ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Արցախյան պատերազմի տարիներին հայկական կամավորական ջոկատների, այնուհետև կազմավորման ընթացքի մեջ գտնվող զորամասերի համար բավարար քանակով զրահատեխնիկա, տանկ ունենալը անիրականանալի երազանք էր թվում, որի իրականացման միակ աղբյուրը թշնամու բանակն էր։ Տղաները դրանք խելամտորեն կա՛մ առգրավում էին, կա՛մ էլ խփում, հետո նորոգում ու օգտագործում։

Իսկ այժմ, պատերազմից մոտ 20 տարի անց, զրահատանկային զորքերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ամենահզոր զորատեսակն են՝ պատրաստ խորտակելու ցանկացած ագրեսիա, ճեղքելու ցանկացած պաշտպանություն։

 

 

Զորամասերից մեկը, որը կրում է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը, 2012թ. ճանաչվել է պաշտպանության բանակի լավագույն զորամաս ու միաժամանակ՝ լավագույն տանկային զորամաս։ Վերջին յոթ տարիներին այն գործում է Արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի՝ գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ։ Նա զորամասի մարտունակության երաշխավորն է և հսկայական նպաստ ունի պարբերաբար նորացվող անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության բարձրացման գործում։ Լինելով փորձառու և ուժեղ անհատականություն՝ կարող է մարդկանց համախմբել, առաջնորդել։

 

 

Գնդապետ Ժիրայր Պողոսյանը ծնվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1991թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և համալրել գյուղի ինքնապաշտպանական ջոկատի շարքերը։ Հետագայում, երբ ջոկատների միավորումով ստեղծվում է գումարտակ, ձեռք են բերվում առաջին երկու տանկերը, Ժիրայրը տեսնելով դրանց հզորությունը, որոշում է դառնալ տանկիստ ու կռիվը շարունակում է գումարտակի ձևավորվող տանկային վաշտում։ Այդ ընթացքում նա մասնակցում է հարազատ գյուղի, այնուհետև շրջանի, Հադրութի պաշտպանական գործողություններին, որից հետո նաև Ֆիզուլիի, Աղդամի (Ակն), Հորադիզի կրակակետերի ոչնչացման ու ազատագրման համար մղված մարտերին։ 1993թ. նրան նշանակում են դասակի հրամանատար և շնորհում լեյտենանտի կոչում։ Հրադադարից հետո, երբ կազմավորվում էր տանկային զորամասը, Ժիրայր Պողոսյանը նշանակվում է վաշտի հրամանատար, իսկ մեկ տարի անց՝ գումարտակի հրամանատար։ Հետագայում սովորում է ՌԴ համազորային ակադեմիայում, որն ավարտում է գերազանցության դիպլոմով։ Վերադառնալով հայրենիք՝ հարազատ զորամասում նշանակվում է շտաբի պետ, իսկ ավելի ուշ՝ հրամանատար։

 

 

Գնդապետ Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով և այլ գերատեսչական պարգևներով։ Ամուսնացած է, ունի երեք որդի, ինչպես ինքն է ասում՝ տանկային մեկ անձնակազմ։

Եղբայրը՝ վաշտի հրամանատար Հրայր Պողոսյանը, որ զոհվել է Արցախյան ազատամարտում, նույնպես «Մարտական խաչի» ասպետ է։

 

Գնդապետ Պողոսյանի հետ զրուցելիս նկատեցի, որ հաճախ է օգտագործում «իմ զինվորները», «իմ սպաները», «իմ զորամասը» արտահայտությունները, ինչը շատ բնորոշ է համարձակ, ինքնավստահ ու սրտացավ մարդուն, հրամանատարին։

 

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ