Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր երրորդ տեղի համար խաղն է:


ՙՙԲրոնզի՚՚ համար խաղերն առանձնապես հետաքրքիր չեն եղել՝ հատկապես, երբ հանդիպել են թիմեր, երբ ընդամենն օրեր առաջ մտածել են չեմպիոնության մասին:


Ցանկացած առաջնությունում Բրազիլիայի հավաքկանի միակ հաջողությունը կարող է համարվել միայն չեմպինությունը, էլ չասած այն մասին, որ առաջնությունը հայրենիքում էր:


Բայց տանտերերի հավաքականը դարձավ այս առաջնության հակահերոսը՝ կիսաեզրափակիչում պարզապես ջախջախվելով Գերմանիայի ընտրանուն:


Բրազիլացիները համարվում էին այս առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը, բայց արդեն խմբային փուլի Մեքսիկայի ու 1/8 եզրափակչի Չիլիի հետ հանդիպումները ցույց տվեցին, որ այս հավաքականը չեմպիոնական բարձունքի վրա չէ:


Ֆիասկոն պետք է կատարյալ լիներ ու եղավ կիսաեզրափակիչում:


Բրազիլական ֆուտբոլն անասելի ապտակ ստացավ:


Եթե նույնիսկ տանտերերն այսօր հաղթանակ տանեն, դա ոչինչ չի փոխելու. բոլորն այս աշխարհի առաջնությունը հիշելու են Բրազիլիա-Գերմանիա խաղով, որում հախուռն ֆուտբոլն ընկրկեց համակարգի դեմ:


Բրազիլիայի հավաքականի տղաների համար՝ այս խաղը հոգեբանական նշանակություն ունի. նրանք պետք է առերեսվեն իրենցից թշնամացած ֆուտբոլասերների, իրենց նվաստացրած ֆուտբոլի հետ:


Հոլանդիայի հավաքականը այս առաջնությունում հրաշալի ֆուտբոլ խաղաց ու մոտ էր չեմպիոնությանը ու միայն ֆուտբոլային վիճակախաղը նրան թույլ չտվեց խաղալ եզրափակիչում: Այսօր հոլանդացիներն ավելի մոտիվացված են: Գոնե՝ մարզական առումով:


Նրանք պետք է ապացուցեն, որ Մեսսիի թիմին պարտվել են պատահաբար ու փորձեն առաջնությունը եզրափակել չեմպիոնական խաղով:

 

 

Սուրեն Սուրենյանց