Երիտասարդ արքան՝ տակավին նոր գահին բազմած, երազում տեսավ հրեշտակին, ով ասաց իրեն.
- Կկատարեմ միայն քո մեկ երազանքը:
Առավոտյան արքան կանչեց իր երեք խորհրդատուներին.
- Հրեշտակը խոստացել է ինձ՝ կատարել միայն մեկ խնդրանքս: Ուզում եմ, որ իմ ենթակաները երջանիկ ապրեն: Ասացե՛ք, ինչպիսի՞ թագավորություն է նրանց անհրաժեշտ:
- Երազանքների թագավորություն,- միանգամից բղավեց խորհրդատուներից մեկը:
Երկրորդն ու երրորդը նույնպես ուզում էին ինչ-որ բան ասել, բայց չհասցրեցին՝ երիտասարդ արքան փակեց աչքերը և իր պատկերացումներում կանչեց հրեշտակին:

 

 


- Ուզում եմ, որ իմ ենթակաների բոլոր ցանկությունները կատարվեն: Թող իմ թագավորությունը լինի Երազանքների Թագավորություն......
Այդ րոպեից սկսած ամբողջ թագավորությունում տարօրինակ իրադարձություններ սկսվեցին: Շատերը ակնթարթորեն հարստացան, որոշ տնակներ վերածվեցին պալատների, որոշների մոտ թևեր աճեցին և նրանք սկսեցին թռչել, ուրիշները երիտասարդացան:
Մարդիկ նկատեցին, որ իրենց ցանկությունները միանգամից կատարվում են և ամեն մեկը սկսեց ցանկանալ մյուսից ավելի շատ: Բայց շուտով նրանք հայտնաբերեցին, որ այլևս ցանկությունները չեն բավականացնում, և սկսեցին նախանձել նրանց, ում մոտ դեռևս ցանկություն էր մնացել:

 


Հետևաբար, ագահաբար գողանում էին ցանկություններ հարևաններից, ընկերներից, երեխաներից.....
Շատերին չարություն պատեց և նրանք ցանկանում էին ուրիշներին ինչ-որ վատ բան: Պալատները աչքի առաջ քանդվեցին և կրկին վերակռուցվեցին, մեկը աղքատանում էր և միանգամից ցանկանում էր աղքատություն ուրիշին: Ինչ-որ մեկը տնքում էր ցավից և միանգամից չարախնդում էր և ցանկանում ավելի տանջալի տառապանքներ մնացած մարդկանց: Երազանքների Թագավորությունում անհետացան խաղաղությունն ու համերաշխությունը: Մարդիկ թշնամացել էին միմյանց նկատմամբ, նետահարում էին միմյանց չարությամբ, անբարյացկամությամբ:

 

 


Նրանցից մեկը մյուսներին գերազանցեց իր նենգությամբ՝ ցանկանալով իրեն վտանգավոր հիվանդություն և շտապեց իր գրկախառնություններով, համբույրներով, ձեռքսեղմումներով վարակել, ինչքան հնարավոր է շատ մարդկանց: Առաջին խորհրդատուն անմիջապես տապալեց գահից երիտասարդ արքային և իրեն հռչակեց արքա: Բայց շուտով նա գահընկեց եղավ ուրիշի կամքով, իսկ հետո վերջինս՝ մեկ ուրիշի, և գահի շուրջը սկսվեց հազար անգութ ցանկությունների պայքար:
Երիտասարդ արքան հեռացավ քաղաքից և ծայրամասում հանդիպեց մի ծերուկի:
Նա հողն էր վարում և երգ երգում:
- Դու ոչ մի ցանկություն չունե՞ս, – զարմացած հարցրեց նա ծերուկին:
- Ունեմ, իհարկե…… - պատասխանեց նա: - Իսկ ինչո՞ւ անմիջապես չես իրականացնում, ինչպես ուրիշները:

 


- Որպեսզի չկորցնեմ երջանկությունս, ինչպես կորցրել են քո բոլոր ենթակաները:
- Բայց դու աղքատ ես, չնայած որ կարող ես հարուստ լինել, դու ծեր ես և կարող ես երիտասարդանաս:
- Ես ամենահարուստն եմ,- պատասխանեց ծերուկը: - Հողն եմ վարում, ցանում և այդպես կառուցում մարգարտյա արահետ՝ Աստծո մոտ տանող…. Ես երիտասարդ եմ քեզանից, իմ հոգին էլ՝ ինչպես երեխայինն է:
Արքան ափսոսանքով արտաբերեց.
- Եթե դու իմ խորհրդատուն լինեիր, ես սխալներ չէի կատարի…..
- Ես հենց քո խորհրդատուն եմ, ում դու չլսեցիր,- ասաց ծերուկը առանց նախատելու և շարունակեց հերկել հողը:
Շալվա Ամոնաշվիլիից

Յացեկ Էրկա "Անդորր"

 

 

Օրվա առակը՝ Երազանքների թագավորությունը - 13 նոյեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան