Այսօր՝ հունիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 02-00-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհից դեպի Սարալանջ-Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում, մի խումբ անձնաց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ: Նույն պահին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահներ Միքայել Աղաբեկյանն ու Արտավազդ Հարությունյանը ռադիոկապով հրահանգում են վիճաբանության վայրին մոտ ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև շտապ օգնության բրիգադ են ուղղարկում նշված վայր, քանի որ ահազանգողները հայտնել էին, որ կա վիրավոր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած վայր են ժամանաում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանը, տեսուչներ Վրույր Գաբրիելյանը և Ավետիք Քալաշյանը: Ու մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացնում են, որ ավտոհետախուզվում է հայտարարվել Volkswagen Golf և Toyota մակնիշի ավտոմեքենաների նկատմամբ: Նշված հատվածում ՃՈ աշխատակիցները հայտնաբերում են վիրավոր մի երիտասարդի, ում մարմնի և գլխի մասերում ստացած մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության թիվ 03 բրիգադը տեղափոխում է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանում նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները, բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվում է գազային ատրճանակից արձակված 3 պարկուճ, փայտյա կտորներ, ինչպես նաև հայտնաբերվում են Volkswagen և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Պարզվում է նաև, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 33 ամյա Արմեն Մխիթարյանն է, ով մասնագիտությամբ պարի դասատու է իսկ վիճաբանության ժամանակ ներկա է եղել նաև նրա կինը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Մխիթարյանի և մի քանի անձանց միջև, որի ժամանակ Մխիթարյանը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ է արձակել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, երբ ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեքպի վայրում տեխազզնման աշխատանքներ էր կատարում, ՃՈ աշխատակիցները նկատեցին, որ Audi A6 մակնիշի ավտոմեքենա կանգնեց, որի մեջ կային երկու երիտասարդներ, որոնցից մեկի դեմքը վնասված և արյունոտված էր, ու վիճաբանություն կատարելու կասկածանքով նրանք տեղափոխվեցին ոստիկանության Մարաշի բաժանմունք, իսկ երիտասարդներից մեկը հայտնում էր, որ իրենք վիճաբանություն են ունեցել այլ տեղ և նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության հետ իրենք կապ չունեն: Փաստի առթիվ Ոստիկանության Մարաշի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և երեք ավտոմեքենաները տեղափոխվել են մարաշի բաժանմունքի հատուկ պահպանվող տարածք: Կրակված պարկուճներն առգրավված են և ոստիկանությունը փնտրում է գազային ատրճանակը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի