Վահրամ Թոքմաջյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արդեն երեկ, մի շատ կարևոր բան տեղի ունեցավ, ցավոք՝ ողբերգական հիմքով:
ՀՀ վարչապետ Փաշինյանն ընդունեց սպանված զինծառայողի ազգականներին: Մարդիկ վիշտ ունեն: Վիշտ, որը չի ամոքվելու: Բայց նրանք գտել են բանաձևը: Մեզնից յուրաքանչյուրը չէր հաշտվի այդ վշտի հետ: Հարազատներն ասում են հետևյալը. «Մեզ ոչինչ պետք չէ: Մենք գիտենք, որ զինվոր ենք տվել հայրենիքին: Միայն ասեք, թե ինչպես է սպանվել: Մեզ ասեք ճշմարտությունը»:
Մարդիկ արդարություն են ուզում: Արդարության դառը բացակայությունն է, որ մեզ հասցրել է էս օրին: Իմ համակրանքը մեր եզդի բարեկամների ցավի հանդեպ ոչ միայն նրանց կորուսյալ վշտով է պայմանավորված, այլ նաև մարդկային անկեղծությամբ: Նրանք չգիտեին, թե ում դիմեին: Ենթադրում եմ, սպառել էին բոլոր քննչական մարմինները: Նախորդ դեպքում արդարությունը փնտրում էին ԱԺ դարպասների մոտ: Այս շաբաթ արդեն՝ կառավարության շենքում:
Քավ լիցի, ես չեմ համեմատելու, թե ինչպես կվարվեին ու վարվել են նախկինները նման դեպքերում: Վերանում եմ նաև այն օրինաչափ աղմուկից, փոխադարձ չհասկացվածությունից և քաշքշուկից, որը տեղի ունեցավ: Ինձ համար առանցքային էր մեկ բան՝ երկրի վարչապետն ընդունեց սպանված զինվորի հարազատներին: Հանպատրաստից, առանց պայմանավորվելու, առանց ավելորդությունների: Սա այն վարքագծային փոփոխությունն է, որը տեղի է ունեցել մեզանում: Այստեղ ես կարևորում եմ մեկ հանգամանք ևս: Քաղաքացիության հարցը: Սպանված զինծառայողը եզդի էր՝ հայաստանցի: Այս դեպքում մեր սգավոր եզդի եղբայրները և քույրերը, մի շատ կարևոր բան էին ասում. նրանք իրենց զինվորին տվել են հայրենիքին՝ Հայաստանին: Նրանք քաղաքացի են, հասկանում են սահմանի իմաստը, պետության գաղափարը՝ շատերիցս առավել:
Բայց խնդիրը, կորստից զատ, ինձ մոտ արթնացրեց մի շարք մռայլություններ.
Երկրի ղեկավարը մնում է արդարության վերջին հանգրվանը:
Մինչ այդ, գործով զբաղվող բոլոր մարմինները չեն տվել մարդկանց պատշաճ պատասխան:
Գողապետական բարքերը շարունակում են մարդկանց մահվան պատճառ դառնալ:
Մարդկային համակեցությունը և սեփական քաղաքացուն արժևորելը չենք գիտակցում, չենք կիրառում:
Ցավակցություններս ընտանիքին: Ուզում եմ համոզված լինել, որ նրանց մղումը՝ գտնել արդարությունը, ինչ-որ կերպ կփարատվի: Ու ընդհանրապես հույս ունեմ, որ Հայաստանի քաղաքացին, մի լուսավոր օր, արդարության, հավասարության և արժևորվածության պակաս չի ունենա: Պետական համակարգերը կկատարեն իրենց գործառույթները, իսկ մարդիկ կապրեն իրենց բնական հոգսերով:»