ՊԱՏՄՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ
«1881 թվին մեր վիճակի առաջնորդը՝ Գեորգ վարդապետ Դերձակյանը, պետք է գնար Սուրբ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու: Գեորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրամանագրել էր, որ առաջնորդը հետը բերե և մի որբ աշակերտ, իր Ս. Էջմիածնում հիմնած Մայր Աթոռի Գեորգեան Ճեմարանի համար: Քսան որբի մեջ վիճակն ինձ ընկավ և առաջնորդն ինձ Ս. Էջմիածին բերավ:
Բազմած էր Հայոց հայրապետը՝ պատկառելի մի ծերունի: Սկսավ ինձ հարցուփորձ անել: Ես ապուշ էի կտրել մնացել, չէի հասկանում, թե ինչ էր ասում, որովհետև խոսում էր հայերեն, իսկ ես, որպես և մեր քաղաքացիք, տաճկախոս էի, թեև հայերեն գրել ու կարդալ գիտեի, բայց բոլոր առարկաները անցել էի տաճիկ լեզվով, ուստի և չէի հասկանում կարդացածս հայերենը:
Վեհը տեսավ, որ ես հայերեն չեմ իմանում, ասաց տաճկերեն լեզվով. «Դու զուր ես եկել այստեղ, որովհետև մեր ճեմարանում ամեն բան հայերեն են անցնում»: Ես էլ առանց քաշվելու, մանկական միամտությամբ, համարձակություն եկավ վրաս և ասացի, թե եկել եմ հայերեն սովորելու:
– Էհ, լավ, ձայն ունե՞ս և երգել գիտե՞ս:
– Այո, ունեմ ու գիտեմ:
– Ի՞նչ երգեր գիտես:
– Ինչ ասես գիտեմ՝ հայերեն, տաճկերեն, եկեղեցական, աշխարհական...
– Շատ լավ, «Լոյս Զուարթ»ը գիտե՞ս:
– Գիտեմ:
«Լոյս Զուարթ»ը երգելիս նկատեցի, թե ինչպես նորա աչքից արցունքները գլորվում էին վերարկուի ծալքերի մեջ:
– Ասոր Ճեմարան տարե՛ք,– հրամայեց Վեհը Մանկունի Վահրամ եպիսկոպոսին՝ իր դիվանապետին»:
***
Գրական նշխարք Կոմիտաս վարդապետի բեղուն գրչեն, էջ 8:
Հայե՛ր, գիտե՞ք, որ