«Ժամանակն է իմ փոքրիկ հրեշտակին դպրոց տանել », - մտածեց հրեշտակը:
Վերցրեց նրան, և բաց պատուհանից ներս թռան՝ ուղիղ հսկայական, գեղեցիկ մի շինության մեջ:
«Հարկավոր է ուսուցիչ ընտրել Սրտով և հրեշտակային համբերությամբ, քանի որ իմ փոքրիկ հրեշտակը դեռ հրեշտակ չէ, նա անդադրում չար երեխա է՝ կամակոր բնավորությամբ.... » :
Ունկընդրեց նա մի ուսուցչի դասը և սարսափեց,- ուսուցիչը բղավում էր աշակերտի վրա և հարվածում նրան:
- Ես քեզ նման անգութին հինգերորդ հարկից կնետեի... Դո՛ւրս դասարանից:

 


«Դաժան... Սրտով չէ նա...»:
Մեկ այլ դասարանում, ուսուցչուհին նստած էր աշակերտների առջև՝ ոտքը ոտքին գցած, և հիանում էր իր ոտքերով, որոնցից յուրաքանչյուրի վրա հմտորեն փոքրիկ սրտիկներ էին նկարված: Բայց միևնույն ժամանակ նա հեռվից հետևում էր աշակերտներին, ովքեր ստուգողական աշխատանք էին գրում, և սիրամարգի ճչոցով ընդհատում էր միմյանցից արտագրելու ցանկացած փորձ:
«Կեղծ բարեպաշտ… Սրտով չէ նա…»:
Հաջորդ դասարանում աշակերտը գրատախտակին նախադասություն էր գրում, որը ուսուցիչն էր թելադրել: «Ամենակարևորը աչքերով չես տեսնի՝ հեռատես է միայն Սիրտը»:

 


Աշակերտը սխալվեց և բացթողում արեց: Ուսուցիչը բարկացավ:
- Քանի՞ անգամ քեզ բացատրեմ... Տո՛ւր օրագիրդ... Երկուս: Աշակերտը լաց եղավ:
« Անկիրթ.... Նա էլ Սրտով չէ...»
Հրեշտակը նայեց հաջորդ դասարանից ներս՝ այնտեղ ուսուցիչը մաթեմատիկայի դաս էր վարում:
- Հաշվե՛ք, քանի՞ անգամ է Սիրտը զարկում օրվա ընթացքում, եթե մեկ րոպեում այն զարկում է 56 անգամ:
Մի աշակերտ առանց հաշվելու՝ անմիջապես բղավեց.

 

 


- 80640 անգամ.... Իսկ շաբաթական՝ 564480 անգամ.... Իսկ մեկ ամսում.... Իսկ մեկ տարում...
Երեխաներն ապշեցին: Իսկ ուսուցիչը կոպիտ ընդհատեց աշակերտին:
- Ինչպե՞ս ես համարձակվում տեղից բղավել առանց իմ թույլտվության...
«Անտաշ... Սրտով չէ...»:
Հաջորդ դասարանում բզզում էին մեղուների նման՝ Ուսուցիչը և աշակերտները համբերատար և սիրալիր քաղում էին գիտելիքներ՝ օգնելով միմյանց: Ուսուցչի ձայնն ու հոգատարությունը ստեղծում էին մի միասնական երաժշտություն և ուրախություն:
«Ահա, այս ուսուցիչը Սրտով է և հրեշտակային համբերություն ունի...»,- մտածեց հրեշտակը և ասաց իր փոքրիկին.

 


- Դու նրա մոտ կսովորես: Ուշադի՛ր եղիր ուսուցչի ցանկացած բառին:
Թռչելով դպրոցից՝ հրեշտակը տխուր մտածեց՝ «Բոլորը հասկանում են՝ ինչ բան է Սիրտը, բայց Սրտով ապրել չեն ուզում... Հարկավոր է ուղղարկել նրանց սրտային աճպարարներ, որպեսզի նրանք ցավ չպատճառեն և բարոյապես չայլանդակեն իրենց աշակերտների Սրտերը» :
Բայց հրեշտակը չգիտեր՝ ինչպես դա անել:
Շալվա Ամոնաշվիլիից

Յացեկ Էրկա "Երեկոյան, Գրիմմ եղբայրների հետ"

 

 

Օրվա առակը՝ Ուսուցչին փնտրելով - 24 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան