Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Յանուկովիչը տվել է իր սկզբունքային համաձայնությունը՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին, իսկ ընդդիմությունը դեռ մտորում է այս առաջարկության շուրջ:
Քաղաքական իրավիճակը Ուկրաինայում գնալով ավելի շատ է աբսուրդ թատրոն հիշեցնում, որովհետև այս երկրում արդեն ակնհայտորեն բախվել են 3 արտաքին խաղացողների՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը, իսկ բուն երկրում ոչ մի միասնության մասին խոսք լինել անգամ չի կարող, պետական համակարգը փլուզվում է:
Զավեշտալին այն է, որ ԱՄՆ-ը շտապել է հայտարարել, որ չի սատարում Յանուկովիչի հրաժարականի տարբերակը, Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է սատարել Յանուկովիչին, եթե նա իրեն փալասի պես չպահի, ուկրաինացի ժողովուրդը բաժանվել է երկու մասի, որոնք երկուսն էլ ատում են Յանուկովիչին, բայց մեկը պատրաստ է Յանուկովիչին էլ չէ, անձամբ սատանային ընտրել գալիք ընտրություններում, մենակ թե իշխանությունը չանցնի երկրի արևմտյան հատվածի ներկայացուցիչների ձեռքը:
Քաոսը ավելի է խորացնում այն հանգամանքը, որ բուն ուկրաինական իշխանություններում սկսվել է առնետավազք, իսկ հասարակությունը վերջնականապես հիասթափվել է այդ իշխանություններից և, դե ֆակտո, երկրում տիրում է անգամ ոչ երկիշխանություն, այլ տասնիշխանություն:
Արևմուտքում թքած ունեն, թե ինչ են որոշում Կիևում ու ինչ համաձայնագրեր են ստորագրում, Արևելքում մի մասը թքած ունի, մյուս մասը հույս ունի. Ղրիմում արդեն պատրաստվում են անջատման, բանակում և ոստիկանությունում զանգվածային դեմորալիզացիա է տիրում՝ Գերագույն Ռռադայի որոշումից հետո...
Մի խոսքով, Յանուկովիչը էլի կարողացավ անել այն, ինչ կարողանում է անել ամենից լավ՝ ընդունել բոլոր հնարավորներից ամենավատ որոշումը, որը միայն էլ ավելի կմոտեցնի Ուկրաինային անդառնալիության կետին, որին կհետևեն մեծ արյունն ու երկրի տրոհումը:
Կոստանտին Տեր-Նակալյան