Աշխարհահռչակ օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը հայրենիքում է։ Նոյեմբերի 25-ին նա իր մասնակցությամբ պատվեց Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին նվիրված հուշ-երեկույթը։ Ներկաներն առիթ ունեցան մեկ անգամ ևս լսելու մոլորակի լավագույն ձայներից մեկի՝ Հասմիկ Պապյանի բարձրարվեստ երգեցողությունը։ Համերգից հետո Հասմիկ Պապյանը սիրով համաձայնեց պատասխանել «Հայ զինվորի» հարցերին։

-Տիկին Պապյան, շնորհակալություն, որ Հայրենիքում եք ու մեկ անգամ ևս հնարավորություն տվեցիք հայ ունկնդրին վայելելու Ձեր արվեստը։

-Շնորհակալ եմ ու հպարտ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին երգելու բարեբախտության համար։ Երեկույթը խորհրդանշական վերնագիր ունի՝ ԵՍ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ։ Լիահույս եմ, որ մեր ազգային արժանապատվությունը սեփական կյանքով փրկագնած, հայրենիք ազատագրած հերոսները մի օր վերադառնալու են… Վերադառնալու են իբրև պատիվ, չափանիշ, վեհացնելու են մեր իրականությունն ու բարձրացնելու են գետնամած ժամանակները։ Պատերազմի հերոսները դառնալու են նաև խաղաղության հերոսներ… ու հաղթելու են։

-Ի՞նչ տպավորություն ստացաք հայրենիքից այս անգամ։

-Վերջերս առիթ ունեցա շփվելու Սպիվակովի նվագախմբի արտիստների հետ։ Նրանք Հայաստանում էին 10 տարվա ընդմիջումից հետո։ Այնքան հաճելի էր լսել նրանց կարծիքը Երևանի մասին։ Ասում էին, որ մեր մայրաքաղաքը իսկական դրախտ է, եվրոպական նրբաճաշակ ու գեղեցիկ քաղաք՝ իր արևոտ գույներով, իր պայծառությամբ, իր ջերմությամբ։ Նրանք առանձնակի հիացմունքով էին խոսում մեր ժողովրդի մասին։ Ասում էին, որ երևանցու կերպարը Երևանին փայլ ու շուք տվող ամենագլխավոր բաղադրիչն է, քանի որ երևանցին հյուրընկալ է, բարի, զգայուն, սիրով լի…

Իմ նախորդ այցելության ժամանակ աղջիկս՝ Սիրանույշը, խնդրեց իրեն տանել Խոր Վիրապ։ Օրն արդեն մթնում էր, բայց ես չցանկացա մերժել նրան։ Խոր Վիրապում հանդիպեցինք երկու երիտասարդ աղջկա։ Շատ զարմացանք՝ տեսնելով երկու ֆրանսուհիներին մթնող, ամայի վայրում։ Նրանք կրկնեցին ռուս արտիստների խոսքերը։ Ասացին, որ Հայաստանում իրենք գտան իսկական դրախտը։ Որ Հայաստանում իրենք շատ ավելի պաշտպանված են զգում իրենց, քան սեփական երկրում։ Որ իրենք առանց որևէ մտավախության քնելու են բաց երկնքի տակ, քնապարկերի մեջ։ Նրանց ապշեցրել էր հայ մարդու ջերմությունը։ Պատմում էին, որ իրենք մի քանի շաբաթ է մեր երկրում են, բայց փող չեն ծախսել, որովհետև գյուղացիները հյուրասիրում են իրենց, հրավիրում են տուն. «Չգիտենք՝ ինչպես ենք լքելու այս դրախտը, ինչպես ենք վերադառնալու, այնքան դժվար է բաժանվել այս ամենից»… Ահա և Ձեր հարցի պատասխանը…

շարունակությունն` այստեղ

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ