Հնում՝ դեռևս մեծ և իմաստուն դրակոնների ժամանակաշրջանում, կատարվեց այս պատմությունը:
Մի անգամ երիտասարդ Կատսուրոն քայլում էր ճանապարհով: Հանկարծ տեսնում է, որ արևի վրա Դրակոն կա: Վախենում է Կատսուրոն և որոշում՝ շրջանցի դրակոնին: Բայց չի ստացվում, նրան նկատում է Դրակոնը:
- Արի՛ այստեղ,- կանչեց նրան Դրակոնը:
Ոչինչ չէր մնում խեղճին, եթե ոչ մոտենալ: Կանգնում է և վախից դողում:
- Հե՜յ, ինչպես տեսնում եմ դու զինվոր չես,- քմծիծաղ տվեց Դրակոնը: - Ու՞ր ես գնում:
- Ինքս չգիտեմ, թե ուր,- պատասխանեց երիտասարդը:- Գնում եմ, ուր որ ոտքերս կտանեն ինձ: Ուղղակի ուզում եմ աշխարհը տեսնել:
- Օ՝, աշխուժացավ դրակոնը: - Ուրեմն դու ազատ ես: Այդ դեպքում մենք կընկերանանք: Ես այստեղ արդեն մի տարի է անգործ պառկած եմ: Ես հասցրել եմ շրջել ողջ աշխարհով, ամեն ինչ ճանաչել, էլ ոչինչ չկա զբաղվելու: Բայց հիմա հայտնվեցիր դու, ընկեր, ում կարող եմ անկեղծ ցույց տալ ազատությունը՝ իր ողջ գեղեցկությամբ և վեհությամբ, և դրանում էլ կլինի իմ երջանկությունը:
Այդպես սկսեցին ընկերանալ երիտասարդ Կատսուրոն և Դրակոնը: Շրջեցին նրանք ողջ երկրով, Կատսուրոն երջանիկ էր, որ բացեց ողջ աշխարհն իր առջև: Եվ ուրախ էր նաև Դրակոնը, որ Կատսուրոյի առաջ բացեց հսկայական երկիրը՝ իր համար արդեն ճանաչված:
Ընկերները կանգ առան դաշտում՝ գիշերելու: Երկնքից լուսնի արծաթագույն լույսն էր տարածվում, խոտերը թեթև քամուց խոնարհվում էին հողին: Երանելի լռություն էր: Իսկ հեռվում թույլ լույսեր էին վառվում մոտակա գյուղի տան պատուհաններից: Երկար նայեց այդ լույսերին Կատսուրոն, չդիմացավ.
- Գնամ գյուղ մտնեմ, տեսնեմ, թե ինչպես են մարդիկ ապրում: Միաժամանակ էլ ուտելիք ձեռք կբերեմ:
- Լավ,- չառարկեց Դրակոնը: - Ես քեզ այստեղ կսպասեմ: Կսպասեմ քեզ այնքան, մինչև կվերադառնաս:
Կատսուրոն եկավ գյուղ: Տնից տուն անցավ, թակեց դռները, բայց ոչ ոք չէր շտապում բացել: Եվ միայն մի տանը խղճացին իրեն: Դուռը բացեց մի հրաշալի աղջիկ: Կատսուրոն նայեց գեղեցկուհուն և գիտակցությունը կորցրեց: Մի ակնթարթում նա մոռացավ ազատության և Դրակոնի մասին, ով անձնվիրաբար սպասում էր իր վերադարձին: Սերը բացահայտվեց իր համար:
Շատ թե քիչ ժամանակ անցավ, երիտասարդը հիշեց իր ընկերոջ՝ Դրակոնի մասին, ով անձնվիրաբար սպասում էր իր վերադարձին: Վազեց Կատսուրոն դաշտ:
- Վերադարձա՞ր,- ուրախացավ Դրակոնը: - Այդ դեպքում շարունակենք ճանապարհը: Դու դեռ շատ բան չես տեսել, իմ երիտասարդ ընկե՛ր:
- Ես չեմ կարող քեզ հետ թռչել,- մեղավոր իջեցրեց աչքերը Կատսուրոն: - Աղջկա նկատմամբ սերը թույլ չի տալիս ինձ քեզ հետ գալ: Սիրեցի ես աղջկան, ուզում եմ մնալ նրա հետ: Բայց քեզ էլ չեմ կարող լքել:
- Մի թող ինձ,- աղաչեց Դրակոնը: Դու առաջինն ես՝ ում ես այդպես ընտելացա:
Շփոթվեց Կատսուրոն: Չգիտեր ինչ աներ: Եվ որոշեց դիմել ուսուցիչ Խիկարի օգնությանը:
- Քեզ մնում է ընտրել մեկը՝ կա՛մ սերը, կա՛մ ազատությունը: Եթե որոշես ընտրել սերը, ապա վերցրո՛ւ թուրը: Կտրի՛ր այդ թրով Դրակոնի գլուխը, հակառակ դեպքում նա քեզ բաց չի թողնի:
Երկար տանջվեց Կատսուրոն: Եվ վերջապես որոշում կայացրեց: Վերցրեց թուրը ձեռքը և մթության մեջ կտրեց քնած Դրակոնի գլուխը: Կատսուրոն ազնիվ և նվիրված ընկեր չեղավ նրա համար, ով աշխարհը բացեց իր առաջ:
Վերադարձավ նա տուն՝ իր սիրելիի մոտ, պառկեց քնելու, իսկ առավոտյան անտանելի թախիծ զգաց Դրակոնի համար: Սարսափից բղավեց երիտասարդը, օգնության համար վազեց Խիկար ուսուցչի մոտ:
- Ի՞նչ արեցի ես, ուսուցի՛չ, ի՞նչ գործեցի: Սեփական ձեռքերով սպանեցի իմ հավատարիմ ընկերոջը: Ի՞նչ անեմ ես հիմա, երբ հոգիս ցավում է կորստի համար:
Խիկարը միայն տխուր շունչ քաշեց ի պատասխան: Ինչ կարող էր ասել, երբ երիտասարդն արդեն ընտրությունն արել էր: Կատսուրոն ընտրեց սերը: Եվ այդպես էլ իր ողջ կյանքում Կատսուրոն այլևս չճանաչեց երջանկությունը, որ երբևէ զգացել էր՝ շրջելով ողջ աշխարհը հավատարիմ ընկերոջ հետ: Հավիտյան նա կորցրեց իր ազատությունը: Սակայն, դրա փոխարեն ճանաչեց սերը:
Ավա Արդոյից
Յացեկ Էռկա "Սովորել քայլել"
Օրվա առակը՝ Սիրո ճանաչումը - 14 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան