Կար-չկար մի մարդ կար, այնպիսին, ինչպիսին բոլորը՝ միանգամայն սովորական մարդ:
Մի գեղեցիկ օր, նա նկատեց, որ մարդիկ, անհասկանալի է, թե ինչու, սկսել էին գովաբանել իր բարձր հասակը՝
- Ինչքա՜ն բարձրահասակ ես դու:
- Ինչպե՜ս ես բոյովացել:
- Ես նախանձում եմ քո հասակին....
Սկզբից դա նրան զարմացնում էր, մի քանի օրվա ընթացքում նա նկատեց, որ գաղտնի աչք են գցում խանութների ցուցատախտակներից և ավտոբուսի պատուհաններից իր արտացոլանքին:
Բայց նրան անընդհատ թվում էր, որ ինքն այնպիսին է, ինչպես առաջ, ոչ բարձրահասակ, ոչ էլ ցածրահասակ....

 


Նա որոշեց մեծ նշանակություն չտալ դրան, բայց երբ մի քանի շաբաթ անց նա նկատեց, որ չորս հանդիպածներից երեքը նայում են իրեն ոտքից գլուխ, նրան հետաքրքիր դարձավ՝ ինչ է կատարվել:
Մարդը գնեց սանտիմետր, որպեսզի չափի իր հասակը, և դա արեց ողջ մանրամասնությամբ: Մի քանի ստուգումներից և չափումներից հետո նա հաստատեց, որ իր հասակը այնպիսին էր, ինչպես նախկինում:
Բայց բոլորը շարունակում էին հիանալ նրանով:
- Ինչքա՜ն մեծ ես դու:
- Ինչքա՜ն բարձրահասակ ես դու:
- Ես նախանձում եմ քո հասակին....
Եվ նա սկսեց ժամերով կանգնել հայելու առջև, ուսումնասիրել իրեն և փորձում էր հասկանալ, արդյո՞ք նա դարձել է ավելի բարձրահասակ, քան նախկինում էր:
Բայց նա տեսավ, որ իր հասակը չի փոխվել: Եվ մնացել էր այնպիսին, ինչպիսին սովորաբար եղել էր՝ ոչ բարձր, ոչ ցածր:
Եվ նա որոշեց պատի վրա կավիճով ամենաբարձր կետը նշել, որպեսզի հաջորդ անգամ կարողանա նկատել փոփոխությունները:
Իսկ մարդիկ դեռ շարունակում էին ասել:
- Ինչքա՜ն բարձրահասակ ես դու:
- Ինչքա՜ն բարձր ես:

 

 


- Ես էլ կուզենայի ունենալ այդպիսի հասակ...
Եվ ծալում էին ծնկները, որպեզի նրան ներքևից նայեն:
Անցան օրեր:
Մարդը շարունակում էր չափել իր հասակը, բայց նշված կետը մնում էր անփոփոխ:
Այդ ժամանակ նա մտածեց, որ իրեն ուղղակի ծաղրում են: Եվ դրա համար էլ, հենց խոսքը գնում էր հասակի մասին, նա միանգամից փոխում էր խոսակցության թեման, կամ վիրավորում էր զրուցակցին, կամ կտրուկ հեռանում էր՝ չարտահայտելով ոչ մի բառ:
Բայց դա էլ չօգնեց: Ամեն ինչ շարունակվում էր էլի ու էլի:
- Ինչքա՜ն բարձրահասակ ես դու:
- Ինչպե՜ս ես բոյովացել:
- Ես նախանձում եմ քո հասակին....
Մարդը բավական վճռական էր և մտածեց, որ այդ երևույթին պետք է լինի ինչ-որ մի բացատրություն:
Նրանով հիանում էին և դա նրան հաճելի էր, և նա շատ էր ուզում, որ հենց այդպես էլ ամեն ինչ լիներ իրականում:
Նա մտածեց, միգուցե աչքե՞րն էին իրեն խաբում:
Կարող է նա աճել է և դարձել է հսկա ինչ-որ կախարդանքով՝ ինքն էլ չիմանալով և չնկատելով:
- Այո, երևի այդպես էլ կա:
Եվ հանգստանալով այդ բացահայտմամբ, մարդը դրանից հետո երջանիկ զգաց իրեն:

 

 


Նա հաճույք էր ստանում շրջապատողների ամեն բառից և հայացքից:
- Ինչքա՜ն բարձրահասակ ես դու:
- Ինչպե՜ս ես բոյովացել:
- Ես նախանձում եմ քո հասակին....
Մեր հերոսին հաճելի չէր խաբված լինել: Եվ հիմա նա ազատվեց այդ զգացողությունից:
Բայց մի անգամ հրաշք կատարվեց:
Նա մոտեցավ հայելուն և տեսավ, որ իրականում բոյովացել է:
Ամեն ինչ պարզ դարձավ: Կախարդանքը ավարտվեց:
Նա սկսեց քայլել՝ ձգելով ողջ հասակը:
Գլուխը ետ գցելով:
Նա հագնում էր հագուստ, որը ընդգծում էր իր կեցվածքը, և գնեց մի քանի զույգ պլատֆորմով կոշիկ:
Մարդը սկսեց մյուսներին բարձունքից նայել:
Եվ հիմա մարդկանց բառերը նրան հպարտությամբ էին լցնում և շոյում ականջը՝
- Ինչքա՜ն բարձրահասակ ես դու:
- Ինչպե՜ս ես բոյովացել:
- Ես նախանձում եմ քո հասակին....
Նրա ուրախությունը վերածվեց փառամոլության, իսկ այն իր հերթին՝ անսահման գոռոզության:
Նա արդեն չէր վիճում նրանց հետ, ովքեր խոսում էին իր հասակի մասին: Հիմա նա հաճույքով միանում էր զրույցներին՝ տալով խորհուրդներ՝ ինչպես արագ բոյովանալ:

 

 


Եվ այդպես շարունակվեց այնքան, մինչև..... նա չհանդիպեց գաճաճին: Նրան ճնշում էր փառամոլությունը: Մարդը շտապում էր հավասարվել մյուսներին, նա իրեն բարձր էր զգում, ինչպես երբեք....
Բայց ի զարմանս իրեն, գաճաճը պահպանում էր լռություն:
Գոռոզը հազաց, բայց գաճաճը, թվում էր, թե չէր էլ նկատել իրեն: Եվ չնայած որ նա ձգվեց այնպես, որ քիչ էր մնում ծռեր վիզը, գաճաճը մնաց ավրդով:
Երբ իր համբերությունը սպառվեց, նա շշնջաց գաճաճին:
- Քեզ չի՞ զարմացնում իմ հասակը: Քեզ չի՞ թվում, որ ես հսկա եմ:
Գաճաճը նայեց նրան ներքևից վերև: Հետո ևս մեկ անգամ նայեց նրան և թերահավատորեն արտահայտվեց՝
- Գիտես, իմ հասակից բոլորն էլ ինձ հսկաներ են թվում, իսկ ինձ համար դու բարձր չես, քան մնացած բոլորը:
Գոռոզ բարձրահասակ մարդը ուշադիր զննեց նրան և չգտավ ոչինչ ավելի լավ, ինչքան փնթփնթալը.
- Գաճաճ:
Նա վերադարձավ տուն, մոտեցավ հյուրասենյակի մեծ հայելուն և կանգնեց նրա առջև....
Նրան թվաց, թե ավելի է ցածրացել, քան առավոտյան էր:

 

 


Նա գնաց նշագծած պատի մոտ:
Կավիճով ընդգծեց իր հասակը և..... ամեն բան համընկավ:
Նա վերցրեց սանտիմետրը և անհանգստությունից դողալով, չափեց իր հասակը, որպեզի համոզվի մի բանում, ինչն արդեն հայտնի էր:
Նա չէր բարձրացել և ոչ մի միլիմետրով.....
Այս ողջ ընթացքում չէր բոյովացել ոչ մի միլիմետրով.....
Ի՞նչ անի նա հիմա, երբ հանդիպի ուրիշներին:
Հիմա նա հաստատ գիտի, որ նրանցից բարձր չէր:
Մարդը լաց եղավ:
Նա նետվեց մահճակալի վրա՝ որոշելով, որ էլ երբեք դուրս չի գալու տանից:
Նա ամաչում էր իր իսկական հասակից:
Նայելով պատուհանից, նա տեսավ մարդկանց, ովքեր մոտենում էին իր տանը ....
Բոլորը այնքա՜ն բարձրահասակ էին թվում:
Տագնապով նա կրկին վազեց հայելու մոտ, հիմա արդեն նրա համար, որպեսզի ստուգի, արդյոք չի ցածրացել:
Ոչ, նրա հասակը նույնն էր....
Եվ այդժամ նա հասկացավ....
Բոլորը մյուսներին նայում են կամ վերևից կամ ներքևից:

 

 


Բարձրահասակ կամ ցածրահասակ մենք դառնում ենք մեր աշխարհի պատկերացումներին համապատասխան,
համապատասխան մեր սահմանափակումների,
համապատասխան մեր սովորույթների,
համապատասխան մեր ցանկությունների,
համապատասխան բարձրահասակ կամ ցածրահասակ լինելու անհրաժեշտության.....
Մարդը ժպտաց և դուրս եկավ փողոց:
Նա իրեն այնքան թեթև էր զգում, որ գրեթե լողում էր մայթի վրա:
Հանդիպելով հազարավոր մարդկանց, մեկին նա թվում էր հսկա, մյուսին՝ գրեթե գաճաճ... բայց նրանցից ոչ ոք չխախտեց նրա հանգստությունը:
Հիմա նա գիտեր, որ ինքը նրանցից մեկն է:
Ընդամենը նրանցից մեկը...
Ինչպես բոլորը...
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Խաղացողը"

 

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան