձության առիթով:
Ի զարմանս կազմակերպիչների, քաղաքի ոչ բոլոր բնակիչներն էին եկել այդ տոնախմբությանը: Կային նաև այնպիսինները, ովքեր ասում էին, որ երիտասարդ շիվը կարող է դառնալ խնդիրների աղբյուր:
Բանը նրանում է, որ մի քանի օրից, առաջինի հայտնվելուց հետո, սկսեց աճել երկրորդը: Եվ մեկ ամսում , արդեն օմբայի ծեր արմատներից աճեցին մոտ քսան կանաչ ճյուղեր:
Բայց որոշների ուրախությունը և անտարբերությունը երկար չձգվեց:
Հրապարակի պահակը տագնապ միացրեց: Ծեր օմբայի հետ ինչ-որ բան էր կատարվում: Նրա տերևները դեղնել էին, թույլ էին և հեշտությամբ թափվում էին: Կեղևը՝ նախկինում նուրբ և մսոտ էր, բոլորովին չորացել էր և ճրթճրթալով թափվում էր: Պահակը դրեց իր դիագնոզը:
- Օմբային ցավում է: Եվ հնարավոր է՝ մահանա:
Այդ օրը երեկոյան զբոսանքի ժամանակ բուռն քննարկում սկսվեց: Որոշները սկսեցին ասել,որ ամեն ինչում շիվերն են մեղավոր: Այդ մարդիկ բերում էին կոնկրետ և հիմնավորված փաստարկներ՝ մինչ շիվերի առաջացումը ամեն բան լավ էր ընթանում:

 

 


Շիվի պաշտպանները համոզեցին, որ մեկը մյուսի հետ կապ չունի, որ շիվերը ապագայի երաշխիք էին, եթե ինչ որ բան հանկարծ պատահի օմբայի հետ:
Երբ դիրքորոշումները պարզեցվեցին, կազմվեցին երկու ընդդիմադիր խմբեր՝ մեկը մյուսից հեռու: Գիշերը նրանք որոշեցին որոշում կայացնել այդ թեմայով՝ հաջորդ օրվա՝ քաղաքի բնակիչների հավաքույթին քննարկելու համար, որպեսզի կրքերը մի փոքր հանդարտվեն:
Բայց դա տեղի չունեցավ: Հաջորդ օրը օմբայի պաշտպանները, ինչպես իրենք իրենց սկսել էին անվանել, ասացին, որ խնդրիր լուծումը՝ վերադարձնելն է ամեն ինչ, ինչպես կա: Շիվերը գողանում են ուժերը ծեր օմբայից և մակաբուծում են նրա վրա: Նշանակում է, պետք է վերացնել շիվերը:
Կյանքի պաշտպանները, ինչպես իրեն անվանում էր երկրորդ խումբը, լսեցին նրանց անհանգիստ, քանի որ նրանք նույնպես որոշում ունեին կայացրած: Իրենց կարծիքով, հարկավոր է անմիջապես կտրել ծեր օմբան, որը իր դարը ապրել է և խլում է ջուրը նորածիններից: Ինչպես նաև անօգուտ էր պաշտպանել նրան, որովհետև նա արդեն մահացած էր:
Քննարկումը ավարտվեց վեճով, բղավոցներով, վիրավորանքներով և հարվածներով: Ոստիկանությունը ցրեց կռիվը՝ ուղղարկելով բոլորին տուն:
Օմբայի պաշտպանները հավաքվեցին հենց այդ նույն գիշերը և որոշեցին, որ իրադրությունը հուսահատ է, քանի որ իրենց հիմարագլուխ հակառակորդները չեն լսելու իրենց, հետևաբար հարկավոր է գործել: Զինվելով էտոցներով, բահերով և քլունգներով, նրանք որոշեցին առաջինը հարձակվել՝ շիվերի ոչնչացումից հետո, բանակցությունները գնացին այլ ուղղությամբ:

 

 


Իրենցից շատ գոհ, նրանք գնացին հրապարակ:
Մոտենալով ծառին, նրանք տեսան մի խումբ մարդկանց՝ ովքեր խարույկ էին վառել օմբայի շուրջ: Դա կյանքի պաշտպաններն էին՝ պլանավորում էին այրել նրան:
Երկու խմբերն էլ կրկին թեժ պայքարի մեջ մտան, բայց այս անգամ նրանց զենքը ատելությունն էր, վիրավորվածությունը և նպատակի խորտակումը:
Որոշ շիվեր այրվել և վնասվել էին կռվի ժամանակ:
Ծեր օմբայի բունը և ճյուղերը նույնպես ուժեղ վնասվել էին:
Ավելի քան քսան պաշտպաններ երկու կողմից էլ ընկան հիվանդանոց՝ վնասվածքներով և ծանրության տարբեր աստիճաններով:
Հաջորդ առավոտյան հրապարակը լրիվ այլ տեսք ուներ: Օմբայի պաշտպանները ցանկապատ էին կառուցել ծառի շուրջ, որը անդադար հսկում էին չորս զինված մարդիկ:
Կյանքի պաշտպաններն էլ իրենց կողմից խրամատ փորեցին և ձգեցին փշոտ փշալարը մնացած շիվերի շուրջը, որպեսզի կանխեն ցանկացած հարձակում:
Իրադրությունը այդ քաղաքում նույնպես անտանելի էր՝ ամեն մի խմբավորումը՝ ձգտելով ապահովել աջակցություն, ծայրահեղ քաղաքականացրել էր իրավիճակը և ստիպում էր մնացած բոլոր բնակիչներին ճշտորեն որոշել իրենց դիրքորոշումը: Օմբայի կողմնակիցները դարձան կատաղի թշնամիներ կյանքի պաշտպանների հետ, և համապատասխանաբար, ովքեր ուզում են պահպանել շիվերը, պետք է ատեն օմբայի պաշտպաններին:

 

 


Արդյունքում, որոշում կայացվեց ՝դիմել դատարան, որտեղ այդ ժամանակ փոքրիկ քաղաքի սրբազանն էր, որպեսզի նա բերեր իր վճիռը հաջորդ կիրակի: Այդ օրը թշնամական խմբերի ներկայացուցիչների միջև բռնկվեց խոսքային դուել: Բղավոցները սարսափելի էին և ոչ ոք չէր կարողանում լսել միմյանց:
Հանկարծ բացվեց դուռը և երկու խմբավորումները տեսան ավագին, ով դժվարությամբ հենվելով իր գավազանի վրա, դանդաղ մոտենում էր:
Ավագը, ով հիմա, հավանաբար, հարյուր տարեկանից ավել կլիներ, երիտասարդ տարիքում հիմնել էր այս քաղաքը, ծրագարավորել, թե որտեղով են անցնելու փողոցները, բաշխել հողային տարածքները կառուցապատման համար և, իհարկե, տնկել այդ ծառը:
Ավագին հարգում էին բոլորը, նրա խոսքերի մեջ իմաստություն կար՝ իր կյանքի ողջ ընթացքում:
Ծերունին ձեռքերը ետ տարավ, պարզեց, որպեսզի օգնեն իրեն, դժվարությամբ բարձրացավ բեմ և դիմեց հավաքվածներին:

 

 


- Հիմարնե՛ր,- ասաց նա: - Դուք ինքներդ ձեզ անվանում եք օմբայի պաշտպաններ, կյանքի պաշտպաններ.... Պաշտպաննե՞ր: Դուք ընդունակ չեք ոչ մեկին պաշտպանել, քանի որ ձեր միակ ցանկությունը՝ ցավ պատճառելն է բոլոր այլախոհներին: Դուք չեք գիտակցում ձեր սխալը, ոչ մեկն է ճիշտ,և ոչ էլ մյուսը:
Օմբան քար չէ: Դա կենդանի էակ է և ունի իր կյանքի ցիկլը: Այդ ընթացքում նա պետք է կյանք տա նրանց, ով կշարունակի իր գործը , այսինքն շիվեր տա, որոնք հետո կդառնան նոր ծառեր:
Բայց շիվերը, հիմարնե՛ր, միայն շիվեր չեն: Դրա համար էլ նրանք չեն կարող ապրել, եթե օմբան մահանա, և օմբայի գոյությունը անիմաստ կլիներ, եթե նա նոր կյանքի սկիզբ չտար:
Պատրաստվե՛ք կյանքի պաշտպաննե՛ր, պարապե՛ք և զինվե՛ք: Շուտով կգա ժամը այրել ձեր ծնողներին իրենց սեփական տներում, երբ նրանք կծերանան և կխանգարեն ձեզ:
Պատրաստվե՛ք և դուք օմբայի պաշտպաններ: Վարժություններ կատարեք շիվերի վրա: Դուք պետք է պատրաստ լինեք տրորել և սպանել ձեր երեխաներին, երբ նրանք ցանկություն ունենան գերազանցել Ձեզ կամ զբաղեցնել Ձեր տեղը:

 

 

 

Եվ դուք դեռ Ձեզ պաշտպաններ եք անվանում:
Երբ Ձեր միակ ցանկությունը՝
ավերելն է:
Եվ դուք Ձեզ հաշիվ չեք տալիս, որ ավերելով,
և ավերելով,
դուք ավերում եք նույնքան
անխուսափելի այն
ամենը,
ինչն ուզում եք պաշտպանել:
Մտածե՛ք:
Ձեզ քիչ ժամանակ է մնացել...

Ասելով դա, նա, բացարձակ լռության մեջ, դանդաղ իջավ բեմից, քայլեց դեպի դուռը.... և գնաց:
Խորխեն լռեց: Ես չկարողացա պահել արցունքներս: Վեր կացա և գնացի լուռ, հոգնած, բայց բացարձակ պարզ գլխով.... Դեռ որքա՜ն բան կար չարված:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Մերկը մեջքից"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան