1965թ.-ի նոյեմբերի 22-ին, Երևանում իր խղճուկ և աղքատիկ խրճիթում, հալածված ու հետապնդված իշխանություններից ու մոռացված իր ազգից, աշխարհից ու բախտից խռով, վիրավոր ու դառնացած ոգով, վախճանվեց Լեռ Կամսարը' «երգիծաբանության շողշողուն եռաստեղության վերջին մոհիկանը, Պարոնյանի և Օտյանի արժանավոր և հոգնած հաջորդը…»։
Ի ցավ մեզ և ի դժբախտություն իրեն նա ապրեց և ստեղծագործեց պատմական այնպիսի ամոթալի ժամանակահատվածում և հասարակարգում, որը ականջ չուներ ճշմարտությունը լսելու։ Եվ ոչ միայն չէր լսում, այլ ճշմարտության համար պատժում էր, աքսորում, գնդակահարում։ Հենց այս ժամանակահատվածում էլ երգիծաբանը որոշեց ավելի՛ տեր կանգնել ոտնահարված և անտեսված Արդարությանը և իր բաժին ճշմարտության համար նա խոշտանգվեց թե մարմանապես և թե հոգեպես, չնայած որ պայքարի համար նա ընտրել էր ամենաանմեղ և անվնաս զենքը՝ ծիծաղը։ Նա դատապարտվեց մինչ ի մահ գաղտնի և լռելայն ստեղծագործելու պատժին։
Նրա կյանքը խորհրդանշեց իր ապրած ամբողջ ժամանակը, իսկ նրա ստեղծագործությունը կերպարավորեց այդ խորհրդանիշը։
Նա ապրում էր աննկատ և անաղմուկ։Նրա գրվածքները կարդալիս մարդիկ ծիծաղում էին սրտանց, իսկ նա չէր էլ ժպտում։
Ապրեց անաղմուկ և անաղմուկ էլ հեռացավ մեզանից՝ թողնելով մեզ իր ճշմարտությունը, որը պիտի անպայման ուղեկցի մեզ. այլապես, առանց նրա ուղերձ-խորհուրդների այնքան հեշտ կլինի սայթաքելը, այնքան դյուրին՝ գայթելն ու դառը վերադարձը։

Վանուհի Թովմասյան