- Չեմ կարող,- ասացի ես նրան:- Չեմ կարող:
- Դու վստահ ե՞ս - հարցրեց նա ինձ:
- Այո, ամենից շատ ես կուզենայի նստել նրա դիմաց և պատմել իմ զգացմունքների մասին..... Բայց ես գիտեմ, որ չեմ կարող:
Հաստլիկը նստեց Բուդդայի պոզայով իր կաբինետի այդ սարսափելի կապույտ բազկաթոռներից մեկի մեջ:
Ժպտաց, նայեց ուղիղ իմ աչքերին և իջեցնելով ձայնը, ինչպես նա անում էր միշտ, երբ ուզում էր, որ իրեն ուշադիր լսեն,ասաց.
- Ուզո՞ւմ ես, ես քեզ կպատմեմ......
Եվ չսպասելով իմ համաձայնությանը, Խորխեն սկսեց պատմել.
- Երբ ես փոքր էի, ես պաշտում էի կրկեսը, և ամենից շատ կրկեսում ինձ դուր էին գալիս կենդանիները: Առանձնահատուկ կերպով ինձ գրավում էր փիղը, որը, ինչպես հետո իմացա, նաև մնացած երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր արտասովոր քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը' գետնի մեջ խրված ցցին:
Դա ընդամենը մի փոքրիկ փայտե կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Եվ չնայած շղթան հաստ և ամուր էր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անել, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ է մնացել:
Ի՞նչն էր նրան պահում:
Ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ ես հինգ թե վեց տարեկան էի, ես հավատում էի մեծերի իմաստունությանը: Ես տալիս էի այդ հարցերը, չեմ հիշում ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե հորեղբորս: Նրանցից մեկը բացատրեց ինձ, որ փիղը չի գնում, որովհետև նա ընտելացրած է:
Այդ ժամանակ ես տվեցի լրիվ ակնհայտ մի հարց՝ «Եթե նա ընտելացրած է, էլ ինչո՞ւ են նրան շղթային կապում»:
Հիշում եմ, ես չստացա ոչ մի բավարար պատասխան: Ժամանակի ընթացքում ես մոռացա փղին էլ, նրա շղթայի հանելուկի մասին էլ և հիշում էի միայն այլ մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ ես հայտնաբերեցի, որ, ի երջանկություն ինձ, բավարար իմաստուն մի մարդ գտել էր հանելուկի պատասխանը:
Կրկեսի փիղը չի փախչում, քանի որ նա մանկուց կապված է այդ ցցին:
Ես փակեցի աչքերս և պատկերացրեցի անպաշտպան նորածին փղիկին՝ կապված ցցին: Վստահ եմ, որ այդ ժամանակ փղիկը ձգել է ողջ ուժով, որպեսզի ազատվի: Բայց, չնայած այդ բոլոր ձգտումներին, ոչնչի չի հասել, քանի որ այդ ժամանակ ցիցը շատ ամուր է եղել իր համար:
Պատկերացրեցի, թե երեկոյան ինչպես է նա ուժասպառ լինում, իսկ առավոտյան նորից փորձում ու փորձում... Մինչև իր համար մի սարսափելի օր, նա ենթարկվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը չի փախչում կրկեսից, որովհետև խեղճը կարծում է, որ չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է այդ զգացողությունը սեփական անզորության,որն ապրել է անմիջապես ծնվելուց հետո:
Եվ ամենից վատը, որ նա այլևս երբեք կասկածի տակ չդրեց այդ հիշողությունները:
Այլևս երբեք նա չի փորձել կիրառել իր ուժերը:
- Այդպիսին է կյանքը, Դեմիան: Մենք բոլորս էլ մի քիչ նման ենք կրկեսի փղին. այս աշխարհում մենք կապված ենք հազարավոր ցցերից, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Մենք ապրում ենք՝ ենթադրելով, որ «չենք կարող» անել շատ բաներ, միայն նրա համար, որ մի անգամ, շատ վաղուց, երբ մենք փոքր էինք, մենք փորձել ենք դա անել և չենք կարողացել:
Այդ ժամանակ մենք վարվել ենք այնպես, ինչպես այդ փիղը, մենք մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և չեմ կարողանա երբեք»:
Մենք մեծացել ենք այդ հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ այլևս երբեք չենք փորձել դուրս հանել ցիցը:
Երբեմն, լսելով շղթայի ձայնը, մենք հայացք ենք գցում ցցի վրա և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
Խորխեն երկար դադար տվեց: Հետո մոտեցավ ինձ, նստեց հատակին ինձ դեմառդեմ և շարունակեց.
- Ահա, թե ինչ է քեզ հետ կատարվում, Դեմի՛: Քեզ մոտ ծանրացած է հիշողությունը Դեմիանի մասին, որը արդեն չկա, ով չէր կարողացել:
Եվ միակ ճանապարհը իմանալու, կարող ես հասնել դու ինչ-որ բանի, նոր փորձ անելն է՝ դնելով նրա մեջ ողջ հոգիդ......
Քո ողջ հոգին:
Խորխե Բուկայից
Յացեկ Էրկա "Առյուծի երեկոն"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան