Մի աղքատ մարդու կին հաց էր թխում, իսկ հետո այս մարդն այն վաճառում էր տեղի մթերային խանութում: Կինը թխում էր 1 կգ զանգված ունեցող հացեր: Ստացված եկամուտով էլ ընտանիքը գոյատևում էր:

 


Բայց մի անգամ խանութպանը սկսեց կասկածել հաց վաճառող աղքատ մարդու ազնվության մեջ և որոշեց կշռել հացերը: Պարզվեց, որ հացերից յուրաքանչյուրը կշռում էր ոչ թե 1 կգ, այլ՝ 900 գրամ: Դա շատ բարկացրեց խանութպանին:
Մյուս առավոտ, երբ այդ նույն աղքատը եկավ խանութ, խանութպանը բարկացած ասաց.
– Այլևս չբերես ինձ քո հացը: Միևնույնն է, այլևս քեզնից ոչինչ չեմ գնելու: Խաբեբա: Դու ինձ ասում էիր, որ հացերը կշռում են մեկ կիլոգրամ, այն դեպքում, որ իրականում դրանք 900 գրամ են: Ես թույլ չեմ տա ինձ հիմարեցնել:

 


Խեղճը կախեց գլուխը, կկոցեց աչքերը և ասաց.
– Մենք, պարոն, կշեռք չունենք… Որպես չափորոշիչ ես միշտ օգտագործել եմ քեզնից գնած շաքարավազի կիլոգրամը: Դրանով ենք ես ու կինս կշռում հացերը…
ՀԳ. Հիշի՛ր, որ քո ընտրած չափման միավորով էլ քեզ կչափեն։