ԵՐԵՎԵԼԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
387 թ. Մեծ Հայքի բաժանման հետեւանքով հայ նախարարներից ոմանք Պապի որդու՝ Արշակ Գ-ի հետ հեռացան Հռոմին անցած հայոց աշխարհի արեւմտյան մասը, մյուսները՝ հավատարմության երդում տվեցին սասանյան արքա Շապուհ Գ-ի դրածոյին՝ հայոց թագավոր հռչակված Խոսրով Դ Արշակունուն:
Լսելով, որ Խոսրովին անցած տարածքներում իրենց կալվածքները հարքունիս են գրավում, նախարարներ Սուրեն Խորխոռունին, Վահան Առավեղյանը եւ Աշխադար Դիմաքսյանը հափշտակեցին արքունի գանձերը, որոնք Արշակ Գ-ն պատրաստվում էր Դարանաղյաց Անիից տեղափոխել Ծոփքի Բնաբեղ: Սամվել Մամիկոնյանը հետապնդեց նրանց, սակայն վրա հասավ Խոսրովի սպարապետը՝ Սահակ ասպետը, ազատեց պաշարված նախարարներին եւ գանձերով շտապեց Խոսրովի մոտ: Վերջինս անմիջապես դրանց մի մասն ուղարկեց պարսից արքա Շապուհ Գ Սասանյանին՝ իր տիրոջը:
Այս դեպքը պատճառ եղավ, որպեսզի Արշակը պատերազմ հայտարարելով Խոսրովին՝ մտնի Վանանդ: Զարիշատի մոտ գտնվող ԵՐԵՎԵԼ դաշտում Արշակի եւ Խոսրովի զորքերի միջեւ տեղի ունեցած կատաղի ճակատամարտն ավարտվեց Խոսրովի հաղթանակով:
Գազավոն Կամսարականին հաջողվեց Արշակին դուրս բերել մարտադաշտից եւ հասցնել Եկեղյաց գավառը, որտեղ էլ արքան հիվանդացավ բազուկացավով եւ տենդից հյուծվելով 387-ին մահացավ: Հռոմն այլեւ Մեծ Հայքի արեւմտյան մասում հայոց թագավոր չկարգեց, իսկ հայոց երկրի արեւելյան մասում Արշակունիները, որպես սասանյանների հպատակներ, իշխեցին մինչեւ 428 թ.: