Ես արդեն երրորդ կուրսում էի սովորում և ինչպես շատ ուրիշ ուսանողներ, մտածում էի՝ արժե՞ ուսումը շարունակել: Այս մասին զրուցեցի իմ հոգեթերապևտի հետ՝ շատ լավ հասկանալով, որ ինքս ինձ պարտադրում եմ շարունակել ուսումս:
- Հարցն էլ հենց դրանում է,- ասաց Հաստլիկը:- Քանի դեռ մտածում ես, որ պարտավոր ես ուսումդ շարունակել և դիպլոմ ստանալ, այդ գործընթացը քեզ ոչ մի հաճույք չի պատճառի: Իսկ եթե դու գոնե մի քիչ հաճույք չստանաս, քո անձի որոշ կողմերը կարող են չար կատակ խաղալ քեզ հետ:
Խորխեն անընդհատ կրկնում էր, որ չի հավատում պարտադրանքին: Նրա կարծիքով, անհնար է պարտադրանքով որևէ լավ բանի հասնել: Չնայած, ինձ թվում է, որ այստեղ նա սխալվում էր: Ծայրահեղ դեպքում սա կարող էր բացառություն լինել՝ միայն օրինաչափությամբ հաստատված:
- Բայց, Խորխե՛, ես չեմ կարող ուսումս թողնել,- ասացի ես:- Չեմ կարծում, որ այն աշխարհում, որտեղ ես պետք է ապրեմ, առանց բարձրագույն կրթության կարող եմ ինչ-որ բանի հասնել: Ամեն դեպքում, դիպլոմը որոշակի երաշխիք է:

 

 


- Հնարավոր է, -ասաց Հաստլիկը,- գիտե՞ս, թե ինչ է Թալմուդը:
- Այո:
- Թալմուդում մի հեքիաթ կա ամենասովորական մի մարդու՝ հասարակաց տան դռնապանի մասին:
Այդ քաղաքում չկար ավելի ցածր վճարվող և ավելի անհարգալից աշխատանք, քան հասարակաց տան դռնապանը… Բայց էլ ինչո՞վ կարող էր այդ մարդը զբաղվել:
Իրականում նա ո´չ գրել գիտեր, ո´չ կարդալ և ոչ մի մասնագիտություն չուներ: Նա իսկապես իր տեղում էր, չէ՞ որ նրա հայրն էլ իր ժամանակին որ այդ հասարակաց տանը դռնապան աշխատել, իսկ նրանից առաջ էլ ՝ նրա հոր հայրը:
Տասնյակ տարիներ շարունակ հասարակաց տունն անցնում էր հորից որդուն, և դռնապանությունն էլ՝ նմանապես:

 

 


Մի անգամ մահացավ հասարակաց տան ծեր տերը, և տան գլուխ անցավ նպատակասլաց, ստեղծագործ, ձեռներեց երիտասարդը: Նա որոշեց արդիականացնել բիզնեսը:
Սենյակները վերանորոգելուց հետո, նա կանչեց ծառայող անձնակազմին՝ հրահանգների համար:
Նա դռնապանին ասաց.
- Այսօրվանից սկսած' ձեր սովորական պարտականություններից բացի, դուք պետք է ներկայացնեք շաբաթական հաշվետվություն: Այնտեղ դուք պետք նշեք յուաքանչյուր օր այցելած զույգերի քանակը: Ամեն հինգ զույգից մեկին դուք պետք է հարցնեք, թե ինչպիսի կարծիք ունեն մեր սպասարկման մասին և ինչ կցանկանային փոխել: Եվ շաբաթը մեկ անգամ դուք պետք է ներկայացնեք ինձ այդ հաշվետվությունը՝ ձեր արած մեկնաբանություններով:

 

 


Դռնապանի դողաց: Նա երբեք աշխատանքից չէր վախեցել, բայց…
- Ես երջանիկ կլինեի ծառայելու Ձեզ, պարո՛ն, բայց... ես ո´չ կարդալ գիտեմ, ո´չ գրել:
- Ախ, ի՜նչ ափսոս:Ինչպես դուք հասկանում եք, ես չեմ կարող լրացուցիչ մարդ վարձել, ով որ այդ աշխատանքը անի, բայց սպասել, մինչև դուք գրել, կարդալ սովորեք, նույնպես չեմ կարող, այդ պատճառով էլ…
- Բայց, պարո´ն, դուք չեք կարող ինձ աշխատանքից ազատել: Ամբողջ կյանքս ես այստեղ եմ աշխատել, ինչպես իմ հայրն ու պապը:
Նրան թույլ չտվեցին խոսքն ավարտել:
- Լսե՛ք, ես ամեն բան հասկանում եմ, բայց ոչինչ չեմ կարող անել Ձեզ համար: Բնական է, որոշակի հատուցում կստանաք, այսինքն' որոշակի գումար, սնվելու համար՝ մինչև նոր աշխատանք գտնելը: Շատ եմ ափսոսում: Հաջողություն:
Եվ նա շուռ եկավ ու գնաց:

 


Մարդը զգաց, որ աշխարհը փլվում է: Նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ կարող է այդպիսի վիճակում հայտնվել: Կյանքում առաջին անգամ նա տուն վերադարձավ գործազուրկ: Ի՞նչ է հիմա լինելու:
Նա հիշեց, որ երբեմն, երբ հասարակաց տանը մահճակալ կամ պահարանի ոտք էր կոտրվում, իր մոտ ստացվում էր ամենապարզ արագ վերանորոգումն անել՝ մուրճի և մեխերի օգնությամբ: Եվ մտածեց, որ սկզբնական շրջանում կարող է դրանով զբաղվել, մինչև ինչ-որ մեկը աշխատանք կառաջարկի իրեն:
Նա տանը անհրաժեշտ գործիքներ փնտրեց, բայց միայն մի քանի ժանգոտ մեխ և մաշված աքցան գտավ: Նրան պետք էր գործիքների մի ամբողջական հավաքածու գնել, և նա պատրաստ էր դրա համար ծախսել ստացած փողի մի մասը:
Հարևաններն ասացին, որ իրենց քաղաքում գործիքների խանութ չկա, և ստիպված է էշով գնա հարևան քաղաքը, որը երկու օրվա հեռավորության վրա է: «Եվ ի՞նչ»,- մտածեց նա: Եվ ճանապարհ ընկավ:
Վերադարձավ' իր հետ բերելով գործիքների գեղեցիկ մի արկղ: Նա դեռ չէր հասցրել կոշիկները հանել, երբ դուռը ծեծեցին՝ իր հարևանն էր:
- Եկել եմ հարցնեմ' չե՞ք կարող մուրճը ժամանակավորապես տրամադրել:

 

 

 


- Գիտեք, այն հենց նոր եմ գնել, և ինձ պետք է աշխատանքի համար.....Ախր, ինձ աշխատանքից ազատել են . . .
- Հասկանում եմ, բայց վաղը առավոտ շուտ կվերադարձնեմ:
- Պայմանավորվեցինք:
Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, հարևանը, ինչպես և խոստացել էր, դուռը ծեծեց:
- Գիտեք՝ մուրճը ինձ դեռ պետք է: Չե՞ք կարող այն վաճառել ինձ:
- Ոչ, ոչ, այն ինձ աշխատանքի համար է պետք: Իսկ մինչև գործիքների խանութը երկու օրվա ճանապարհ է:
- Ձեզ Գործարք եմ առաջարկում,- ասաց հարևանը:- Ես վճարում եմ ձեր ճանապարհը երկու օր գնալու և երկու օր գալու համար, ինչպես նաև մուրճի գինը: Միևնույն է՝ անգործ եք: Եվ, ի՞նչ կասեք:
Իսկապես, նա չորս օրով աշխատանք էր ստանում .....
Նա համաձայնեց:
Երբ վերադարձավ տուն , դռան մոտ մյուս հարևանն էր սպասում:

 


- Բարև, հարևա՛ն, Դո՞ւք եք մուրճ վաճառել մեր ընդհանուր ընկերոջը:
- Այո....
-Ինձ մի քանի գործիք է հարկավոր: Ես պատրաստ եմ ձեզ վճարել չորս օրվա համար և յուրաքանչյուր գործիքի գնից էլ մի քիչ ավելի: Հասկանում եք, որ ոչ բոլորը չորս ազատ օր ունեն, որպեսզի գնան գործիքներ գնելու:
Նախկին դռնապանը բացեց գործիքների իր արկղը և հարևանը ընտրեց մամլիչ, պտուտակահան, մուրճ, դուր, վճարեց ու գնաց:
«.... Ոչ բոլորը չորս ազատ օր ունեն, որպեսզի գնան գնումների»,- դուրս չէր գալիս նրա գլխից:
Եթե դա այդպես է, ապա գործիքներ գնելու իր ծառայությունը, հնարավոր է շատերին կարող էր անհրաժեծտ լինել:
Հաջորդ անգամվա ուղևորության ժամանակ, նա որոշեց ռիսկի դիմել և ունեցած փողերով լրացնել արդեն վաճառված գործիքները: Այդիսով նա կարող էր ավելորդ ժամանակ չծախսել ճանապարհի վրա:
Այդ մասին իմացան թաղամասում, և հարևաններից շատերը դադարեցին իրենք գնալ գնումների ետևից:
Շաբաթը մեկ անգամ գործիքների նորաթուխ վաճառականը գնում էր և բերում էր այն, ինչ պատվիրում էին հաճախորդները: Շուտով հասկացավ, որ եթե պահեստ գտնի պաշարի համար, ավելի քիչ ժամանակ կծախսի ճանապարհի վրա և ավելի շատ փող կաշխատի: Դրա համար նա անհրաժեշտ շինություն վարձեց:

 

 


Հետո վաճառականը լայնացրեց պահեստի մուտքը, մի քանի շաբաթ անց ցուցափեղկ դրեց: Այդպես, քաղաքում հայտնվեց գործիքների առաջին խանութը:
Բոլորը այդտեղ հաճույքով առևտուր էին անում: Եվ արդեն հարկավոր չէր գնումների համար հարևան քաղաք գնալ. այնտեղից նրան ուղղարկում էին այն ամենը, ինչ նա պատվիրում էր, քանի որ նա շատ շահավետ հաճախորդ էր:
Ժամանակի ընթացքում հարևան գյուղերի բնակիչները նույնպես սկսեցին օգտվել իր խանութի ծառայություններից, քանի որ դա նրանց համար ժամանակի խնայողություն էր:
Մի անգամ նա մտածեց, որ իր փականագործ ընկերը կարող է մուրճի գլխիկներ պատրաստել իր համար: Եվ էլի... Իսկ ինչո՞ւ ոչ, նաև մամլիչներ, աքցաններ, դուր, մեխեր ու պտուտակներ...
Կարճ ասած, այդ մարդը տասը տարվա ընթացքում այդ մարդը դարձավ միլիոնատեր, գործիքների ֆաբրիկայի սեփականատեր, և այդ ամենը' իր աշխատասիրության ու պարկեշտության շնորհիվ: Եվ, վերջիվերջո, նա դարձավ այդ մարզի ամենաազդեցիկ գործարարը:

 


Նրա կարողությունն այնքան մեծ էր, որ մի անգամ, ուսումնական տարվա սկզբին, նա որոշեց իր քաղաքին դպրոց նվիրել, որտեղ կսովորեցնեին ոչ միայն գրագիտություն, այլև այդ ժամանակի ամենապետքական մասնագիտություններն ու արհեստները:
Քաղաքապետը և քաղաքի վարչական ղեկավարը դպրոցի բացման կապակցությամբ կազմակերպեցին մեծ տոնախմբություն, իսկ հետո ընթրիք՝ նրա հիմնադրի պատվին:
Երբ անուշեղենը մատուցեցին, քաղաքապետը նրան հանձնեց քաղաքի բանալիները, իսկ վարչական ղեկավարը գրկեց նրան և ասաց.
- Մենք հարգանքի և շնորհակալության զգացումով խնդրում ենք, որ պատիվ անեք և Դուք Ձեր ստորագրությունը դնեք դպրոցի պատվավոր հյուրերի Գրքի առաջին էջում:

 


- Դա ինձ համար էլ պատիվ կլիներ, - պատասխանեց մարդը:- Կարծում եմ, որ ոչ մի բան ինձ այդքան բավականություն չէր պատճառի, քան այդտեղ ստորագրելը, բայց ես չեմ կարողանում ո´չ կարդալ, ո´չ գրել: Ես անգրագետ եմ:
- Դո՞ւք, - զարմացավ քաղաքի վարչական ղեկավարը, ով ոչ մի կերպ չէր կարողանում հավատալ:- Դուք չե՞ք կարողանում կարդալ և գրել: Դուք հիմնել եք արտադրական կայսրություն առանց կարդալ ու գրել իմանալո՞ւ: Ես ուղղակի ցնցված եմ: Ինքս ինձ հարցնում եմ՝ ինչպիսի՜ բարձունքների կհասնեիք, եթե կարդալ ու գրել իմանայիք:
- Ես Կարող եմ ձեր հարցին պատասխանել,- հանգիստ պատասխանեց մարդը:- Եթե ես կարդալ ու գրել իմանայի... կլինեի հասարակաց տան դռնապան:
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Ձկնորսի հյուղակը"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան