ՄԻՋԱԴԵՊ

1919 թվականի կեսերին գերմանացի արեւելագետ, հայագետ, պրոֆ. Յոզեֆ Մարկվարտին այցելում է միջին տարիքի թխադեմ մի արևելցի, բարեւում գերմաներեն ու պրոֆեսորի հրավերով տեղ գրավում։ Մարկվարտն, ըստ իր սովորության, մի քանի վայրկյանում սեղանին դարսում է իր հայագիտական ուսումնասիրությունները։

 

Նա ոգևորված պատմում է այցե­լուին, թե ինչ է գրել եւ ինչ է գրում, բայց շուտով նկատում է, որ գերմանախոս «հայը» շատ անտարբեր է իր պատմածների նկատմամբ։ Մտածում է, թերևս «հայը» կարևոր գործ ունի հետը․․․ Քիչ անց այցելուն ասում է, որ ինքը մի քանի ձեռագիր է ուզում վաճառել, բայց գրադարանի վարչությունն ուղարկել է ձեռագրերը պրոֆ. Մարկվարտին՝ ի գնահատություն։ Այս խոսքերի վրա մեկնում է պրոֆեսորին հասցեագրված գրադարանի վարչության գրությունը։ Մարկվարտը խնդրում է ցույց տալ ձեռագրերը։ Այցելուն սեղանին է դնում 4 թե 5 ձեռագիր, որոնց մեջ կային հրաշալի մանրանկարներով զարդարված երկու մագա­ղաթյա մատյաններ։

 

- Ինչո՞ւ եք վաճառում. բա ափսոս չէ՞, դրանք ձեր պապերից մնացած սրբություն­ներ են, ո՞վ գիտե, քանի՜ հարյուր տարի սերնդից-սերունդ են անցել, մինչև հասել են ձեր ձեռքը։ Խորհուրդ եմ տալիս չվաճառել, տարեք տուն, դուք էլ կկտակեք ձեր որդինե­րին, թո՛ղ պապական սեփականությունը ձեր տոհմից դուրս չգա։

 

- Պրոֆեսո՛ր, ես հայ չեմ. ես թուրք սպա եմ։
- Ապա որտեղի՞ց են ձեր ձեոքն ընկել այս ձեռագրերը,- հանկարծակիի գալով, հարցնում է Մարկվարտը։
- Գիտե՞ք, պրոֆեսոր, երբ մենք գերմա­նական մի վաշտի հետ հարձակվեցինք Վանի մոտերքում մի գյուղաքաղաքի վրա եւ այնտեղից դուրս քշեցինք ռուսներին ու հայե­րին, զինվորները մտան տեղի վանքը եւ սկսեցին կողոպտել ու ոչնչացնել այն, ինչ չէին կարող իրենց հետ տանել։ Ես նկատեցի գետնին թափթփած բազմաթիվ գրքեր, մի 10 գիրք վերցրի, դրանց մեծ մասն այսպես նկարազարդ էին․․․ Սրանք բերել եմ Բեոլին, ուզում եմ վաճառել եւ ընտանիքիս համար գնումներ կատարել:

 

- Ուրեմն դուք կողոպտի՞չ եք,- ընդհա­տում է նրան պրոֆեսորը զայրացած,- հայերի հուշարձան­ներն եք կողոպտել, գողացել եւ ուզում եք վաճաոել ու հայերի դժբախտության վրա, ձեզ համար վայելուչ ու բախտավոր կյանք ստեղծե՞լ։ Դուրս կորեք իմ տնից, ավազակ.․․Դո՛ւրս, ան­միջապես հեռացե ՛ք...

 

Թուրք սպան ձեռքը մեկնում է, որ ձեոագրերը վերցնի, բայց պրոֆեսորը թույլ չի տալիս, զայրացած կանչում է տնտեսուհուն, որ ոստիկաններ հրավիրի։ Թուրքը տեսնելով, որ միջադեպը խո­րանում է եւ զայրացած պրոֆեսորից չի կարող վերցնել ձեռագրերը, ընկրկում է ու փախչում նրա բնակարանից... Ձեռագրերը մնում են Մարկվարտի մոտ։ Մի երեք շաբաթ անց, նա ձեռագրերն ուղարկում է Վիեննա՝ Մխիթարյանների գրադարան։

 

Ի դեպ, հինավուրց մշակույթի տեր հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու բարյացակամությունն ընդգծելու համար Մարկվարտը հայերեն է թարգմանել իր անուն-ազգանունը եւ երբեմն ստորագրել «Հովսեփ Բդեշխյան»։

 

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Կ. ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
«ԹԵՐԹԻԿՆԵՐ ԻՄ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆԻՑ»
Տես՝ «ԷՋՄԻԱԾԻՆ» ամսագիր, ապրիլ, 1965 թ․

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ