ՁՅՈՒՆՈՏ ՍԱՐ
1918 թ․ մարտի վերջին՝ Վանի նահանջի օրերին, ժողովրդի մեջ հիվանդություն ընկավ։ Մարդիկ սկսում էին հավի նման թփրտալ ու մեռնում էին։ Ոչ մի տեղից օգնության հույս չկար։ Չէինք հասկանում, թե ինչն է պատճառը։
Երբ գաղթականությունը Խոյ մտավ, ճանապարհին ինչ-որ պահեստ գտան, ուր արկղերով չամիչ կար։ Սովահար, տանջահար ժողովուրդը վրա պրծավ ու սկսեցին ուտել այդ չամիչը։ Ով որտեղ ջուր էր գտնում, խմում էր՝ առանց մաքուր ու կեղտոտ հարցնելու։ Երեւի այդ էր խոլերայի տարածման պատճառը։
Շատ զոհեր ունեցանք։ Ամբողջ գիշեր չկարողացա աչք փակել։ Հանկարծ հիշեցի․․․ Հորեղբայրս անկողնուն գամված էր։ Գարնան կողմն էր։ Անհույս հիվանդին ասել էին՝ ի՞նչ կուզես, ասել էր՝ էն դիմացի սարի ձյունը։ Գնացել, բերել էին․ կերել ու անմիջապես լավացել էր։
Առավոտյան, լույսը բացվելուն պես, աչքս ընկավ դիմացի բարձր սարին։ Վրան բավականին ձյուն կար նստած։ Մտածեցի՝ ինչ լինում է՝ թող լինի, պետք է ռիսկի դիմեմ, ուրիշ հույս չկա։ Մի քանի զինվորների կարգադրեցի, որ ժողովրդին հավաքեն մի տեղ։ Եկան, հավաքվեցին։ Բարձրացա մի քարի վրա ու բարձր ձայնով ասացի․
- Մեծերդ մայրերս եք, փոքրերդ՝ քույրերս: Եթե ամուսինը հիվանդ է, թող կինը շալակի, եթե կինը հիվանդ է, թող ամուսինը շալակի, ով ում կարող է՝ թող օգնի։ Պետք է բարձրանանք այն սարը։
Մի քանի րոպե անց հալումաշ եղած ժողովուրդը կարծես ուժ ստացավ, մեկը մյուսին օգնելով, ոգեւորվելով բարձրացանք սարը եւ սկսեցինք ձյուն ուտել։ Կարծես դանակն առան ու կտրեցին հիվանդությունը․ ժողովուրդն առողջ ու առույգ իջավ սարից։ Ինձ անհայտ մնաց այդ հրաշքի գաղտնիքը, իսկ սարի անունը մարդկանց մեջ Ձյունոտ սար մնաց (Կուլջուր լեռ)։ Ես երբեք այդպես չէի զգացել երջանկությունը;
ԿԻՊՐԱՆՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
(Մուրադ Չաուշ, Դերջանի արքա)
Տես՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ, «ՀԱՅ ՄԸ», Կիրովական, 1991թ.