ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ 10 ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ (Շարունակություն)

6. ԲԱՆԱԿՈՒՄ ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ ԱՆՀԱՇՏ ՊԱՅՔԱՐԻ ԾԱՎԱԼՈՒՄ

Դեռ հունվարի 18-ին, ամփոփելով 2012 թ. աշխատանքային արդյունքները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց. «2013 թ. մենք անհաշտ պայքար ենք մղելու արատավոր երեւույթների դեմ, որոնք քաղաքացիական իրականությունից ներթափանցում են զինված ուժեր»:

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ «Մարտական հերթապահության բարոյահոգեբանական ապահովման խնդիրները և կատարելագործման ուղիները» թեմայով համաբանակային կոնֆերանս, որի ընթացքում անդրադարձ եղավ նաև մարտական հերթապահությունում ծագող կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելման և հանգուցալուծման առանձնահատկություններին:

Ապրիլի կեսին Երևանի պետական համալսարանի «Ռազմավարական հետազոտությունների ռեսուրս» կենտրոնի ներկայացուցիչներն այցելեցին ԼՂՀ պաշտպանության բանակ և սպա-հոգեբանների հետ սեմինար-պարապմունք անցկացրին' «Առաջին հոգեբանական օգնության հնարքները» թեմայով: Նրանց ընդունեց նաև ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումներում նույնպես արծարծվեց բանակում արատավոր երևույթների դեմ պայքարի խնդիրը: Սեյրան Օհանյանը, անդրադառնալով դրանց, նշեց. «Մենք գիտենք նաև մեր թերությունները և համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկում»։ Իսկ ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը իր ելույթում մանրակրկիտ կերպով անդրադարձավ բանակի կանոնադրական և իրավական հարաբերություններին, առկա թերություններին, դրանց կանխարգելմանը, բացառմանն ուղղված միջոցառումներին ու ծրագրերին։ Նա արձանագրեց նաև այդ ոլորտում առկա դրական տեղաշարժը:

Մայիսի 29-31-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով գիտաժողով, որի կազմակերպիչներն էին Երևանի պետական բժշկական համալսարանը, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհուրդը և Պետական կառավարման ակադեմիան: Գիտաժողովի նպատակն էր համախմբել ռազմական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների գիտական ներուժը եւ գործնականորեն կիրառել ոլորտի կայացման աշխատանքներում: Քննարկվող հարցերն էին' զինվորականների շրջանում կոնֆլիկտների առաջացման հոգեբանական գործոնները, դրանց վերացման ուղիները, զորակոչի հոգեբանական կողմը:

2013թ. մեծ ուշադրություն դարձվեց կրտսեր' վաշտ (մարտկոց) օղակի հրամանատարներին, որոնց հատուկ աջակցություն ցուցաբերվեց, այդ թվում' միջանձնային հարաբերությունների մթնոլորտի բարելավման հարցում:

Հունիսի 7-ին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հայտարարեց, որ մշակվում է դաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու մեծ ծրագիր: Խոսքը նախևառաջ հրամանատարների մանկավարժական կուլտուրան բարձրացնելու մասին է:

2013 թ. ավելացվեց զորամասերի ԶԾԱ ապահովման մշտական հանձնաժողովների ինչպես պատասխանատվությունը, այնպես էլ գործունեության արդյունավետությունը։ Դրան նպաստեցին, մասնավորապես, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով առաջին անգամ անցկացված' «Զինվորական ծառայության անվտանգ պայմանների ստեղծման և ապահովման լավագույն զորամաս» մրցույթ, մայիսի 30-ին կազմակերպված ԶԾԱ համաբանակային կոնֆերանսը, ինչպես նաև «Անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով արտագնա մեթոդական հավաքները։

Արտակարգ միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները քննարկվել են նաև հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Ստեփանակերտում հուլիսի 20-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում:

2013թ. հուլիսի 26-28-ը ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ, կազմակերպեց սուիցիդալ հոգեբանության խնդիրների և հոգևոր անվտանգության վերաբերյալ երկօրյա դասընթաց:

Օգոստոսի 16-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրը լինելով' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով բանակում կարգապահական խնդիրներին, ընդգծեց. «Բանակն ամրոց է պետության մեջ։ Մեր ամրոցում պետք է ապրել մեր ամրոցի օրենքներով։ Ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով, կգնա ապրելու ուրիշ օրենքներով՝ բերդի օրենքներով»։

 

շարունակությունն` այստեղ:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ