Ուկրաինայի նարնջագույն երկրորդ հեղափոխությունից մեր իշխանություններն էլ պետք է հետևություն անեն, որպեսզի վաղը-մյուս օրը, իրենք էլ ստիպված չլինեն Դուբայ փախչել:
Յանուկովիչին կործանեց ոչ թե կուռ ընդդիմությունը, ոչ էլ անգամ կոռումպացված դավաճանական համակարգը, այլ շատ կոնկրետ երկու գործոն.
- Արևմուտքի բացառիկ ճնշումը.
- Ժողովրդի տոտալ անվստահությունը՝ առ իշխանություններ:
Այսինքն, երբեք չմտածեք, որ Յանուկովիչը զորք չմտցրեց, որովհետև հավելյալ արյուն չէր ուզում (չուզեր, էդքանն էլ չէր թույլ տա, որ թափվեր): Ուղղակի Յանուկովիչին ու իր շրջապատին շատ չորով հասկացրել էին, որ եթե Մայդանը ցրվի (իսկ Մայդանը ցրելը մի գիշերվա բան էր), ապա Յանուկովիչ&Co-ն կզրկվեն ոչ միայն տարիներ շարունակ թալանած փողերից և անշարժ գույքից, ոչ միայն կարգելվի մուտքը քաղաքակիրթ աշխարհ՝ նրանց երեխաներին ու ընտանիքի անդամներին, այլև նա մեծ հավանականությամբ կարժանանա Միլոշևիչի, Մուբարակի, Քադաֆիի ճակատագրին:
Ի՞նչ է, Ձեզ թվում է, որ եթե վաղը գերտերությունների օրակարգում Հայաստանը առաջնային դեր ունենա, մերոնց չե՞ն կարողանա նման ուլտիմատումի առջև կանգնեցնեն ու այս և այլ լծակներով ստիպեն, որպեսզի հանկարծ չոր միջոցներ չկիրառվեն: Յա վաս ումոլյայու, կարան ու էն էլ ոնց կարան:
Յանուկովիչը գող սրիկա էր, իր շրջապատն էլ հետը: Դա ոչ ոք չէր հերքում ու հիմա էլ չի պատրաստվում, բայց այն, որ հիմա Ուկրաինայում անհամեմատ ավելի վատ է լինելու, քան Յանուկովիչի օրոք, անհերքելի է: Կարծում եմ, որ այսօր արդեն կսկսեն նոր զարգացումներ՝ Արևելք-Արևմուտք դիմակայության առումով, որը, ցավոք, դժվար թե անարյուն լինի:
Սակայն, թեման այլ է: Ինչո՞ւ Մայդանի մի քանի հազար (թեկուզ տասնյակ հազար) մարգինալների թիվը ավել չէր, ինչո՞ւ հակամայդանային տրամադրությունները այդքան շատ չէին փողոց դուրս գալիս, այլ սահմանափակվում էին տեղեկատվական դաշտում: Ըստ իս, հիմնական պատճառն այն է, որ Ուկրաինայի իշխանությունները ու գործող համակարգը այնքան էին զզվացրել հասարակ ուկրաինացիներին, որ նրանք արդեն ասում են. «Թքած ձեր Մայդանի վրա էլ, իշխանությունների վրա էլ, բոլորն էլ նույն աղբն են», կամ «Մայդանում բանդեռովեցներն են, բայց ես ինչի՞ դուրս գամ իրանց դեմ, եթե դրանց դեմ պետք է պայքարի իշխանությունը», կամ «Մայդանով հիացած չեմ, բայց էս իշխանությունների համար էլ չեմ պատրաստվում կյանքս վտանգեմ», կամ էլ «Ինչ լինում ա, թող լինի, մեկ ա մեզանից բան կախված չէ»: Եվ սա այն դեպքում, որ Յանուկովիչը ընդամենը մի քանի տարի առաջ հաղթել էր ընտրություններում, ընդ որում, առանց որևիցե սուր պայքարի: Ինչքան էլ իրա տոկոսը նկարած լինեին, ինքը առնվազն մի 40 տոկոս հավաքել էր:
Այսինքն, ընտրությունների ժամանակ ի՜նչ թիվ էլ նկարես, եթե բանը հասավ Հայաստանում նարնջագույն հեղափոխություն կազմակերպելուն, վստահաբար կճարվի մի քանի հազար մարդ, ով Ազատության հրապարակ դուրս կգա ու պետք լինի՝ բախումների մեջ էլ կմտնի: Իրանց մեջ կլինեն հա՛մ ազնիվ ու պայքարող մարդիկ, հա՛մ գրանտակերներ, հա՛մ սադրիչներ, հա՛մ էլ ագենտներ, իսկ այ ճնշող մեծամասնությունը կմնա տանը, անգամ եթե վստահ լինի, որ նարնջագույն հեղափոխությունը Հայաստանին վնասից բացի, այլ օգուտ չի բերի: Իսկ կմնա տանը, որովհետև նույն կերպ զզվել ա գործող իշխանություններից, ինչպես Ուկրաինայում՝ իրենցինից, ու թքած ունի, թե ով կփոխարինի ում, մեկ ա՝ սաղ էլ նույնն են:
Առակս ի՞նչ կցուցանե. ինչքան էլ թալանած լինեք, ինչքան էլ էս ժողովրդին «Երևան Մոլլի» տորթի վրա չտեսի պես վազող դարձրած լինեք, մեկ է, ձեր վերջին հույսն ու ապավենը ոչ թե ձեր բանկային հաշիվներն են լինելու, ոչ էլ ոստիկանությունն ու ուժայինները, այլ նույն այդ ժողովուրդը: Դրա համար, գոնե մի՜ քիչ մարդ եղեք ու դադարեցրեք կեղեքել մարդկանց, արդեն իրոք էլ տեղ չեք թողել:
Կոստանտին Տեր-Նակալյան