- Բացի հաստագլուխներից կան նաև այնպիսի մարդիկ, որ չեն ընդունում ոչ մեկի օգնությունը,- բողոքեցի ես:
Հաստլիկը հարմար տեղավորվեց և պատմեց ինձ.
- Քաղաքից դուրս կար մի փոքրիկ տնակ, ագարակատան նման մի բան: Նրա ետևի մասը իր տրամադրության տակ ուներ փոքրիկ արհեստանոց ինչ-որ գործիքներով և հաստոցներով, իսկ ետևում՝ երկու սենյակ, խոհանոց և լրիվ հասարակ մի լոգարան:
Խոակինը չէր բողոքում: Վերջին երկու տարիներին հյուսնի արհեստանոցը « Էլ Սետե» դարձել էր քաղաքում շատ հայտնի և նա բավարար վաստակում էր, որպեսզի չվատներ իր խղճուկ խնայողությունները:

 


Հենց այդ առավոտյան, ինչպես միշտ արթնացավ յոթն անց կեսին, որպեսզի տեսնի արևածագը: Բայց նա այդպես էլ չկարողացավ հասնել ծովին, քանի որ տանից երկու մետր այն կողմ ընկած էր վիրավոր և այլանդակված մի պատանի:
Խոակինը ծնկների վրա նստեց և ականջը դրեց նրա կրծքին.... Այնտեղ՝ խորքում, սիրտը վերջին ուժերով փորձում էր պահպանել այն, ինչը դեռևս մնացել էր կյանքից այդ կեղտոտ մարմնում՝ արյան և սպիրտի գարշահոտով:
Խոակինը գնաց սայլակի ետևից և պատանուն դրեց նրա վրա: Գալով տուն, նա մարմինը տեղավորեց իր մահճակալին, հանեց ցնցոտիները նրա վրայից և զգուշորեն լվաց ջրով, օճառով և սպիրտով:
Պատանին հարբած էր և վայրենաբարո ծեծված: Նրա ձեռքերին և մեջքին քերծվածքներ կային և նաև կոտրված էր աջ ոտքը:

 


Հաջորդող երկու օրերին Խոակինի ողջ օրը սևեռված էր իր անկոչ հյուրի առողջության մասին հոգ տանելով՝ նա բուժեց և վիրակապեց վերքերը, ամրացրեց կոտրված ոտքը երկու փայտիկի վրա և փոքրիկ գդալով կերակրեց պատանուն հավի արգանակով:
Երբ երիտասարդը կենդանացավ, Խոակինը նրա կողքին էր և նայեց նրան տագնապով և նրբորեն:
- Ինչպե՞ս ես քեզ զգում, - հարցրեց նա:
- Լավ..... ինձ թվում է,- պատասխանեց պատանին՝ նայելով իր լավացած և բուժված մարմնին: - Ո՞վ է հոգ տարել իմ մասին:
- Ես
- Ինչու՞
- Որվհետև դու վիրավոր էիր
- Միայն դրա համա՞ր
- Ոչ, նաև ինձ օգնական է պետք:
Եվ երկուսն էլ ողջ հոգով ծիծաղեցին:
Կերակրված, քնած և չխմած ոչ մի գրամ ալկոհոլ այդ օրվանից, Մանուելը, այդպես էին նրան անվանում, արագ առողջացավ:

 


Խոակինը փորձեց սովորեցնել նրան իր արհեստը, Մանուելը ամեն գնով փորձում էր խուսափել աշխատանքից: Բազմիցս Խոակինը ներշնչում էր նրան, անպետք սանձարձակ կյանքով, առավելապես արդար աշխատանքի մասին, բարի անվան և բարեկեցիկ կյանքի մասին: Երբեմն թվում էր, որ նրան հաջողվում էր համոզել Մանուելին, բայց երկու ժամ կամ երկու օր հետո նա ժամանակին չէր արթնանում կամ մոռանում էր կատարել աշխատանքը, որը հանձնարարել էր Խոակինը:
Անցավ մի քանի ամիս, և Մանուելը վերջնական ապաքինվեց: Խոակինը նրան տվեց տան ամենամեծ սենյակը, բիզնեսի մի մասը և առաջին հերթին լոգարանը՝ փոխանակելով այն խոստման հետ, որ ամբողջությամբ կնվիրվի աշխատանքին:
Մի անգամ գիշերը, մինչ Խոակինը քնած էր, Մանուելը որոշեց, որ վեց ամիս ինքնազսպումը լրիվ բավարար էր և որ մեկ փոքրիկ բաժակը ընդհանրպես չի խանգարի: Նա փակեց դուռը իր սենյակի ներսից և պատուհանից դուրս թռավ՝ թողնելով լույսը վառած, որ տպավորություն լինի թե նա տանն է, այն դեպքում, եթե Խոակինը հանկարծ արթնանա կեսգիշերին:
Առաջին բաժակին հաջորդեց երկրորդը, հետո երրորդը, չորրորդը, և էլի, էլի….
Նա երգ էր երգում իր բաժակակիցների հետ, երբ բարի մոտ եկան հրշեջները: Մանուելը ոչ մի վատ բան չմտածեց, մինչև որ լուսաբացին, ճոճվելով հասավ տուն ու տեսավ փողոցում հավաքված ամբողը:
Հրդեհից փրկվել էին միայն պատերի մի մասը, հաստոցներ և ինչ-որ գործիքներ: Մնացած ամենը մոխրացրել էր կրակը: Խոակինից մնացել էր միայն չորս կամ հինգ ածխացած ոսկորներ, որոնք էլ թաղեցին գերեզմանում, որտեղ Մանուելը խնդրեց փորագրել հետևյալ նախադասությունը.
‹‹Ես դա կանեմ Խոակին, ես դա կանեմ››:

 

 


Մեծ ջանքերով Մանուելը վերականգնեց հյուսնի արհեստանոցը: Նա ծույլ էր, բայց ոչ անգործունակ, իսկ աշխատանքային հմտությունները, որոնք Խոակինից էր ստացել, օգնեցին նրան պահպանել այդ բիզնեսը:
Նրան միշտ թվում էր, որ Խոակինը ինչ-որ տեղից նայում է իրեն և մշտապես նկատողություն է անում: Մանուելը միշտ հիշում էր նրան, երբ իր կյանքում ինչ-որ կարևոր բան էր լինում՝ ամուսնություն, առաջին երեխայի ծնունդ, առաջին մեքենայի գնում:
Իսկ այդտեղից հինգ կիլոմետր հեռու, Խոակինը ողջ-առողջ, ինքն իրեն հարցնում էր, նա արդյոք ուներ իրավունք ստել և հրդեհել այդպիսի գեղեցիկ տունը ՝միայն նրա համար, որպեսզի փրկի մի երիտասարդի:
Նա այդ հարցին դրական պատասխանեց և ծիծաղեց՝ հիշելով, թե ինչպես քաղաքի ոստիկանները շփոթեցին խոզի ոսկորները մարդու ոսկորների հետ….
Նրա նոր հյուսնի արհեստանոցը ավելի համեստ էր նախորդից, բայց արդեն հայտնի էր հարևան քաղաքում: Այն անվանվում էր ‹‹Էլ Օչօ››.
- Երբեմն, Դեմիա՛ն, կյանքի հանգամանքներից ելնելով, դժվար է լինում օգնել սիրելի մարդուն:

 

 

Մանավանդ այն դեպքում, երբ անհրաժեշտ է լինում դժվարությունների միջով անցնել, միայն նրա համար, որպեսզի օգնենք հարազատին: Դա ամենևին բարոյական պարտք չէ կամ էլ դրա նման մի բան: Դա կյանքի ընտրությունն է, որը ցանկացած մեկը կարող է անել իր ժամանակին և սեփական նախաձեռնությամբ: Երախտապարտ լինելով իմ սեփական փորձին, ես եկա այն եզրահանգման, որ ազատ և ինքն իրեն լավ իմացող մարդը շռայլ է, ձգտում է օգնել ուրիշներին և երջանիկ է՝ տալով և ընդունելով նվերներ: Դրա համար էլ, ամեն անգամ, հանդիպելով մարդկանց, ովքեր մտածում են միայն իրենց մասին, մի՛ շտապիր ատել նրանց՝ նրանց բավական է իրենց խնդիրները:

 

 

Եվ ամեն անգամ, երբ ինքդ քեզ կբռնացնես անազնիվ, ստոր և չնչին մտքերի վրա, մի բաց թող հնարավորությունը մտածելու՝ ի՞նչ է քեզ հետ կատարվում: Ես վստահ եմ, ինչ-որ տեղ դու շեղվել ես ճիշտ ճանապարհից: Մի անգամ ես գրեցի՝
Նևրոտիկին հարկավոր չէ
Ո՛չ հոգեթերապևտ,
Ով իրեն կբուժի,
Ո՛չ հայր, որ իր մասին հոգ կտանի:
Այն ամենը, ինչ իրեն պետք է,-
Դա ուսուցիչն է, ով իրեն ցույց կտա՝
Որ կետում է նա մոլորվել:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Մելանքոլիա 3"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան