Չգիտեմ, թե ինչու' կյանքիս ինչ-որ պահի գնացի տանջալից ու դժվար ճանապարհով:
Ամեն ինչ սկսվեց ընկերուհուս հանդեպ խանդի նոպայից: Նա գերադասել էր քոլեջի իր ընկերուհիների հետ հանդիպել՝ հետաձգելով մեր հանդիպումը: Այդ պահից սկսած՝ կորստի ու ցավի կանխազգացում հայտնվեց մոտս, որը միշտ առաջ է բերում այդ վիճակը:
Հոգեթերապևտի հետ հանդիպման ժամանակ խոսեցի այն մասին, թե որքան կարևոր է կարողանալ հաղթահարել կորուստը, բայց միաժամանակ ինձ շատ վշտացած էի զգում:
- Չեմ հասկանում, թե ինչու պետք է ընկերուհուս կիսեմ իր ընկերուհիների հետ, իսկ ընկերներիս՝ իրենց ընկերուհիների հետ: Այսպես եմ խոսում, որպեսզի ինքս ինձ լսեմ ու հասկանամ, թե ինչ հիմարություն է: Խնդրում եմ, օգնի՛ր ինձ: Երբ ինչ-որ բան ինձ է պատկանում, զգում եմ, որ իրավունք ունեմ վարվելու այնպես, ինչպես ցանկանամ, տամ այն որևէ մեկին, թե չտամ, որքան ժամանակով տամ: Քանի որ այն իմն է:
Խորխեն թեյնիկը մի կողմ դրեց և ահա, թե ինչ պատմեց:
Նա ցրված քայլում էր փողոցով, երբ տեսավ նրան: Դա մեծ, սքանչելի ոսկե բլուր էր: Արևի ճառագայթներն ուղիղ ընկնում էին նրա վրա և այն տեղերում, որտեղ հպվում էին նրան, նա լցվում էր տարբեր գույներով ու նմանվում ուրիշ գալակտիկայից եկած օբյեկտի, կարծես Ստիվեն Սպիլբերգի ֆիլմերից դուրս եկած լիներ:
Նա որոշ ժամանակ նայում էր , կարծես հիպնոսացած լիներ:
«Հավանաբար տեր ունի»,- մտածեց նա:
Նայեց շուրջը, բայց ոչ ոք չկար:
Վերջապես մոտեցավ ու ձեռք տվեց՝ տաք էր:
Շոշափելով նրա մակերևույթը՝ նա որոշեց, որ նրա փափկությունը և նրբությունը լրիվ համապատասխանում են նրա գեղեցկությանն ու փայլին:
«Ցանկանում եմ, որ այն ինձ պատկանի »,- մտածեց նա:
Շատ զգուշորեն վերցրեց ու գնաց քաղաքից դուրս:
Զմայլված՝ նա անտառ մտավ և հասավ բացատին:
Այնտեղ, ետկեսօրյա արևի տակ, զգուշորեն դրեց խոտերին, նստեց կողքին, որպեսզի հիանա նրանով:
«Կյանքում առաջին անգամ մի արժեքավոր բան ունեցա: Ինչ-որ բան, որը ինձ է պատկանում: Միայն ինձ»,- մտածեցին երկուսն էլ միաժամանակ:
Երբ ինչ- որ բան ենք ունենում և հպատակվում ենք՝ կախման մեջ ընկնելով այդ ինչ-որ բանից՝ ո՞վ է ում պատկանում, Դեմիա՛ն:
Ո՞Վ Է, ՈՒՄ ՊԱՏԿԱՆՈՒՄ
Խորխե Բուկայից
Էդվարդ Մունկ "Կիրք"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան