Մի երիտասարդ շատ անհաջողակ էր Սիրո հարցում: Մեկին նա տգեղ էր համարում, մյուսին՝ անմիտ, երրորդին՝ դժկամ: Կատարելության որոնումներից հոգնելով՝ երիտասարդը որոշում է խորհուրդ հարցնել Իմաստունից:
Ուշադիր լսելով երիտասարդին՝ ալեհեր ծերունին պատասխանում է.
-Հասկանում եմ քեզ. քո դժբախտությունը իսկապես մեծ է: Ասա՛ ինձ, ինչպե՞ս ես դու վերաբերվում քո մայրիկին:
Երիտասադը շատ է զարմանում.
- Ի՞նչ կապ ունի իմ մայրիկը: Դե չգիտեմ, նա ինձ մոտ շատ հաճախ բարկություն է առաջացնում իր հոգնեցնող հոգատարությամբ, բողոքներով և խնդրանքներով: Չեմ կարող ասել, թե սիրում եմ նրան:
Իմաստունը լռում է, գլուխը կախում, հետո շարունակում զրույցը.
-Ինչևէ, ես հիմա կբացահայտեմ քեզ համար Սիրո կարևորագույն գաղտնիքը: Երջանկությունը գոյություն ունի. այն թաքնված է քո թանկագին Սրտում: Սիրո հարցում քո բախտավորության սերմը դրել է մի շատ կարևոր մարդ քո կյանքում' Մայրդ: Ինչպես դու վերաբերվում ես նրան, այնպես էլ կվերաբերվես աշխարհի բոլոր կանանց: Քանի որ Մայրը քո առաջին սերն է. նա իր հոգատար գիրկն է առել քեզ:
Դա կնոջ ամենաառաջին կերպարն է քեզ համար, նախատիպը: Եթե սիրես և հարգես Մայրիկիդ, ապա կսովորես սիրել և հարգել բոլոր կանանց: Այդժամ մի օր դու կտեսնես, որ քո հավանած աղջիկը կպատասխանի քեզ քնքուշ հայացքով, մեղմ ժպիտով և բարի խոսքերով: Ծնողների հանդեպ մեր վերաբերմունքը մեր երջանկության գրավականն է:
Երիտասարդը հարգալից խոնարհվում է և հեռանում: Սակայն իմաստունը ևս մեկ վերջին խորհուրդ է տալիս նրան:
- Փնտրիր այնպիսի՛ աղջկա, որը սիրում և հարգում է իր Հայրիկին:
Վահե Ղազարյան