Արարիչը ստեղծեց մարդկանց, նրանց տվեց շփվելու և մտածելու համար բառեր, բնակեցրեց սարի լանջին՝ բերքառատ դաշտավայրում, ամեն մեկին երկարակեցություն նվիրեց և սկսեց դիտել՝ ինչպես է ընթանում նրանց կատարելագործումը:
Անցավ ժամանակ, բայց մարդիկ չզարգացան:
Նրանց ոտքերը իրենց գյուղի մերձակայքից հեռու չգնացին և լեռներ էլ չբարձրացան: Նրանց աչքերը երկինք չնայեցին և Սրտով չտեսան ոչինչ:
Այդպես էլ նրանք ծերացան:
Արարիչը որոշեց պարզել բանն ինչումն է:
Արարիչը կերպարանափոխվեց մարդու և գնաց նրանց մոտ որպես անցորդ: Արևի մայր մտնելուց առաջ, մարդիկ հավաքվեցին հրապարակում՝ անցորդի հետ զրուցելու:
Պատմեց նա՝ ինչպիսին է կյանքը հորիզոնում և նրանց առաջարկեց՝
- Ուզո՞ւմ եք տանեմ ձեզ այնտեղ և դուք կտեսնեք՝ ինչպես են այնտեղ ապրում մարդիկ:
- Է՜խ,- պատասխանեցին նրանք տխուր,- ուշ է արդեն, մենք ծերացել ենք….
- Այդ դեպքում գնանք ինձ հետ լեռներ, վերևից կնայենք աշխարհին….
- Է՜խ,- հոգոց հանեցին նրանք,- ուշ է արդեն, մենք ուժ չունենք….
- Նայե՛ք երկնքին,- ասաց նրանց անցորդը,- և ես կպատմեմ Ձեզ Երկնային թագավորության կյանքի մասին:
Եվ կրկին նրանք պատասխանեցին.
- Արդեն ուշ է, մեր բանականությունը չի հասկանա քո պատմությունը….
Անցորդը տխրեց, նա ուզում էր ուրախացնել մարդկանց:
- Եկեք երգ երգենք,- և պատրաստվեց առաջինը երգել, բայց մարդիկ նկատեցին, որ Արևը մայր է մտնում:
- Ուշ է արդեն,- ասացին նրանք,- քնելու ժամանակն է….. - և ցրվեցին իրենց տնակները:
Անցորդը բղավեց նրանց ետևից.
- Մարդի՛կ, երբ կյանքը անսահման է ու անդադար, ուշ չէ ինչ-որ մի բանին հասնել:
Բայց նրանք չթեքվեցին նույնիսկ անցորդի կոչին: Այդ ժամանակ Արարիչն ինքն իրեն ասաց.
- Կվերցնեմ մարդկանցից բոլոր բառեր–սահմանափակումները՝ ուշ է, չի կարելի, հնարավոր չէ, հեռու է, բարձր է, դժվար է, չենք հասկանում. և կդնեմ նրանց սրտերում անսահման ուրախություն: Միգուցե նրանք հասկանան Իմ Կանոնը՝ երբեք ոչինչ ուշ չէ, չկա վերջ, այլ կա միայն սկիզբ:
Նա այդպես էլ արեց և սպասեց մինչ առավոտ՝ կփոխվե՞ն արդյոք մարդիկ և կգնա՞ն նրանք իր հետ լեռներ:
Շալվա Ամոնաշվիլիից
Յացեկ Էրկա "Ետամառ"
Օրվա առակը՝ Ո՞ւշ է - 08 նոյեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան