Regnum-ը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ըստ էության չի հերքել, որ Հայաստանը ձեռք է բերել/2014 թվականին ձեռք կբերի Икандер-М մարտավարական հրթիռային համալիրներ: Նախարարը մասնավորապես նշել է, որ Հայաստանը արդեն մի քանի տարի է ակտիվորեն զինվում է նման սպառազինությամբ ու պլանավորված է այս տարի ավարտի հասցնել հրթիռային սպառազինության գնումների ծրագիրը:
Եթե մենք իրոք ձեռք ենք բերել Իսկանդեռներ, դա իրոք շատ լուրջ նորություն է ու առնվազն մի քանի տարով կկսառեցնի Ադրբեջանի ռազմատենչությունը և կդարձնի մեզ անդրկովկասում ամենաուժեղ հարվածային պոտենցիալ ունեցող երկիրը: Իսկանդերների առանձնահատկությունը նրանում է, որ ունենալով բավականին մեծ հեռահարություն, հզորություն ու ճշգրտություն, այն նաև շատ դժվար խոցելի թիրախ է ՀՕՊ միջոցների համար, որովհետև Իսկանդերի հրթիռները հեռակառավարում են թռիչքի ողջ ընթացքում և բալիստիկ ուղղեծրով չեն շարժվում դեպի նշանակետը, ինչը նշանակում է, որ Հայաստանը ցանկացած պահի մեծ հավանականությամբ կարող է խոցել Ադրբեջանի ՑԱՆԿԱՑԱԾ կետում գտնվող կրևորագույն ռազմավարական օբյեկտներ:
Իսկանդերի մարտական կիրառության ամենավառ ու արդիական օրինակը ռուս-վրացական պատերազմի ժամանակ է եղել: Վրացիները առաջին մի քանի օրերին ռուսական ավիացիայի հերն անիծում էին իրենց ՀՕՊ-ով և սա տևեց այնքան ժամանակ, մինչև ռուսները չվերացրեցին վրացական ՀՕՊ համակարգի աչքեր ծառայող երկու ռադարները, որոնք բնականաբար ուժեղ պահպանվուն էին ու գտնվում էին ռազմաճակատից հեռու: Այդ երկու ռադարներից մեկը խոցվել է հենց Իսկանդերով...
Իհարկե լավ կլիներ, որ ապրեինք մի իրականությունում, որտեղ կարիք չլիներ միլլիոնավոր դոլարներ ծախսել մահաբեր գնումների վրա, բայց ցավոք մեր իրականությունն այլ է և այն կայանում է նրանում, որ ժամանակակից ու գերժամանակակից զենք ունենալը ոչ թե ինքնանպատակ է, այլ կենսական անհրաժեշտություն:
Կոստանտին Տեր-Նակալյան