ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳԻՐ

1933թ. Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար հայազգի Ռուբեն Ղուկասի Ռուբենովին հաջորդեց Մ. Ջ. Բաղիրովը, ում նշանակումը չէր կարող անցնել առանց Բերիայի աջակցության և Ստալինի համաձայնության: Նախկին մուսվաթականը սերտ հարաբերություներ ուներ նաեւ Ա. Միկոյանի հետ:

 

Պաշտոնավարման քսան տարիների (1933-1953) ընթացքում «ադրբեջանական ժողովրդի հայրը» իրականացնում էր միահեծան իշխանություն եւ վայելելով Կրեմլի աջակցությունը՝ ջանքեր չէր խնայում Ադրբեջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ուղղությամբ: Իսլամադավան ազգերի ներկայացուցիչներին ստիպում էին իրենց անվանել ադրբեջանցիներ, փակում էին ազգային փոքրամասնությունների կրթա-մշակութային հաստատությունները:

 

Բաղիրովը սիրում էր հայտարարել, թե Հայրենական մեծ պատերազմի հաղթանակն ադրբեջանցի նավթագործների շնորհքն է եւ դա այն դեպքում, երբ Այսրկովկասից տոկոսային հարաբերությամբ ամենաքիչ մասնակցությունը պատերազմին ունեցել են կովկասի թաթարները:

 

Բաղիրովին անվանում էին տեղական «Ստալին»։ Նրա կառավարման շրջանում բռնաճնշումներին Ադրբեջանում զոհ գնաց 70-120 հազար մարդ՝ գերազանցապես հայեր, քրդեր, լեզգիններ ու թալիշներ։

 

Երբ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը նամակով դիմեց Ստալինին' Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու խնդրանքով (1945թ. նոյեմբերի 11), Բաղիրովը, նույն թվին, որպես հակընթաց փաստարկ, նամակով դիմեց Մալենկովին, որտեղ մասնավորապես գրված էր. «ԼՂԻՄ-ի վերադարձման հարցում դեմ չեմ, բայց Շուշիի շրջանի վերադարձման դեպքում առաջարկում եմ դիտարկել Հայաստանի ադրբեջանաբնակ Ազիզբեկովի, Վեդիի և Ղարաբաղլարի շրջանների միավորումը Ադրբեջանի հանրապետությանը»:

 

Ստալինի մահը նշանավորեց ստալինյան դարաշրջանի ավարտը, որին հետեւեց Բերիա-Բաղիրով քաղաքական առանցքի դատապարտումը: Սկսվեց Բաղիրովի դատավարությունը: Դատի ժամանակ ռազմական տրիբունալի նախագահի ու դատախազ Ռ.Ա. Ռուդենկոյի խաչաձեւ հարցաքննությամբ պարզվեց, որ Բաղիրովը ծրագրել էր Ադրբեջանին միացնել Դաղստանը:

 

Ստալինը, Բերիան ու Բաղիրովը որոշել էին 1953-ի ամռանը կազմակերպել Հայաստանում բնակվող հայության մի վիթխարի բռնագաղթ, որով հանրապետության բնակչությունը կդառնար մեկ միլիոնից էլ պակաս, որպեսզի զրկվեր միութենական հանրապետության իրավունքներից:

 

- Ուրե՞մն Հայաստանը պիտի բաժան-բաժան արվեր, միացվեր հարեւաններին,- հարցնում է ռազմական տրիբունալի նախագահը:

 

- Այո՛,- անվրդով պատասխանում է Բաղիրովը,- ծրագիրը խափանվեց միայն Ստալինի մահվան պատճառով:

 

- Բայց ո՞րն է հիմքը, ի՞նչն էր միավորում ձեր ու Ստալինի տրամադրությունները,- հարցնում է գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոն:

 

- Ես Ադրբեջանի ղեկավարն էի: Կրեմլին ձեռնտու էր Արեւելքում՝ մահմեդական աշխարհի նախադռանը, ունենալ Ադրբեջանի պես հզոր ու հավատարիմ մի հենարան-հանրապետություն,- պատասխանում է Բաղիրովը...

 

Սոցիալիստական օրենքների խախտման, ինչպես նաև Բերիայի ոճրագործություններին հանցակից լինելու մեղադրանքով Մ. Ջ. Բաղիրովը 1956թ. մայիսի 7-ին դատապարտվեց գնդակահարման: Օրեր անց՝ մայիսի 26-ին, դատավճիռն ի կատար ածվեց Բաքվում:

 

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Բագրատ Ուլուբաբյան, Արցախյան գոյապայքարը, Երեւան, 1994

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
միր աբաս ջաֆար օղլի բաղիրովը