Շուտով կլրանա «Արծիվ»- մահապարտներ զորագնդի հիմնադրման 21 տարին: 21 տարին այն տարիքն է, երբ բուհն ավարտած ու մասնագիտություն ստացած՝ երիտասարդները կյանք են մտնում՝ պատրաստ լինելով արդեն ինքնուրույն դիմակայելու կյանքի փորձություններին: Իսկ Մահապարտների դեպքում այլ էր…նրանք զորագնդի ծննդյան առաջին իսկ օրվանից էին պայքարի դուրս եկել ու հենց մահվան դեմ՝ հանուն սեփական երկրի ազատության ու խաղաղության:
Մահապարտներ են համարվում նաև արաբ տեռորիստները: Տարբերությունն ակնհայտ է. Արծիվ մահապարտները պայքարել են սեփական հողում սեփական երկրի ազատության համար ու թշնամուն դեմ առ դեմ, այլ ոչ թե մարդասպան մահապարտների նման, որ ինքնազոհությամբ դառնում են խաղաղ ու անմեղ բնակիչների մահվան պատճառ՝ նրանց իսկ երկրում: Տեռորիստական կազմակերպության ամենագլխավոր նպատակն է փնտրել և գտնել համապատասխան անձի ու հոգեբանական ներգործությամբ տանել նրան ինքնազոհության:
Այս տեռորիստական շղթայի մեջ մահապարտը միայն վերջին օղակն է, երբ արդեն ընդունված է տեռորիստական ակտի իրականացման վերաբերյալ որոշումը, որոշակիացված են նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև տեռորիստական ակտի իրականցման մեթոդները, պատրաստվել են պայթուցիկ սարքերը ու ամենակարևորը՝ կատարվել է հոգեբանական ներգործության զգալի աշխատանք: Որպես կանոն տեռորիստ մահապարտը ֆանատ չէ, որը պատրաստ է սպանելու ինքն իրեն ԱՐԴԱՐ նպատակների համար, նա տեռորիստական կազմակերպությունների համար ուղղակի մարդ-գործիք է՝ զոմբիացված ուղեղով:
Արծիվ մահապարտները մարդասպաններ չեն, մարտիկներ են, ազատության ու խաղաղության մարտիկներ, որ մտածված պայքարի դուրս գալով թշնամու դեմ պայքարի ամենավտանգավոր պահին ու ամենաթեժ գծում արդար պայքարում ու անհավասար մարտում պատվով հաղթող դուրս եկան: