Մի անգամ մի մարդ Աստծուց Սեր խնդրեց: Աստված թերթեց մարդու կենսագրությունը, նայեց նրա անցած ուղին և առանց վարանելու՝ կատարեց նրա խնդրանքը:


Մինչ այդ, կյանքում իր ունեցած համեստ ձեռքբերումներին մարդը հասել էր ինքնուրույն, միայն սեփական ուժերով՝ մեծ ջանքերի գնով, մեծ դժվարություններ հաղթահարելով, բայց մշտապես գոհանալով և օրհնություն խնդրելով Աստծուց: Իսկ այս անգամ այնքան հեշտությամբ ստանալով իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը՝ մարդն անսահման երջանիկ էր, ապրում էր, վայելում էր Սերը՝ պահպանելով և պաշտպանելով այն բոլորից ու ամեն ինչից:


Բայց Աստված երկնքից ուշադիր հետևում էր մարդուն, նրա վարքին, գործողություններին, Սիրո հանդեպ վերաբերմունքին և մի օր էլ որոշում է փորձել նրան:


Աստված մեծ խնդիրներ և փորձություններ է ուղարկում մարդուն՝ ցանկանալով հասկանալ՝ ինչպես է ընկալում նա իրեն տրված Աստվածային պարգևը, ինչպես կվերաբերի Սիրուն իր կյանքի խրթին շրջանում:
Մարդու համար խնդիրներն անլուծելի չէին, նա բազմիցս էր նման դժվարություններ հաղթահարել, բայց նրա համար նոր էր իրավիճակը, նա հիմա Սեր ուներ: Երկար է մտածում մարդն՝ ինչպես վարվի, ինչպես պահպանի ու պաշտպանի Սերը, ինչպես անի, որ ոչ մի կերպ չվնասի այն: Բազմաթիվ անքուն գիշերներից, երկարատև մտորումներից հետո նա որոշում է հեռու պահել Սիրուն իր բոլոր խնդիրներից, թաքցնել նրան իր իրականության ամենաանվտանգ անկյունում, մինչև կյանքը կվերականգնի նախկին բնականոն հունը: Սկզբում մարդը շատ էր դժվարանում, շատ էր կարոտում Սիրուն, հաճախ էր դուրս բերում նրան, վայելում, ապա նորից թաքցնում:


Ժամանակ է անցնում, բայց մարդու խնդիրներն ավելի ու ավելի են խորանում, իսկ նա ավելի քիչ ժամանակ է տրամադրում Սիրուն, խորամուխ լինելով խնդիրների հորձանուտում՝ հաճախ նաև մոռանում իր կյանքի մեծագույն ձեռքբերման, Աստվածային պարգևի մասին:


Աստված, որ ուշիուշով հետևում էր մարդու բոլոր քայլերին, որոշում է հետ վերցնել նրանից Սերը, քանի որ մարդը չէր հասկացել դրա իմաստն ու կոչումը:


Եվ երբ օրերից մեկ օր մարդն ուզում է ստուգել՝ ինչպես է Սերը, հայտնաբերում է, որ այն անհետացել է:
Մարդը մեծ անակնկալի է գալիս, անչափ տխրում, տանջվում...…


Եվ կրկին որոշում է դիմել Աստծուն՝ խնդրելով բացատրել՝ ո՞րն էր իր մեղքը, սխալը, ինչու՞ այդքան կարճ ժամանակում նա դարձավ ամենաերջանիկն ու ամենադժբախտը, ինչու՞ այդքան կարճ ժամանակահատվածում Աստված իրեն անսահման երջանկություն և փորձություններ ուղարկեց:


Եվ Աստված պատասխանում է.


_Այն ինչ տվել ու տալիս եմ քեզ, ապրելու, վայելելու, փորձելու համար է: Ես քեզ Սեր տվեցի, որ ապրես դրանով, որ այն քեզ հետ լինի, միշտ ուղեկցի քո ամեն քայլին, որ օգնի և ուժ տա քեզ, որ ժպիտ ու երջանկություն պարգևի, իսկ դու, ի՞նչ արեցիր դու...…փորձեցիր պահպանել և պաշտպանել այն՝ հեռացնելով քեզնից: Այն, ինչ քեզնից պահանջվում էր, ապրել, շարժվել, գործել միայն Սիրով... Եվ միշտ հիշի′ր, ինձնից լավ ոչ ոք չի պաշտպանի և′ քեզ, և′ քեզ հետ կապված ամեն ինչ...…


Եվ այդ ժամանակ մարդը հասկացավ...հասկացավ, որ սխալ է սիրել, հասկացավ, որ երբ Աստված Սեր է տալիս, այն պահելու միակ ճշմարիտ տեղը սիրտն է, որ այդ Աստվածային պարգևը կյանքի մի փուլում այցելելով մարդուն՝ պետք է դառնա նրա անբաժան ուղեկիցը, Սիրո միակ հանգրվանը պետք է լինի սիրտը, որը նրա համար և անխոցելի պատյան է և ամենատաք օթևանը, և մարդը պետք է ապրի այդ զգացմունքն իր սրտի ամեն մի զարկով, իր բոլոր գործողություններում, իր բոլոր օրերին, մինչև կդադարի սրտի աշխատանքը, և այդ ժամանակ միայն Աստված կրկին հետ կվերցնի Սերը...…


Հասկացավ մարդը, բայց արդեն ուշ էր, նա կորցրել էր Աստծու վստահությունը:

 

 

Արմեն Պետրոսյան