Հեռավոր ծայրերում՝ մոռացված հողերում, պահպանվում է իր ժամանակների ստեղծագործությունը՝ թանկարժեք թագը: Նրա մի մասը ոսկուց է, մյուսը՝ արծաթից: Ոսկե մասը զարդարված է սաթով, արծաթյա մասի վրա՝ սև ալմազներ են փայլփլում: Ով որ կրի այդ թագը ՝ իշխանություն ձեռք կբերի, սակայն կդադարի տարբերել գույները: Ամեն ինչ նա կտեսնի սև և սպիտակ գույներով:
Բայց չնայած դրան, շատերն էին ցանկանում ունենալ թագը: Շատերն էին ցանկանում, բայց ոչ բոլորին էր բաժին ընկնում այդ հաջողությունը: Իսկ ում բաժին էր ընկնում՝ մինչ կյանքի վերջ խոնարհվում էր թագի և իր պարգևի առջև:
Թագի վերջին սեփականատերը սովորական մի տղա էր՝ Նաիլը: Լավ տղա էր, աշխատասեր, ուրախ: Երբեք չէր հուսահատվում:
- Իսկ ինչու՞ ես տխրեմ,- ասում էր նա,- դժբախտությունը ինպես կգա, այնպես էլ կգնա: Իսկ աշխարհի գեղեցկությունը, ինչն ինձ շրջապատում է՝ կմնա: Իզուր է, անիմաստ վշտանալ, կյանքը անիծել, ավելի լավ է ժպտալ արևին, խոնարհվել երկնքի առջև:
Բայց ստացվեց այնպես, որ մի անգամ Նաիլը, անտառով զբոսնելիս, հանդիպեց մի տարօրինակ խրճիթի: Խրճիթը կարծես թե խրճիթ էր, գերաճած խոտերով, միայն դուռ ուներ, կարծես թե ոչ էլ խրճիթ էր, այլ մի կացարան:
Դուռը բացեց Նաիլը: Իսկ դռան ետևում մութ էր, ցուրտ և խոնավ: Ամեն մի քաջին խիզախությունը չէր բավականացնի մտնել նման սև անհայտություն: Բայց հետաքրքրությունը գլուխ բարձրացրեց պատանու մոտ:
Երկար խորասուզվեց մթության մեջ Նաիլը: Երկար շրջեց, մինչև որ առջևում տեսավ լույս: Նա հայտնվեց մի ընդարձակ սրահում: Սրահի պատերը և առաստաղը զարդարված էին թանկարժեք քարերով: Իսկ սրահի կենտրոնում գահն էր վեհանում: Գահի վրա չտեսնված գեղեցիկ մի թագն էր բազմած: Տեսնելով նման հրաշք՝ Նաիլը հոգոց հանեց.
-Մոտեցի՛ր և վերցրո՛ւ թագը,- հանկարծ լսեց նա ցածր ձայներ:
-Ո՞վ կա այստեղ, - սարսափած բղավեց Նաիլը:
- Մենք ենք՝ թանկարժեք քարերը: Վերցրո՛ւ թագը: Այն քեզ իշխանություն կպարգևի: Դու հզոր կլինես: Միայն թե, հանուն վեհության, կզոհաբերես գույները: Կրելով թագը, դու կդադարես տարբերել գույները, ամեն ինչ կտեսնես սև և սպիտակ:
- Սև-սպտա՞կ,- մտահոգվեց պատանին: Դա այդքան էլ վատ չէ, եթե հաշվի առնենք, որ ես ձեռք կբերեմ իշխանություն:
Նաիլը թագը դրեց գլխին և աշխարհը դարձավ նրա համար սև-սպիտակ:
-Միայն թե,- զգուշացրեցին քարերը,- ոչ մի դեպքում չհանես թագը, մինչ այն պահը, երբ Ճշմարտությունը չգա քո ետևից, հակառակ դեպքում դու կմահանաս սարսափելի տանջվելով:
Նաիլը վերադարձավ տուն: Մարդիկ տեսնելով նրա գլխին թագը, անմիջապես ընդունեցին նրան որպես նոր թագավոր: Ա՜խ, ի՜նչ երջանիկ էր Նաիլը: Իսկ թե որքանով էր հեշտ նրան ապրել սև և սպտակ աշխարհում, դատելն այդ ամենի մասին հեշտ է: Ամեն դեպքում, թագը, իսկապես, կախարդական էր: Նրա հրամանով, մարդիկ իրենց թագավորի համար պալատ կառուցեցին:
- Թագը ե՛ս պետք է կրեմ, իմ պալատի պատերը պետք է լինեն զարդարված թանկարժեք քարերով,- չզսպեց իրեն Նաիլը:- Ես ուզում եմ, որ իմ շուրջը ամեն բան փայլի:
Եվ մարդիկ լսեցին, կատարեցին իրենց գոռոզ թագավորի պահանջները: Թե ինչքանով անկեղծ կատարեցին, Նաիլը այդ մասին չիմացավ:
Այդպես էլ նա անցկացրեց իր կյանքը՝ նայելով աշխարհին սև-սպիտակ գույներով: Իսկ երբ եկավ մահանալու ժամանակը, ինչպես որ զգուշացրել էին քարերը, Նաիլի մոտ եկավ Ճշմարտությունը՝ սևով հագնված մի աղջիկ:
- Եվ ինչպե՞ս է,- հարցրեց նա: - Գո՞հ ես թագից:
- Գոհ եմ, տիկին, - պատասխանեց Նաիլը: - Անկեղծ, այն մեծ ստեղծագործություն է :
- Ինչքանո՞վ է այն հզոր, ի՞նչ ես կարծում,- քմծիծաղեց Ճշմարտությունը:- Միթե՞ դու ոչ մի անգամ չցանկացար հանել թագը և նայել առաջվա աչքերով:
- Ոչ, - պատասխանեց արքան:
- Եվ ինչու՞մն է քո հզորությունը:
- Հարստության մեջ, թագի մեջ, որը ես կրում եմ, թանկարժեք քարերի մեջ, որ շրջապատում են ինձ, մարդկանց՝ ովքեր խոնարհվում են իմ առջև:
- Թանկարժեք քարե՜ր,,, մտահոգ ժպտաց Ճշմարտությունը ի պատասխան:- Իսկ թանկարժե՞ ք են նրանք: Դու դրանում վստա՞ հ ես:
- Իհարկե, - ցատկեց Նաիլը գահից,- Նրանք փայլում են:
- Ինչ արած, Ճշմարտությունը ձեռքերը մեկնեց թագին:- Եկել է ժամանակը բաժանվել քո կախարդական պարգևից: Հանի՛ր թագը:
Նաիլը չէր ուզում բաժանվել իր թագից: Բայց Ճշմարտությանը հակառակ չես գնա: Հանեց նա թագը և զարհուրեց: Ողջ ընթացքում, բազմել էր նա մի պալատում, որի պատերը զարդարված էին սովորական ապակիներով, ինչպես նաև գահը:
- Անհնա՜ր է,- ցատկեց Նաիլը: Ողջ ընթացքում մարդիկ ինձ խաբե՜լ են:
- Նրանք քեզ հետ վարվել են այնպես, ինպես դու նրանց հետ,- պատասխանեց Ճշմարտությունը: Նրանք ամեն բան արել են, որքան հնարավոր է հասարակ: Քեզ համար ի՞նչ տարբերություն, թանկարժե՞ք քարերով են զարդարված քո թագը և պալատի պատերը, թե՞ սովորական ապակուց: Դու ինքդ ընտրեցիր խաբեության ուղին և ապրեցիր խաբված: Ինչ արած, նախկի՛ն արքա, իսկ հիմա դուրս արի մռայլ, դատարկ պալատից և դիտի՛ր աշխարհին, ի վերջո, իսկական աչքերով: Թող այս աշխարհի գեղեցկությունը մնա քո հոգու հիշողության մեջ: Մի ակնթարթ կվերադարձնեմ քեզ այդ պարգևը, ինչով դու օժտված ես եղել ծնված օրվանից:
Նաիլը դուրս եկավ պալատից, և քա՜նի տարիներ նա տեսավ աշխարհը՝ իր բոլոր գույներով: Եվ երջանիկ էր Նաիլը՝ նայելով իրեն շրջապատող գեղեցկությանը: Եվ հասկացավ, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ թանկարժեք իրերը, չեն կարող փոխարինել աշխարհի գեղեցկությանը:
- Սա հրա՜շք է,- բացականչեց Նաիլը:
Ի պատասխան, միայն տխուր ժպտաց Ճշմարտությունը, ասելով՝
- Այսուհետ, դու կլինես թանկարժեք քար: Դարերով քեզ կզարդարեն ստորգետնյա թագավորության պատերը ՝ պահպանելով գահին բազմած թագը: Իսկ երբ թագի ետևից գա մեկ ուրիշը, դու կպատմես նրա ուժի և հզորության մասին:
Այդպես, Նաիլը դարձավ սև քար, որ զարդարում էր քարանձավի պատերը: Պատի մեջից նայում էր գահին բազմած թագին, և լացել էր ուզում, բայց քարերը, ցավոք, լացել, չեն կարող:
Յացեկ Էռկա "Հարձակում լուսաբացին"
Օրվա առակը՝ Սև-սպիտակ: Մեծ խաբեության թագը - 06 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան