Շաբաթ 18. – Երբ մտնում ես մի արտաքնոց, որն ունի շատ խորը ու լայն հոր՝ կեղտոտում ես անհագաբար, խիղճդ հանգիստ, չկարծելով, որ դրանով մի վիշտ ես պատճառում որևէ մեկին։
Բայց ավա՜ղ, ո՞ւր է Երևանում այդպիսի արտաքնոց։
Պետական շենքերը մտնես՝ աղբը դուրս է եկել հորից ու դեպի խոհանոցն է հոսում դանդաղ, մասնավոր տներն էլ խոմ արյուն կուլան։ Ոչ քաղաքապետարանն է աղբահան մեքենա տրամադրում, ոչ էլ իրենք դատարկելու տեղ ունեն։ Այնպես որ, ամեն անգամ երբ ինձ վիճակվի բարեկամներիս մեկի արտաքնոցը մտնել, նստելիս հազար անգամ ներողություն եմ խնդրում, հազար անգամ երախտապարտ եմ զգում ինձ և պատրաստ մի օր այդ երախտիքը հատուցելու իրեն։
Այսպիսով, տեսնում եք, որ այլևս կեղտոտելու մեջ էլ համ չի մնացել։ Եվ այս հանգամանքն, ի՜նչ խոսք, ազդում է աղբի արտադրության պլանների կատարման վրա։
------
Սովետական կառավարությունն ինձ երեք տարով կալանավորեց ու տաժանակրության ուղարկեց նրա համար, որ զիջողաբար չվերաբերվեցի իր պակասությունների հետ և ինչքան ուներ բոլորը անխնա ձաղկեցի՝ այսինքն բարեկամական վերաբերմունք ցույց չտվի իր հանդեպ։
Բայց, ասացեք խնդրեմ, կեղտը դուրս թափելիս հնարավո՞ր է խնայող լինել։ Վիրաբույժը կարո՞ղ է վերքի թարախի կեսը թափել՝ կեսը թողնել մեջը կարել կամ կույր աղիքի կեսը կտրել հանել, կեսը թողնել։
1936 թվին երբ մեզ աքսորելու ժամանակ վանդակապատ վագոնի խցիկները սեղմեցին, իմ ամենամոտիկ բարեկամս ու ընկերս՝ Ալոյան Գնունին իմ գլխի վրայի խցիկում էր սեղմված։ Իր խանգարված ստամոքսով, ռուս պահակից դուրս գնալու իրավունք խնդրեց, երբ չստացավ, ուղղակի գլխիս կեղտոտեց վերից։ Կարո՞ղ էի խնդրել, որ կեղտոտելիս մեր մտերմությունը հաշվի առնի...
Լեռ Կամսար, «Կարմիր օրեր», 1951 թ. օգոստոս (անտիպ)