Այս լեգենդը հարյուր տարվա պատմություն ունի: Այն մի միայնակ օտարականի մասին է, ով մի անգամ իջնելով իր հեռավոր, սառը աստղից՝ Ալգուլլայից, եկել էր Իմաստունների երկիր:
Երկար տարիներ Օտարականը անցկացրեց լրիվ միայնության մեջ՝ իր հարազատ աստղի սառույցների և ձների մեջ:
- Է՜խ,- հաճախ ասում էր ինքն իրեն՝ հառելով հայացքը հեռավոր, գունավոր աստղերին,- միայնակ եմ ես, ինչպես ոչ ոք այս աշխարհում: Նույնիսկ աստղերը չեն լսում ինձ:
- Որտեղի՞ց գիտես ՝ ինչ բան է մենակությունը,- հանկարծ երկնքից լսվեց մի խիստ ձայն: - Որտեղի՞ց գիտես, որ դու միայնակ ես:
- Որովհետև իմ շուրջը ինձանից բացի ոչ ոք չկա,-շփոթվեց թափառականը:
- Հիմա՛ր: Դու գաղափար անգամ չունես, թե ինչ է մենակությունը:- լսվեց անսասան ձայնը: - Գնա՛ Իմաստունների երկիր և պարզի՛ր՝ ինչ բան է մենակությունը և արդյո՞ք դու, իրոք, մենակ ես:
Կախարդական աստղային միջանցքով Օտարականը ակնթարթորեն հայտնվեց Իմաստունների երկիր:
Ա՜խ, որքան հրաշալի երկիր էր դա: Այնտեղ այնքա՜ն ծաղիկներ կային, այնքա՜ն բուսականություն, այնտեղ առվակները քրքջում էին, ջրվեժները շառաչում էին, օվկիանոսները աղմկում էին, և կապույտ երկնքից լուսավորվում էր վառ արևի մի այնպիսի՜ անսովոր ջերմություն:
Քայլելով անծանոթ երկրի ծակազարդ այգիներով, Օտարականը պատահաբար բախվեց մի իմաստունի, ով նստել էր բազմաճյուղ ծառերի ստվերում:
- Բարև ձեզ,- ողջունեց Օտարականը Իմաստունին:
- Բարև ձեզ,- պատասխանեց Իմաստունը:
- Ես եկել եմ Ձեր երկիր, որպեսզի իմանամ՝ ինչ բան է իմաստությունը և արդյո՞ք միայնակ եմ ես:
- Նստի՛ր իմ կողքին,- առաջարկեց իմաստունը,- և նայի՛ր այս կախարդական, հաստաբուն ծառերի կանաչ տերևներին: Լսու՞մ ես ինչպե՜ս են սոսափում նրանց կանաչ տերևները, ինչպե՜ս է քամին մեղմ օրօրում նրանց: Լսու՞մ ես ինչպես է այդ սոսափյունից ծնվում հանգիստ, օրորոցային երաժշտություն: Զգու՞մ ես, ինչպես է սիրտդ լցվում այս երաժշտության խախաղությամբ և հանգստությամբ:
Նստելով իմաստունի կողքը, Օտարականը ունկնդրեց տերևների համաչափ սոսափյունը և դրանից հետո իրեն այնքա՜ն լավ զգաց, որ լրիվ մոռացել էր՝ ինչու էր եկել այդ հրաշալի երկիրը: Իսկ երբ հիշեց, արդեն ոչ ոք չկար իր հետ:
Եվ թափառականը ուղևորվեց առաջ: Անցնելով ծաղկազարդ, անուշաբույր այգիներով, նա դուրս եկավ փոթորկոտ օվկիանոս: Օվկիանոսի ափին նա նկատեց՝ տաք ավազին նստած ևս մեկ իմաստունի, ով չկտրվելով հետևում էր ափ վազող փրփրալից ալիքներին:
- Բարև ձեզ,- ողջունեց օտարականը:
- Բարև ձեզ,- պատասխանեց Իմաստունը՝ չկտրելով հայացքը ջրից:
- Ես եկել եմ Ձեր երկիր, որպեսզի իմանամ՝ ինչ բան է մենակությունը և արդյո՞ք ես միայնակ եմ:
- Նստի՛ր իմ կողքին,- ասաց Իմաստունը և նայի՛ր այս անսահման, փրփրալից օվկիանոսին: Շնչի՛ր իր աղի ջրի բույրը: Զգա՛ երեսիդ նրա շնչառությունը: Լսի՛ր վազող ալիքների երաժշտությունը: Այս երաժշտությունը հզոր և ուժեղ է: Այն քո սիրտը և հոգին կլցնի ազատությամբ:
Նստելով արևից տաքացած ավազին՝ օտարականը, ուղղեց հայացքը լազուր օվկիանոսի ջրերին: Նա շնչեց ջրի սուր բույրը, զգաց օվկիանոսի թարմ շնչառությունը և քարացավ՝ լսելով փրփրալից ջրային տարերքի հզոր երաժշտությունը: Օտարականը դողդողաց. հոգում թեթևություն և ազատություն էր, և կրկին մոռացավ՝ ինչու էր եկել Բոլոր Իմաստունների երկիր, իսկ երբ սթափվեց, կրկին իր հետ ոչ ոք չկար:
Հետո օտարականը ուղևորվեց առաջ: Այս անգամ նա քայլեց լեռների և բարձր բլուրների միջով: Եվ բլուրներից մեկի մոտ նա տեսավ նստած իմաստունի, ով դեմքը ուղղել էր կեսօրյա արևի տաք ճառագայթներին և մտազբաղ ժպտում էր:
- Բարև ձեզ,- ողջունեց Օտարականը:
- Բարև ձեզ,- պատասխանեց Իմաստունը:
Ես Ձեր մոտ իջել եմ հեռավոր Ալգուլլա աստղից, որպեսզի իմանամ՝ ինչ բան է մենակությունը և արդյո՞ք ես միայնակ եմ:
- Նստի՛ր իմ կողքին,- ասաց Իմաստունը:- Փակի՛ր աչքերդ և դեմքդ ուղղի՛ր մեծ արևի ճառագայթներին: Զգա՛ նրա ճառագայթների նուրբ հպումը մաշկիդ վրա, շուրթերիդ վրա, քո սրտի և տրորված հոգու վրա: Եվ կլսես լույսի, բարու, սիրո, հանգստի հարմոնիկ երաժշտությունը:
Նստելով իմաստունի կողքը՝ Օտարականը ուղղեց դեմքը արևի տաք ճառագայթներին: Արևի ջերմությունը նրբորեն հպվեց նրա դեմքին, ջերմացրեց սիրտը, հոգին լցրեց աննկարագրելի ուրախությամբ, հանգստությամբ և սիրով: Եվ հանգիստ, կամաց երաժշտությունը հնչում էր սրտում: Եվ դրանից հետո օտարականը իրեն այնքա՜ն լավ զգաց, որ բացարձակ մոռացել էր իր աստղի մասին, այն մասին, որ եկել էր տուն վերադառնալու ժամանակը:
Բացելով աչքերը, Օտարականը տեսավ, որ Իմաստունը իր հետ չէ:
Ստիպված նա ձեռնունայն պետք է վերադառնար իր աստղի մոտ:
Իսկ Ալգուլլայի վրա, ինչպես միշտ մութ էր և ցուրտ: Պտտեցնելով հայացքը ծանոթ սառույցների վրայով՝ Օտարականը հասկացավ՝ ինչքան միայնակ զգաց իրեն, ի՜նչ դատարկ է, ի՜նչ անտանելի լռություն է և ցուրտ:
- Ահա, թե ինչ է մենակությունը,- վերջապես հասկացավ Օտարականը: - Դա երբևէ գտածի կորուստն է: Դա կորուստն է ջերմության, նրբության, սիրո և այն անսովոր հրաշալի երաժշտության, որը ստեղծվել է բնության կողմից հատուկ ինձ համար: Փաստորեն հիմա՞ ես դարձա միայնակ:
Եվ Օտարականը ուժեղ լաց եղավ:
- Փակի՛ր աչքերդ,- անսպասելի նա լսեց երկնքից մի ձայն:- Եվ հիշի՛ր տերևների սոսափյունը, օվկիանոսի ալիքների աղմուկը, արևի ջերմությունը: Դու նորից կլսես իրական կյանքի այդ երաժշտությունը: Այդ դեպքում դու երբեք միայնակ չես լինի: Այդ կախարդական երաժշտությունը միշտ քեզ հետ կլինի: Այն կհնչի քո հոգում և սրտում: Եվ այդ երաժշտությունը կլսեն և՛ քեզ շրջապատող այդ սառը սառույցները, և՛ հեռավոր աստղերը, որ այդքան գաղտնի առկայծում են բարձունքում: Եվ միայնակությունը այդ հրաշալի երաժշտության մեջ տեղ չի ունենա:
Այդ ամենից հետո, հեռավոր աստղ Ալգուլլային սկսեցին անվանել «Միայնակ օտարականի աստղ, ով հաղթեց միայնությանը»: Իմաստունները ասում են, որ Ալգուլլա աստղին երկնքում կարող են տեսնել միայն նրանք, ովքեր հոգով և սրտով կարող են լսել իրական կյանքի հզոր երաժշտությունը:
Յացեկ Էրկա "Վերադարձ տուն"
Օրվա առակը՝ Ալգուլլա՝ միայնակ օտարականի աստղը - 07 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան