ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի հետ Թբիլիսիում հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին հայտարարեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցության ուղղությունը վրաց ժողովրդի կամարտահայտությունն է: Վերջ: Սա, անկասկած, ամենածանրակշիռ փաստարկն է, թե ինչու Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ: Սա լուրջ մեսիջ էր արտաքին ու ներքին սպառման առումով: Վրաստանի ժողովուրդը որոշել է և վերջ: Այլևս ոչ ոք, թե ներքին, թե արտաքին ուժեր, ի զորու չեն ազդելու այս որոշման վրա: Միգուցե վարչապետը դիվանագիտություն է բանեցրել, սակայն մի բան ակնհայտ է, որ այս դիվանագիտական հնարքը որևէ ազդեցություն չէր ունենալու, եթե Իվանիշվիլին չունենար լեգիտիմության բավարար պաշար: Նա ցույց տվեց, որ վրացի ժողովրդի ցանկություններն ու պահանջմունքներն են առաջնայինը, և իր իշխանությունը պարտավոր է հարգել այն, իսկ եթե իշխանությունը հարգում է, ապա որևէ արտաքին դերակատար իրավունք չունի չհարգելու այն: Ահա այսպես Վրաստանի իշխանությունը հարգեց և հարգել տվեց սեփական ժողովրդին: Հայաստանի պարագայում, այս ասոցացման պայմանագրի և մաքսային միության թնջուկում, որևէ անգամ չնշվեց, թե ինչպիսին է հայ ժողովրդի ցանկությունը՝ բացառությանմբ կասկածելի "տնային սոցհարցման" ինչ-որ տվյալների հրապարակումից: Այդպես է, լեգիտիմության դեֆիցիտը լուրջ խոչընդոտ է արտաքին հարաբերություններում շահեկան դիրքեր ունենալու համար: Եվ այդ դեֆիցիտը դիվանագիտական դեգերումներում ստիպում է ընկալում ստանալ արտաքին ուժերից, իսկ վերջիններս, ինչպես միշտ, հավատարիմ են քաղաքական շահի իրացման ամենապրագմատիկ ձևին՝ քաղաքական ռեալիզմին, և նրանց ընկալման ողջ սպեկտրը պտտվում է այս կոնցեպտի շուրջը: